Skip to main content

Բուժում - Աչքի տակի պարկեր

Աչքերի տակի պարկերը սովորաբար կոսմետիկ խնդիր են և բուժում չեն պահանջում:

Տնային միջոցները և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել այտուցի նվազեցմանը: Սակայն, եթե ձեզ անհանգստացնում է աչքերի տակի այտուցի տեսքը, հասանելի են դեղորայքային, ոչ դեղորայքային և վիրահատական բուժումները: Բուժումը չի կարող ապահովագրվել բժշկական ապահովագրությամբ, եթե դա արվում է բացառապես ձեր արտաքին տեսքը բարելավելու համար:

Դեղորայքային բուժում

Եթե կարծում եք, որ ձեր աչքերի տակի այտուցն առաջացել է ալերգիայի պատճառով, հարցրեք ձեր բժշկին ալերգիայի դեմ դեղերի օգտակարության մասին:

Թերապիաներ

Աչքերի տակ փքվածության տեսքը բարելավելու համար օգտագործվում են կնճիռների բուժման տարբեր միջոցներ: Դրանցից են՝ լազերային հարթեցում, քիմիական պիլինգ և լցոնիչներ, որոնք կարող են բարելավել մաշկի երանգը, ձգել մաշկը և երիտասարդացնել աչքերի տակ գտնվող հատվածը: Դարչնագույն կամ սև մաշկ ունեցող մարդկանց համար լազերային թերապիան կարող է հանգեցնել մաշկի գույնի մշտական փոփոխությունների (հիպերպիգմենտացիա կամ հիպոպիգմենտացիա): Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե որ լազերային մեթոդն է նվազեցնում է այս ռիսկը:

Կոպերի վիրահատություն

Կախված նրանից, թե ինչն է առաջացնում աչքերի տակի պարկեր, կոպերի վիրահատությունը (բլեֆարոպլաստիկա) կարող է լինել բուժման տարբերակ: Ձեր վիրաբույժը կհարմարեցնի բլեֆարոպլաստիկան ձեր յուրահատուկ անատոմիայի և կարիքների համար, սակայն, ընդհանուր առմամբ, միջամտությունը ներառում է ավելորդ ճարպի հեռացում վերին կոպի բնական ծալքի կամ ստորին կոպի ներսի կտրվածքի միջոցով: Միջամտությունը սովորաբար կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ տեղային անզգայացմամբ:

Բացի աչքերի տակ պարկերը շտկելուց, բլեֆարոպլաստիկան կարող է նաև վերականգնել՝

  • փքված կամ պարկի տեսք ստացած վերին կոպերը
  • վերին կոպի ավելցուկային մաշկը, որը խանգարում է ձեր տեսողությանը
  • կախված ստորին կոպերը, որոնց պատճառով ծիածանաթաղանթի՝ աչքի գունավոր շրջանակի տակ կարող է երևալ աչքի սպիտակենին
  • ստորին կոպերի ավելցուկային մաշկը:

Խոսեք ձեր բժշկի հետ կոպերի վիրահատության կողմնակի ազդեցությունների մասին՝ չոր աչքեր, ջրոտ (արցուքակալված) աչքեր, ցավ, այտուց, կապտուկ և մշուշոտ տեսողություն: Հազվադեպ բարդություններից են՝ տեսողության կորուստ, արյունահոսություն, վարակ, աչքի մկանների վնասվածք, եղջերաթաղանթի քայքայում և կոպի կախվածություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024