Ձեռքերից մեկնումեկում կամ երկուսում առաջացող ցավը կարող է հանդես գալ միայնակ կամ ուղեկցվել այլ գանգատներով և ախտանիշներով, օրինակ՝ թմրածությամբ:
Ձեռքի ցավի ամենատարածված պատճառները թերևս վնասվածքներն են և վերին վերջույթն ընդգրկող հոդամկանային հիվանդություններն ու վիճակները:
Բազմաթիվ դեպքերում ձեռքի ցավը կարող է իրականում սկսվել ոչ թե այդ վերջույթում, այլ՝ պարանոցում կամ թիկունքում առկա խնդիրների պատճառով, որից հետո ճառագայթվել՝ ձեռքի երկայնքով տարածվել մինչև դաստակ ու մատներ:
Պետք է նաև նկատի ունենալ, որ ձեռքի ցավը, մասնավորապես, դեպի ձեր ձախ վերին վերջույթ ճառագայթվող և թուլությամբ ու հոգնածության զգացումով ուղեկցվող հանկարծակի ցավը կարող է լինել շատ ավելի լուրջ հիվանդության նշաններից մեկը, ինչպիսին է սրտամկանի ինֆարկտը:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ունեք՝
- հանկարծակի սկսված և անսովոր սաստիկ ցավեր ձեռքերի, ուսագոտու կամ թիկունքի շրջանում կամ ձեռքի ցավեր, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի կամ կրծոսկրի շրջանում սեղմող-ճնշող կամ ծանրության զգացումներով, որը կարող է ահազանգել սրտամկանի ինֆարկտի մասին
- ձեռքի կամ դաստակի տեսանելի ձևափոխում կամ դուրս ցցված ոսկոր, հատկապես, եթե ունեք արյունահոսություն կամ այլ վնասվածքներ:
Առանց ուշացնելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ունեք՝
- ձեռքի, ուսագոտու կամ թիկունքի ցավեր, որոնք առաջանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ և մեղմանում հանգիստ վիճակում, որը կարող է լինել սրտամկանի անբավարար արյունամատակարարման նշան
- ձեռքի սուր վնասվածք, հատկապես, եթե լսում եք կոտրվածքի ձայն (խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ տրավմատիկ շոկ)
- ձեռքի շրջանի ուժեղ ցավեր և այտուցվածություն
- ձեռքի ախտաբանական շարժունություն կամ նորմալ շարժունակության կորուստ:
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք՝
- ձեռքի ցավեր, որոնք տնային միջոցներով չեն բարելավվում
- վնասված շրջանի կարմրություն, այտուցվածություն կամ ցավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024