Աչքն ունի կոր մակերևույթներով երկու կառուցվածք, որոնք լույսը թեքում (բեկում են) ցանցաթաղանթի վրա, որն էլ ստեղծում է պատկերները:
- Եղջերաթաղանթ (կորնեա)․ աչքի առջևի թափանցիկ մակերեսը արցունքի թաղանթի հետ միասին:
- Ոսպնյակ (լինզա)․ աչքի ներսում թափանցիկ կառուցվածք, որը փոխում է ձևը՝ օգնելով աչքին, որ կենտրոնանա մոտ գտնվող առարկաների վրա:
Կատարյալ ձևավորված աչքի դեպքում այս տարրերից յուրաքանչյուրն ունի կլորավուն կորություն, ինչպես հարթ գնդակի մակերեսը: Նման կորություն ունեցող եղջերաթաղանթը կամ ոսպնյակը հավասարապես թեքում է (բեկում է) ներթափանցող ամբողջ լույսը, որ ճիշտ կենտրոնացված պատկեր ստացվի անմիջապես աչքի ետևում գտնվող ցանցաթաղանթի վրա:
Բեկման (ռեֆրակցիոն) սխալ
Եթե եղջերաթաղանթը կամ ոսպնյակը ձվաձև են՝ երկու անհամապատասխան կորերով, լույսի ճառագայթները նույնաձև չեն բեկվում, ինչը նշանակում է, որ ձևավորվում են երկու տարբեր պատկերներ: Այս երկու պատկերները ընկնում են մեկը մյուսի վրա կամ միավորվում են՝ հանգեցնելով մշուշոտ՝ ոչ հստակ տեսողության: Աստիգմատիզմը ցանցաթաղանթի վրա լույսի ոչ ճիշտ և հավասարաչափ բեկման՝ ռեֆրակցիոն սխալի տեսակ է։
Աստիգմատիզմն առաջանում, երբ եղջերաթաղանթը կամ ոսպնյակը մի ուղղությամբ ավելի կտրուկ թեքված են, քան մյուս ուղղությամբ: Դուք ունեք եղջերաթաղանթային աստիգմատիզմ, եթե ձեր եղջերաթաղանթն ունի անհամապատասխան կորություններ և դուք ունեք ոսպնյակային աստիգմատիզմ, եթե ձեր ոսպնյակն ունի անհամապատասխան կորություններ:
Աստիգմատիզմի ցանկացած տեսակ կարող է առաջացնել մշուշոտ տեսողություն: Մշուշոտ տեսողությունը կարող է առաջանալ ավելի շատ մեկ ուղղությամբ՝ հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով: Սա կոչվում է կանոնավոր կամ սովորական աստիգմատիզմ: Ավելի հազվադեպ եղջերաթաղանթի կորությունների շեղումները որևէ օրինաչափության չեն ենթարկվում։ Սա կոչվում է անկանոն աստիգմատիզմ:
Աստիգմատիզմը կարող է դրսևորվել ի ծնե կամ զարգանալ աչքի վնասվածքից, հիվանդությունից կամ վիրահատությունից հետո: Աստիգմատիզմը չի առաջանում կամ վատթարանում վատ լույսի ներքո կարդալով, հեռուստացույցին շատ մոտ նստելով կամ աչքերը կկոցելով:
Այլ ռեֆրակցիոն սխալներ
Աստիգմատիզմը կարող է առաջանալ այլ ռեֆրակցիոն սխալների հետ միասին, որոնք ներառում են հետևյալը:
- Կարճատեսություն (միոպիա). սա առաջանում է, երբ եղջերաթաղանթը չափազանց շատ է կորացած կամ աչքը սովորականից երկար է: Ցանցաթաղանթի վրա հստակ կենտրոնանալու փոխարեն լույսը կենտրոնանում է ցանցաթաղանթի առջևում՝ հեռավոր առարկաները դարձնելով մշուշոտ:
- Հեռատեսություն (հիպերոպիա). սա առաջանում է, երբ եղջերաթաղանթը շատ քիչ է կորացած կամ աչքը սովորականից կարճ է: Արդյունքը կարճատեսության հակառակն է։ Երբ աչքը հանգիստ վիճակում է, լույսը երբեք չի կենտրոնանում ցանցաթաղանթի վրա ճիշտ տեղում՝ մոտակա առարկաները դարձնելով մշուշոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024