Առողջական խնդիրներ

Աստիգմատիզմ (տարաբեկություն)

Աստիգմատիզմ (տարաբեկություն)

Time Read 2 րոպե

Աստիգմատիզմը տեսողության խնդիր է, որը պատճառվում է աչքի եղջերաթաղանթի կամ ոսպնյակի կորության խախտման պատճառով։

Աստիգմատիզմը (տարաբեկություն) աչքերի օպտիկական արատ է, որը բերում է ոչ պարզ տեսողության։ Այս վիճակը կարող է առկա լինել ի ծնե, զարգանալ կյանքի ընթացքում կամ առաջանալ աչքի հիվանդության կամ վնասվածքից հետո։ Տեսողության ստուգմամբ աստիգմատիզմը հեշտությամբ հայտնաբերվում է և կարող է բուժվել ակնոց կամ կոնտակտային լինզա կրելով կամ աչքի լազերային վիրահատությամբ։

Ի՞նչ է աստիգմատիզմը

Աչքի արտաքին մակերեսի՝ եղջերաթաղանթի և դրանց մեջ գտնվող ոսպնակների ձևը ապահովում են լույսի բեկունությունը, ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկերը ստանալը (կիզակետ, ֆոկուս) և հստակ տեսողությունը։

Աստիգմատիզմն առաջանում է, երբ այս երկուսից մեկնումեկի (ավելի հաճախ՝ եղջերաթաղանթի) անատոմիական համաչափ կորությունը խախտվում է, որի արդյունքում տեսողությունը դառնում է տարբեր աստիճանի մշուշոտ։

Աստիգմատիզմի պատճառները

Աստիգմատիզմը կարող է լինել բնածին կամ ի հայտ գալ աճի ու տարիքի ընթացքում։ Այն կարող է լինել (կամ չլինել) ժառանգական բնույթի։ Աստիգմատիզմը կարող է զարգանալ նաև աչքի հիվանդության կամ վնասվածքի պատճառով։

Աստիգմատիզմի տեսակները

Տարբերում են աստիգմատիզմի երկու հիմնական տեսակներ՝

  • կանոնավոր, երբ եղջերաթաղանթն ավելի շատ կորացած է մեկ ուղղությամբ (օրինակ՝ ուղղահայաց) քան մյուս ուղղությամբ (օրինակ՝ հորիզոնական)
  • ոչ կանոնավոր, երբ աչքի մակերևույթի վրա եղջերաթաղանթի կորությունների շեղումները որևէ օրինաչափության չեն ենթարկվում։

Աստիգմատիզմի ախտանիշները

Աստիգմատիզմի ժամանակ աչքերի բեկունությունը (ֆոկուս) խանգարված է բոլոր տարածությունների վրա։ Ուստի, աստիգմատիզմով մարդիկ կարող են նշել նաև՝

  • հեռատեսություն (հիպերօպիա)
  • կարճատեսություն (միօպիա)։

Ընդ որում, մեկը աչքն առանձին վերցրած կարող է զուգակցել բեկունության տարբեր ձևերը՝ հեռատեսություն, կարճատեսություն կամ բնականոն։

Աստիգմատիզմի ախտորոշումը

Ձեր օկուլիստը (տեսողությունը ստուգող բուժքույր) կամ օֆթալմոլոգը (ակնաբույժ) կարող են աստիգմատիզմն ախտորոշել հետևյալ հետազոտություններով՝

  • տեսողության ստուգում
  • եղջերաթաղանթների կորության չափում
  • լույսը բեկելու ձեր աչքերի ունակության ստուգում։

Աստիգմատիզմը երեխաների մոտ

Աստիգմատիզմը կարող է լինել ի ծնե, ուստի, եթե դուք մտահոգված եք ձեր երեխայի տեսողությամբ, կարևոր է, որ նրա աչքերը ստուգվեն և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։

Աստիգմատիզմի բուժումը

Մարդկանց մեծ մասի մոտ աստիգմատիզմը մեղմ հիվանդություն է, որը տեսողությունը շտկող ակնոցից կամ կոնտակտային լինզաներից բացի այլ բուժում չի պահանջում։ Ավելի ծանր աստիգմատիզմը կարող է լրացուցիչ բուժում պահանջել։

Աստիգմատիզմի բուժումը կարող է ներառել՝

  • շտկող (կոռեկցիոն) ակնոց
  • կոնտակտային լինզաներ (անմիջապես եղջերաթաղանթին հպվող տեսապակիներ)
  • օրթոկերատոլոգիա, որը օգտագործում է պինդ (ռիգիդ) կոնտակտային լինզաներ, որ վերականգնվի եղջերաթաղանթի նորմալ կորությունը
  • աչքի լազերային վիրահատություն, որը վերականգնում է եղջերաթաղանթի նորմալ համաչափ կորությունը։

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2018 վերանայվել է՝ 02-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: