Աստիգմատիզմի բուժման նպատակն է բարելավել տեսողության հստակությունը և աչքերի հարմարավետությունը:
Բուժումներն են շտկող ոսպնյակները կամ ռեֆրակցիոն վիրահատությունը:
Շտկող ոսպնյակներ
Շտկող (ուղղող) ոսպնյակներ կրելը բուժում է աստիգմատիզմը՝ հակազդելով ձեր եղջերաթաղանթի կամ ոսպնյակի անհավասար կորությանը:
Շտկող ոսպնյակների տեսակները ներառում են հետևյալը:
- Ակնոց. ակնոցը պատրաստված է ոսպնյակներից, որոնք օգնում են աչքի անհավասար ձևի փոխլրացմանը: Ոսպնյակների օգնությամբ լույսը ճիշտ է բեկվում աչքի մեջ: Ակնոցները կարող են նաև ուղղել բեկման այլ սխալները, ինչպիսիք են կարճատեսությունը կամ հեռատեսությունը:
- Կոնտակտային լինզաներ. ակնոցների նման, կոնտակտային լինզաները կարող են ուղղել աստիգմատիզմի մեծ մասը: Դրանք հասանելի են տարբեր տեսակներով և ոճերով: Կոնտակտային լինզաները նաև օգտագործվում են օրթոկերատոլոգիա կոչվող միջոցառման ընթացքում: Այս դեպքում դուք գիշերը քնած ժամանակ կրում եք կոշտ կոնտակտային լինզաներ՝ մինչև ձեր աչքի կորությունն ուղղվի: Այնուհետև սկսում եք կրել այդ լինզաները կրել ավելի հազվադեպ՝ նոր ձևը պահպանելու համար։ Եթե բուժումը դադարեցվի, աչքը վերադառնում է իր նախկին ձևին և ռեֆրակցիոն սխալին: Կոնտակտային լինզաների երկարատև օգտագործումը մեծացնում է աչքի վարակի վտանգը: Հարցրեք ձեր ակնաբույժին կոնտակտային լինզաների առավելությունների և թերությունների, ինչպես նաև այն մասին, թե որն է լավագույնը ձեզ համար:
Ռեֆրակցիոն վիրահատություն
Ռեֆրակցիոն վիրաբուժությունը բարելավում է տեսողությունը և նվազեցնում ակնոցների կամ կոնտակտային լինզաների կարիքը: Աչքի վիրաբույժն օգտագործում է լազերային ճառագայթ՝ եղջերաթաղանթի կորերը վերափոխելու համար, ինչը շտկում է ռեֆրակցիոն սխալը։ Վիրահատությունից առաջ բժիշկները կգնահատեն ձեզ և կորոշեն, թե արդյոք դուք ռեֆրակցիոն վիրահատության թեկնածու եք:
Աստիգմատիզմի համար ռեֆրակցիոն վիրաբուժության տեսակները ներառում են հետևյալը՝
- լազեր-օժանդակող in-situ կերատոմիլեուս (LASIK)
- լազեր-օժանդակող սուբէպիթելիալ կերատէկտոմիա (LASЕK)
- ֆոտոռեֆրակցիոն կերատէկտոմիա (PRK)
- Epi-LASIK, որը LASЕK-ի տարբերակներից է
- փոքր-կտրվածքային լենտիկուլի էսքստրակցիա (SMILE):
Ռեֆրակցիոն վիրահատությունների այլ տեսակներից են մաքուր ոսպնյակների էքստրակցիան և իմպլանտացվող կոնտակտային ոսպնյակները: Ռեֆրակցիոն վիրահատության լավագույն մեթոդ չկա, և դուք պետք է որոշում կայացնեք միայն ձեր վիրաբույժի հետ ամբողջական գնահատումից և մանրակրկիտ քննարկումից հետո:
Ռեֆրակցիոն վիրահատությունից հետո առաջացող հնարավոր բարդությունների օրինակներից են՝
- ձեր սկզբնական խնդրի թերուղղումը կամ գերուղղումը
- տեսողական կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են լուսապսակը կամ լույսերի շուրջ աստղաձև աղավաղումները
- չոր աչք
- վարակ
- եղջերաթաղանթի սպիացում
- հազվադեպ՝ տեսողության կորուստ:
Քննարկեք այս միջամտությունների հնարավոր ռիսկերն ու օգուտները ձեր ակնաբույժի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024