Սահմանային անձնային խանգարումն (ՍԱԽ) ախտորոշող որևէ եզակի թեստ գոյություն չունի:
Եթե կարծում եք, որ ձեզ կամ ձեզ ծանոթ մեկ այլ մարդու մոտ կան ՍԱԽ-ի ախտանիշներ, առաջին քայլը բժշկին այցելելն է:
ՍԱԽ-ի վերջնական ախտորոշումը կայացվում է բժիշկ-հոգեբույժի կողմից և կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ: Որպեսզի բժիշկը որոշում կայացնի, պետք է ձեր անձին լիարժեք ծանոթանա:
Նման դեպքերում կարիք է առաջանում գնահատել ձեր հոգեկան առողջությունը, որի համար բժիշկը կտա ներկա գանգատների կամ անհանգստացնող նշանների վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև կցանկանա մանրամասն ուսումնասիրել ձեր կյանքի պատմությունը՝ ինքնավնասման կամ ինքնասպանության փորձեր, միջանձնային հարաբերություններ, ընտանեկան անամնեզ, մանկական տարիքում կրած տրավմատիկ միջադեպեր և այլն:
ՍԱԽ ախտորոշվում է, եթե ձեզ մոտ առկա է հետևյալ 9 նշաններից առնազն 5-ը՝
- իրական կամ երևակայական լքումից խուսափելու զայրացկոտ, վախով լցված կամ մոլեգին պոռթկումներ ու ջանքեր
- այլ մարդկանց հետ մշտական ինտենսիվ և անկայուն միջանձնային հարաբերություններ՝ ծայրահեղ իդեալիզացիայի և թերգնահատման (դեվալվացիա) միջև այլընտրանք
- մշտական «ես»-ի կամ «ինքնապատկերի» զգացողության աղճատում (ինքնության խախտում)
- առնվազն երկու իմպուլսիվ վարքագծերի դրսևորում, որոնք կարող են վնաս հասցնել (օրինակ՝ թմրամիջոցների չարաշահում և վտանգավոր սեռական պահվածք)
- կրկնվող ինքնավնասման կամ ինքնասպանության վարքագծեր կամ սպառնալիքներ
- հուզական անկայունություն և միջավայրային իրավիճակների նկատմամբ հստակ ռեակտիվություն (օրինակ՝ մի քանի ժամից մինչև (հազվադեպ) մի քանի օր տևող ինտենսիվ դրվագային դեպրեսիա կամ տագնապայնություն)
- միայնակության և դատարկության երկարատև քրոնիկ զգացումներ (ունայնության քրոնիկ զգացում), որն ուղեկցվում է ժամանակի ապրման ձգման հետ և ընկալվում է որպես անսահման անտանելի դանդաղ
- ինտենսիվ և ոչ ադեկվատ զայրույթը կամ «չարությունը» վերահսկելու դժվարություն
- ծանր դիսոցիատիվ ախտանշաններ՝ անիրականության (իրականությունից կտրված լինելու) զգացում կամ սթրեսի հետ կապված պարանոիդ մտքեր (երբ կարծում է, որ մյուսները փորձում են իրեն վնաս հասցնել):
ՍԱԽ-ի ախտանիշները կարող են դրսևորվել արդեն դեռահաս տարիքում, սակայն հիվանդության ախտորոշումն այս դեպքում պահանջում է վերոնշյալ չափորոշիչների վառ դրսևորում, որոնք նվազագույնը մեկ տարվա ընթացքում մշտապես ազդում են պատանու կամ աղջկա առօրյա գործունեության վրա: ՍԱԽ-ի ախտանիշներով դեռահասի մոտ նշանները շատ ավելի ծանր ու երկարատև են, քան տիպիկ կամակոր հասակակցի մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024