Գրադարան
Բարթոլինյան կիստա

2 րոպե
Բարթոլինյան կիստան առաջանում է, երբ հեշտոցի նախադռան մեծ՝ Բարթոլինյան գեղձերի ծորանները խցանվում են:
Նման դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում կատարել բշտի վիրահատական հեռացում:
Ի՞նչ են բարթոլինյան գեղձերը
Բարթոլինյան գեղձերը գտնվում են կանանց հեշտոցի նախադռան երկու կողմերում և արտադրում են լորձային հեղուկ, որն օծում է հեշտոցի պատերը և ապահովում մշտական խոնավ միջավայրը:
Բարթոլինյան գեղձի գործունեությունը կախված է հորմոնային հավասարակշռությունից: Եթե նախադաշտանային շրջանում լորձաթաղանթներն ակտիվ օծվում են, իսկ ցիկլից դուրս ընկած ժամանակահատվածում` ավելի քիչ են խոնավանում, ապա դաշտանադադարի (կլիմաքս) ժամանակ կամ հորմոն արտադրող ձվարանների հեռացման վիրահատություններից հետո հյութազատությունը գրեթե դադարում է, որի հետևանքով հեշտոցը դառնում է չոր՝ պատվելով մանր ճաքերով և ուղեկցվելով քորով:
Ի՞նչն է բարթոլինյան կիստայի պատճառը
Երբեմն այս գեղձերը խցանվում են, և արտադրված հեղուկը մնում և սկսում է կուտակվել՝ առաջացնելով բուշտ: Երբ այս հեղուկը վարակվում է, կարող է առաջանալ թարախ, իսկ բուշտը վերածվել թարախաբշտի (աբսցես):
Սովորաբար կիստա կամ թարախաբուշտ առաջանում է հեշտոցի նախադռան մեկ կողմում: Այս կիստաները կարող են կրկնվել:
Բարթոլինյան կիստայի ախտանիշները
Դուք կարող եք ունենալ բարթոլինյան կիստա և չնշել որևէ պատճառ, սակայն կիստան կարող է այնքան մեծանալ, որ դուք ինքներդ ձեր հեշտոցի նախադռան շրջանում զգաք ուռածություն:
Եթե կիստան վարակվում է, ի հայտ են գալիս՝
- հեշտոցի նախադռան շրջանում լարված կամ ցավոտ ուռածություն
- ցավ սեռական հարաբերության ընթացքում
- նստելիս կամ քայլելիս անհարմարավետություն (դիսկոմֆորտ)
- ջերմություն:
Բարթոլինյան կիստայի ախտորոշումը և բուժումը
Եթե կիստան ցավ կամ անհարմարավետություն չի պատճառում, գուցե որևէ բուժման կարիք չզգաք: Երբեմն տնային պայմաններում ախտահարված շրջանը տաք վաննա դնելը կարող է օգնել, որ կիստան ինքնուրույն բացվի և դատարկվի:
Այցելեք ձեր բժշկին, եթե այսպիսի բուժմամբ երեք օրվա ընթացքում կիստան չի փոքրանում: Եթե ցավերն ուժեղ են, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին: Բժիշկը կարող է ցանկանալ բացառել քաղցկեղը, հատկապես, եթե դուք 40-ն անց եք:
Բուժման ընտրությունը կախված է՝
- կիստայի մեծությունից
- կիստայի ցավոտությունից
- կիստայի վարակված լինելուց
- կիստայի քաղցկեղածին լինելուց:
Ձեր բժիշկը կարող է իրականացնել գինեկոլոգիական զննում (ներզննում) և նշանակել հեշտոցային արտադրուկի լաբորատոր թեստ: Կարող է նաև առաջանալ կիստայի դրենավորման և հակաբիոտիկներ ստանալու կարիք: Հազվադեպ, բժիշկը կարող է առաջարկել վիրահատական բուժում:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-05-2020 վերանայվել է՝ 08-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: