Աղիքները կարող են խցանվել ամենատարբեր պատճառներով:
Չափահասների մոտ աղիքային անանցանելիության ամենատարածված պատճառներից են՝
- աղիքային կպումներ (ադհեզիաներ)՝ որովայնի խոռոչում ֆիբորզ (սպիական) հյուսվածքային ձգաններ, որոնք կարող են ձևավորվել որովայնի կամ կոնքի վիրահատությունից հետո
- ճողվածքներ, երբ աղիքի մի հատվածը դուրս է ցցվում որովայնի պատով և օղակվում է
- հաստ աղիքի քաղցկեղ:
Երեխաների մոտ աղիքային անանցանելիության ամենատարածված պատճառը աղիքների ետշրջումն է կամ ճմլումը (ինվագինացիա): Մանկահասակ երեխաների մոտ աղիքային խցանումների այլ ամենահավանական պատճառներից են՝
- աղիքային բնածին արատներ
- աղիքների ոլորում
- աղիքների խիստ պնդացած պարունակություն, որը առաջացնում է լուսանցքի ֆիզիկական (մեխանիկական) խցանում:
Աղիքային անանցանելիության այլ հնարավոր պատճառներից են՝
- աղիքների բորբոքային հիվանդություններ, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը
- դիվերտիկուլիտ՝ վիճակ, երբ մարսողական խողովակում ձևավորված փոքր արտափքումները կամ գրպանիկները (դիվերտիկուլներ) բորբոքվում են
- հաստ աղիքի ոլորում (վոլվուլուս)
- ծանր փորկապություն կամ աղիքի լուսանցքի կղանքային խցանում:
Կեղծ խցանում (պսևդոօբստրուկցիա)
Աղիքային կեղծ խցանումը (պարալիտիկ իլեուս) կարող է ընթանալ աղիքային խցանման գանգատներով և ախտանիշներով, սակայն չի առաջացնում աղիքի լուսանցքի ֆիզիկական (մեխանիկական) խցանում: Պարալիտիկ իլեուսի դեպքում մկանային կամ նյարդային խնդիրները խախտում են աղիքների նորմալ համակարգված մկանային գալարակծկանքները՝ դանդաղեցնելով կամ դադարեցնելով սննդի և հեղուկի շարժումը մարսողական համակարգով:
Պարալիտիկ իլեուսը կարող է զարգանալ աղիքների ցանկացած հատվածում: Պատճառներից են՝
- որովայնային կամ կոնքային վիրահատություն
- վարակ
- որոշ դեղամիջոցներ, որոնք ազդում են աղիքային մկանների և նյարդի վրա, ինչպիսիք են հակադեպրեսանտները և ափիոնատիպ ցավազրկողները
- մկանային և նյարդային խանգարումներ, ինչպիսին է Պարկինսոնյան հիվանդությունը:
Ռիսկի գործոններ
Աղիքային խցանման ռիսկը կարող է մեծանալ մի շարք հիվանդությունների կամ վիճակների պատճառով: Դրանցից են՝
- որովայնային կամ կոնքային վիրահատություններ, որոնք հաճախ առաջացնում են կպումներ (կպումային անանցանելիությունը տարածված խանգարում է)
- Կրոնի հիվանդություն, որը կարող է առաջացնել աղիքի պատի հաստացում՝ նեղացնելով լուսանցքը
- որովայնի խոռոչում քաղցկեղ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024