Սահմանային անձնային խանգարումը (ՍԱԽ) բուժմանը ենթարկվող տարածված հոգեկան խանգարում է:
Այն ազդում է մարդկանց մտքերի, հույզերի և վարքագծերի վրա և դժվարացնում նրանց գործունեությունը կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
ՍԱԽ-ով մարդիկ ունեն հզոր և անկառավարելի հույզեր, որոնք նրանց լցնում է բարձր տագնապով, մոլեգին պոռթկումներով և զայրույթով: Նրանք դժվարություններ ունեն միջանձնային և խորը փոխհարաբերություններում, որն այդ մարդկանց ոչ թե հարմարավետություն կամ բավարարում է բերում, այլ՝ «կարիք-վախ» երկընտրանք (օրինակ՝ ձգտում են ինտիմության, սակայն վախենում են հիասթափվելուց)։ Սեփական «ես»-ի ընկալումը, ձգտումները և ներքին (ներառյալ՝ սեքսուալ) նախընտրությունները հաճախ անհասկանալի կամ խախտված են, որը հաճախ բերում է քաոսային «ունայնության», փոխհարաբերություններում լարվածության և անկայունության, իրականության հետ ոչ հաստատուն կապի զգացումների, ինչպես նաև՝ իմպուլսիվության (անսպասելի ծագած ցանկություն, որն իրացվում է առանց ձգձգումների՝ սկսած հնարավոր վտանգից), ինչն էլ կարող է հանգեցնել հուզական ճգնաժամերի և ուղեկցվել ինքնավնասման կամ ինքնասպանության (սուիցիդային) մտքերի, սպառնալիքների կամ գործողությունների։
Սահմանային անձնային խանգարումը շրջապատի մարդկանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների համար հաճախ դժվար հասկանալի վիճակ է: Այն կարող է հիասթափեցնել ինչպես ՍԱԽ ունեցողին, այնպես էլ նրան ճանաչող մարդկանց: ՍԱԽ-ով մարդկանց տրամադրությունը և համարժեք պահվածքը հաճախակի և անսպասելի կտրուկ փոխվում են՝ առանց ակնհայտ պատճառների, օրինակ՝ կարող են ունենալ կարճատև շատ բարձր տրամադրություն, իրենց էներգիայով լիցքավորել ուրիշներին, որից հետո առաջնային պլան է մղվում անտարբերությունը, մռայլությունը, անհամբերությունը և պրովոկացիոն պահվածքը։ Հիվանդությունը հաճախ երկար ժամանակ մնում է չախտորոշված կամ շփոթվում այլ վիճակի հետ:
Սահմանային անձնային խանգարումը անձնային խանգարումների ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը կյանքի տարբեր շրջաններում ի հայտ է գալիս մարդկանց շուրջ 1-4%-ի մոտ, ավելի հաճախ՝ կանանց շրջանում: Հիվանդության ախտանիշները սովորաբար զարգանում են դեռահաս կամ վաղ չափահաս տարիքում:
Եթե կարծում եք, որ ձեզ ծանոթ որևէ մեկի մոտ առկա է ՍԱԽ, կարևոր է, որ նա պատշաճ օգնություն ստանա: Այս խանգարումը բարձրացնում է ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկը, ուստի, վաղ ախտորոշումը և համարժեք բուժումը չափազանց կարևոր են: Հիշեք նաև, որ ՍԱԽ-ը լուրջ առողջական խնդիր է, այլ ոչ թե վատ բնավորություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024