Արյան գլյուկոզի թեստը կամ գլյուկոմետրիան երբեմն նաև անվանում են «արյան շաքարի» չափում։
Գլյուկոմետրիա կարող է կատարվել քաղցած վիճակում կամ որպես օրալ գլյուկոզի տոլերանտության թեստ (ՕԳՏԹ կամ ԳՏԹ)։ Երկու հետազոտություններն էլ սովորաբար նշանակվում են դիաբետը ստուգելու (հայտնաբերելու) կամ ախտորոշված դիաբետի դեպքում արյան գլյուկոզի մակարդակը վերահսկելու համար։
Ի՞նչն են հետազոտում
Այս թեստը չափում է արյան գլյուկոզի մակարդակը։ Գլյուկոզը պարզ շաքար է, որն օրգանիզմի բջիջներն ապահովում է էներգիայով,ուստի թեստը նաև անվանում են արյան շաքարի թեստ:
Դիաբետով մարդիկ հաճախ գլյուկոմետրիա անցկացնում են տանը։ Նման դեպքերում նրանք օգտագործում են փոքր սարք՝ գլյուկոմետր, որը չափում է ոչ թե երակից վերցրած, այլ մազանոթային արյան շաքարի մակարդակը։
Բժիշկը կարող է առաջարկել նաև երակային արյան շաքարի չափման հետազոտություն։ Նա կարող է խնդրել, որ լաբորատորիա այցելեք քաղցած վիճակում։
Բժիշկը նաև կարող է նշանակել ԳՏԹ։ Այս հետազոտության համար լաբորատորիայում նախ քաղցած վիճակում նմուշառվում է ձեր երակային արյունը, որից հետո խմում եք քաղցր օշարակ և մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ հանձնում եք երակային արյան շաքարի թեստ։
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Արյան գլյուկոզի կամ շաքարի թեստը կարող է ձեզ ցուցված լինել, եթե ունեք դիաբետի զարգացման որոշակի ռիսկ։ Ձեր շաքարի մակարդակը բժշկին նաև կարող է հետաքրքրել, եթե ունեք այնպիսի ախտանիշներ կամ այլ հետազոտությունների արդյունքներ, որոնք թույլ են տալիս կասկածել շաքարային դիաբետի կամ արյան շաքարի շեղված մակարդակի առկայության մասին։
Արյան շաքարի ստանդարտ թեստով չափվում է արյան շաքարի մակարդակը արյունը նմուշառելու պահին, մինչդեռ ԳՏԹ-ն չափում է, թե ինչպես է ձեր օրգանիզմը պատասխանում գլյուկոզին։
Հղի կանանց մոտ կարող է զարգանալ դիաբետի մասնավոր մի տեսակ, որը կոչվում է գեստացիոն դիաբետ։ Նման վիճակն ախտորոշելիս ձեզ կարող են 28 շաբաթական հղիության շրջանում առաջարկել ԳՏԹ։ Գեստացիոն դիաբետը ծննդաբերությունից հետո սովորաբար անհետանում է։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
Եթե ձեզ խնդրել են, որ լաբորատորիա այցելեք քաղցած վիճակում, ուրեմն երակային արյունը հանձնելուց առնվազն 8-10 ժամվա ընթացքում պետք է խուսափեք որևէ սնունդ, այդ թվում՝ հեղուկներ կամ ըմպելիքներ ընդունելուց։ Այս ընթացքում կարող եք միայն ջուր խմել։
Եթե ձեզ նշանակել են ԳՏԹ, լաբորատորիա պետք ներկայացեք քաղցած վիճակում, սակայն տեղում ձեզ կտան խմելու շաքարաջուր։ Ձեր գործերը նախատեսեք այնպես, որ կարողանաք մի քանի ժամ լաբորատորիայում անցկացնել, որ ձեզնից 2 ժամ անց վերցնեն արյան մի քանի նմուշներ։
Արդյունքների մեկնաբանում
Շաքարի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիա) կարող է վկայել դիաբետի կամ դիաբետի ռիսկի առկայության մասին։ Դիաբետից բացի կան այլ վիճակներ ևս, որոնք կարող են բերել արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Սա նշանակում է, որ պետք է թեստի արդյունքը քննարկել բժշկի հետ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Արյան գլյուկոզի թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք գլյուկոզի թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024