Հղիության ընթացքում բազմաթիվ կանայք նշում են տհաճ վիճակներ, ինչպիսիք են՝ փորկապություն, ավելի հաճախ միզելու պահանջ, անմիզապահություն և թութք (հեմորոյ):
Առողջ սննդակարգը և կանոնավոր վարժանքները կամ պարզապես ակտիվ ապրելակերպը կարող են օգնել մեղմացնելու հղիության պատճառով ի հայտ եկած անհարմարավետությունները:
Փորկապություն
Փորկապություն կարող է առաջանալ ձեր հղիության դեռևս ամենավաղ շրջանում, որի պատճառը ձեր օրգանիզմում ընթացքող հորմոնային տեղաշարժերն են: Փորկապությունը կարող է նշանակել, որ ձեր աղիները չեն դատարկվում այնքան հաճախ, որքան նորմայում էր, և դուք ստիպված եք կղելու համար սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել ու լարվել կամ չեք կարողանում լիարժեքորեն դատարկել ձեր հաստ աղիքները: Փորկապությունը նաև ինքը կարող է պատճառել ձեր կղանքային արտաթորանքի անսովոր պնդացում, քարացում, շատացում կամ քչացում:
Իմացե՛ք ավելին փորկապության մասին:
Ինչպե՞ս մեղմացնել փորկապությունը
Կան որոշ միջոցներ, որոնք կարող են օգնել փորկապության կանխարգելմանը:
- Դարձրեք ձեր սնունդը բջջանքով (բջջանյութով) հարուստ՝ ձեր սննդակարգում ավելացնելով ամբողջահատիկ ցորենից ստացված հացամթերքներ, օրինակ՝ շիլաներ, ինչպես նաև մրգեր և բանջարեղեններ և լոբազգիներ, օրինակ՝ լոբի և ոսպ:
- Հաճախակի շարժվեք, որ պահպանեք ձեր մկանների տոնուսը:
- Խմեք շատ ջուր՝ այնքան, որ ծարավի զգացում չունենաք:
- Երկաթի հավելումներ խմեք միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը կա և ձեր բժիշկը նշանակել է, այլապես դրանք կարող են առաջացնել փորկապություն:
Թութք (հեմորոյ)
Թութքը կամ հեմորոjն ուղիղ աղիքի ստորին հատվածում՝ հետանցքի ներսում կամ շուրջբոլորը հանգույցների առաջացումն է, որոնք կազմված են այտուցված և լայնացած երակներից: Ցանկացած մարդու մոտ կարող է թութք առաջանալ, և դրա պատճառը միայն հղիությունը չէ: Պարզապես, երբ դուք հղի եք, թութք կարող է առաջանալ փորկապության և (կամ) մեծացող պտղի և արգանդի կողմից ուղիղ աղիքի վրա մշտական ճնշման պատճառով:
Թութքը կարող է ուղեկցվել հետանցքի շրջանի քորով, ծակծկոցներով, ցավոտությամբ և նույնիսկ արյունահոսությամբ: Երբեմն դուք կարող եք ձեր հետանցքի շուրջը (կամ դրանից կախված) զգալ կամ շոշափել հանգույցներ: Թութքի առկայությունը կարող է զուգարանից օգտվելը դարձնել անհարմար կամ ցավոտ: Դուք կարող եք նշել աղիները դատարկվելուն ուղեկցող ցավեր, իսկ վերջում՝ լորձային արտադրություն: Երբեմն կարող է առաջանալ նաև զուգարանից օգտվելուց հետո աղիքների ոչ լիարժեք դատարկման զգացում և կրկին զուգարան մտնելու պահանջ: Հեմորոիդային հանգույցները սովորաբար անհետանում են ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց:
Իմացե՛ք ավելին թութքի մասին:
Ինչպե՞ս մեղմացնել թութքը
Փորկապությունը կարող է առաջացնել թութք, ուստի նման դեպքում փորձեք ձեր հաստ աղիքների պարունակությունը պահել փափուկ, իսկ աղիների գործունեությունը դարձնել կանոնավոր: Դուք կարող եք մեղմացնել թութքը կամ կանխարգելել վերջինիս (կամ նոր հանգույցների) առաջացումը՝ բարելավելով ձեր սննդակարգը և ապրելակերպը:
- Սննդակարգում զգալիորեն մեծացրեք բջջանքով հարուստ սննդամթերքների չափաբաժինը: Lիարժեք հացամթերքներ և ձավարեղեն, մրգեր և բանջարեղեններ, առատ ջուր՝ այս բոլորը կարող են կանխարգելել փորկապությունը, որի առկայությունը նպաստում է թութքի ընթացքի վատթարացմանը:
- Խուսափեք երկար ժամանակ կանգնած մնալուց և պարբերաբար շարժվեք, որ բարելավեք ձեր արյան շրջանառությունը:
- Սառցաջրով թրջած մաքուր կտորե անձեռոցիկը զգուշորեն թութքին հպելով և որոշ ժամանակ պահելով կարելի է մեղմացնել ցավերը (տաքանալուց հետո փոխեք և դրեք նոր սառը անձեռոցիկ):
- Եթե հանգույցը հետանցքից արտանկում է (դուրս է ցցվում), զգուշությամբ հետ մցրեք այն՝ օգտագործելով լուբրիկանտային գել:
- Խուսափեք զուգարանից օգտվելիս խիստ լարել որովայնը:
- Աղիքները դատարկելուց հետո զուգարանի թղթի փոխարեն ձեր հետանցքը մաքրեք խոնավ անձեռոցիկով կամ լվացեք հոսող ջրով:
- Հետանցքի շրջանը չորացրեք փափուկ սրբիչը հպելով, այլ ոչ թե տրորելով:
- Օգտագործեք կտոր կամ փափուկ զուգարանի թուղթ՝ պահելու ձեր շեքի՝ հետանցքի և հեշտոցի միջև ընկած շրջանը: Սա կարող է նվազեցնել հետանցքի շրջանի վրա վերից-վար ուղղությամբ ճնշումը:
Կան որոշ դեղեր, որոնք կարող են օգնել հետանցքի շուրջը զարգացող բորբոքման մեղմացմանը, սակայն դրանք բուժում են հետևանքը, այլ ոչ թե պատճառը: Հարցրեք ձեր բժշկից կամ բժիշկ-մանկաբարձից, թե ցավերը թեթևացնելու համար ինչ նրբաքսուք (կրեմ) կարելի է օգտագործել: Մի՛ օգտագործեք որևէ կրեմ կամ այլ դեղամիջոց՝ առանց ձեր բժշկի կարծիքը հարցնելու:
Հաճախակի միզում
Հաճախակի միզելու պահանջ հաճախ առաջանում է ձեր հղիության վաղ փուլերում: Երբեմն այն շարունակվում է ամբողջ հղիության ընթացքում: Հղիության ուշ փուլերում հաճախամիզությունը պատճառվում է պտղի կողմից ձեր միզապարկը ճնշելուց կամ թուլացնելուց:
Եթե նկատում եք, որ ձեզ մոտ առաջացել է նաև գիշերները միզելու պահանջ, փորձեք ուշ երեկոյան ժամերից սկսած կրճատել խմվող հեղուկների քանակը: Սակայն ուշադրություն դարձրեք, որ օրվա ընթացքում ստանաք բավարար ծավալով ոչ ալկոհոլային և կոֆեին չպարունակող հեղուկներ: Հղիության ուշ փուլերում որոշ կանայք գտնում են, որ կարող է օգնել զուգարանակոնքին նստած ժամանակ իրանի առաջ և հետ շարժումները, որն օգնում է միզապարկի լիարժեք դատարկմանը և որոշակիորեն կանխարգելում ոչ շատ ժամանակ անց կրկին միզելու պահանջը:
Եթե միզելիս ձեր միզուկի խորությամբ ի հայտ են գալիս ծակծկող կամ այրող բնույթի ցավեր կամ տհաճ զգացողություններ կամ էլ մեզում հայտնվում է արյուն, սա կարող է վկայել միզուղիների վարակի առկայության մասին: Նման դեպք հայտնաբերելիս առանց ուշացնելու՝ մինչև 24 ժամվա ընթացքում կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Անմիզապահություն
Անմիզապահությունը կարող է լինել տարածված խնդիր և ձեզ անհանգստացնել ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերությունից հետո: Երբեմն հղի կանայք չեն կարողանում կանխել մեզի հանկարծակի ցայտյունը կամ փոքր արտահոսքը հազալիս, ծիծաղելիս կամ փռշտալիս, կտրուկ շարժում կատարելիս կամ պարզապես նստած վիճակից կանգնելիս: Սա կարող է ունենալ ժամանակավոր բնույթ, քանի որ կոնքի հատակի մկանները, որոնց մի մասը շրջապատում է միզապարկը քիչ թուլանում են, որ նախապատրաստվեն երեխայի ծնվելուն: Դուք կարող եք կանխարգելել այսպիսի անմիզապահությունը՝ կատարելով կոնքի հատակի վարժանքներ:
Իմացե՛ք ավելին Կեգելի վարժանքների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024