Աղիքային խցանման բուժումը կախված է ձեր վիճակի պատճառներից, սակայն ընդհանուր առմամբ պահանջում է հոսպիտալացում (հիվանդանոցային բուժում):
Հոսպիտալացում՝ ձեր վիճակը կայունացնելու համար
Երբ ընդունվում եք հիվանդանոց, բժիշկները ձեր վիճակը կայունացնում են, որ կարողանաք շարունակել բուժումը, նաև՝ հեշտությամբ տանեք հնարավոր վիրահատական միջամտությունը։ Այս գործընթացը կարող է ներառել հետևայլը՝
- ձեր ձեռքից ներերակային համակարգի միացում, որով կարող են միացվել հեղուկներ
- ձեր քթով մինչև ստամոքս ձգվող բարակ խողովակի տեղադրում (նազոգաստրալ զոնդ), որը թույլ է տալիս մարսողական խողովակից հեռացնել կուտակված օդը և հեղուկները՝ մեղմացնելով որովայնի փքվածությունը
- ձեր միզապարկի մեջ բարակ ճկուն խողովակի տեղադրում (միզային կաթետեր), որը թույլ է տալիս դատարկել մեզը և վերցնել մեզի նմուշ՝ լաբորատոր թեստի համար:
Ինվագինացիայի բուժումը
Երեխաների մոտ ինվագինացիայի դեպքում օդային կամ բարիումային հոգնան կարող է շտկել խնդիրը՝ վերացնելով հետագա բուժման անհրաժեշտությունը:
Մասնակի խցանման բուժումը
Եթե ունեք աղիքային խցանում, երբ որոշ սննդամթերք և հեղուկներ դեռ կարող են անցնել ձեր աղիքի լուսանցքով (մասնակի խցանում), ձեր վիճակի կայունացումից հետո հնարավոր է, որ հետագա բուժման կարիք չունենաք: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ ցածր բջջանքային սննդակարգ, որն ավելի հեշտությամբ կարող է անցնել ձեր մասամբ խցանված աղիքով: Եթե խցանումն ինքնուրույն չի վերանում, ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն:
Ամբողջական խցանման բուժումը
Եթե ոչինչ չի կարող անցնել ձեր աղիքներով, սովորաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն՝ խցանումը վերացնելու համար: Ձեր վիրահատական միջամտության տեսակը և ծավալը (բարդությունը) կախված կլինի նրանից, թե ինչն է խցանում առաջացնել, ձեր աղիքների որ հատվածն է արգելափակվել, ինչ բարդություններ են առաջացել և ինչպիսի առողջական վիճակ ունեք տվյալ պահին: Վիրահատությունը սովորաբար ներառում է խցանման վերացում, ինչպես նաև ձեր աղիքների ցանկացած հատվածի հեռացում, որը մեռուկացել կամ վնասվել է:
Որպես այլընտրանք, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ խցանումը բուժել ինքնուրույն լայնացող մետաղական ստենտով: Այս դեպքում մետաղական ցանցե խողովակը ներմուծվում է ձեր աղիքի լուսանցք էնդոսկոպի միջոցով, որն անցկացվում է ձեր բերանով կամ հաստ աղիքով: Այն լայնացնում է աղիքի լուսանցքը՝ թույլ տալով, որ աղիքային զանգվածքները կարողանան շրջանցել խոչընդոտը:
Այսպիսի ստենտները սովորաբար օգտագործվում են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժման կամ այն մարդկանց ժամանակավոր օգնություն տրամադրելու համար, ում համար շտապ վիրահատությունը չափազանց ռիսկային է: Հնարավոր է, որ ձեր վիճակի կայունացումից հետո վիրահատության կարիք ունենաք:
Կեղծ խցանման (պսևդոօբստրուկցիայի) բուժումը
Եթե ձեր բժիշկը եզրակացնում է, որ ձեր գանգատներն ու ախտանիշները պայմանավորված են կեղծ օբստրուկցիայի հետևանքով (պարալիտիկ իլեուս), կարող է վերահսկել ձեր վիճակը մեկ կամ երկու օր հիվանդանոցում և բուժել պատճառը, եթե դա հայտնի է: Պարալիտիկ իլեուսը կարող է ինքնուրույն լավանալ: Միևնույն ժամանակ, թերսնուցումը կանխելու համար, հավանաբար, ձեզ սնունդ կտան նազագաստրալ խողովակով կամ ներերակային ճանապարհով (պարէնտերալ սնուցում):
Եթե պարալիտիկ իլեուսն ինքնուրույն չի բարելավվում, բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք առաջացնում են մկանների կծկումներ, որոնք կարող են օգնել ձեր աղիքներով սննդի և հեղուկների տեղաշարժմանը: Եթե պարալիտիկ իլեուսը պայմանավորված է հիվանդության կամ դեղորայքի պատճառով, բժիշկը կբուժի տվյալ հիվանդությունը կամ կչեղարկի այդ դեղերի ընդունումը: Հազվադեպ, կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն:
Այն դեպքերում, երբ հաստ աղիքը խիստ լայնացած է, բուժումը, որը կոչվում է դեկոմպրեսիա, կարող է թեթևացում ապահովել: Դեկոմպրեսիան կարող է իրականացվել կոլոնոսկոպիայի միջոցով, երբ հետանցքով դեպի հաստ աղիք տեղադրվում է բարակ խողովակ: Դեկոմպրեսիան կարող է իրականացվել նաև վիրահատության միջոցով:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024