Սահմանային անձնային խանգարմամբ (ՍԱԽ) մարդիկ ունեն իրենց հույզերը կառավարելու և այլ մարդկանց հետ փոխհարաբերվելու մշտական դժվարություններ:
Մեզնից յուրաքանչյուրն աշխարհն ընկալում է յուրովի, սակայն ՍԱԽ-ով մարդիկ ունեն ինչպես սեփական «ես»-ի զգացման կորուստ, ինքնորոշման և ինքնանույնականացման դժվարություններ, այնպես էլ շրջապատող միջավայրի անիրականության զգացում:
Այսպիսի ներքին վիճակը բերում է մարդկանց նկատմամբ հարաբերությունների անկայունության կամ անհաստատունության։ ՍԱԽ-ով մարդկանց հատուկ է ունայնության զգացումը, որն արտահայտվում է անիմաստության, հուզական վակուումի զգացողությամբ, որը կարող է հանգեցնել հուսալքության և ինքնության ճգնաժամի։
Մարդկանց մոտ ՍԱԽ-ը կարող է ստանալ տարբեր դրսևորումներ, որոնցից առավել հաճախ հանդիպողներն են՝
- տրամադրության և հույզերի կտրուկ շեղումներ, այդ թվում՝ տագնապի ու զայրույթի պոռթկումներ կամ դեպրեսիայի դրվագներ
- ընկերների, ընտանիքի անդամների և սիրված անձանց հետ հուզական, լարված և անկայուն փոխհարաբերություններ
- այլ մարդկանց չափազանցեցված գերագնահատման (իդեալիզացիա) և թերգնահատման (դեվալվացիա) միջև կտրուկ փոփոխություններ, երբ ներկայում ինչ-որ վատ բան է տեղի է ունենում, հարաբերությունների ամբողջ դրական փորձը ակնթարթորեն «ջնջվում է» և դրսևորվում է «հուզական ամնեզիա»
- միայնակ մնալու վախ և լքված լինելուց խուսափելու ֆանտաստիկ փորձեր
- ինքնության խախտում, անկայուն կամ աղճատված սեփական «ես»-ի զգացում, ինքնորոշման և ինքնանույնականացման դժվարություններ
- արհամարված և լքված լինելու, հուսալքության, մռայլության, մշտական դատարկության և ունայնության մշտական զգացումներ
- ինքնասիրահարվածության կամ ինքնաատելության զգացումներ
- ինքնավնասում՝ որպես ցավի միջոցով տհաճ ապրումներից ազատվելու, սեփական զգացումներից օտարվելու, անիրականությունից ազատվելու կամ լարվածությունը հանելու ձգտում կամ միջոց
- ինքնասպանության մտքեր կամ փորձեր
- իմպուլսիվ և ռիսկային վարքագծեր, օրինակ՝ վտանգավոր սեռական վարքագիծ, ապօրինի թմրամիջոցների օգտագործում կամ խաղամոլություն
- «միայն սև կամ միայն սպիտակ», «միայն լավը կամ միայն վատը» տիպի մտածողություն, փոխզիջման գնալու դժվարություններ
- սթրեսին պատասխանելու իռացիոնալ կամ պարանոիդ մտքեր, երբ մարդը կարծում է, որ մյուսները փորձում են իրեն վնաս հասցնել
- իրականությունից կտրված լինելու զգացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024