Կրծքագեղձում ուռուցքանման գոյացություն առաջանում է հյուսվածքային գերաճի պատճառով։
Կան կրծքագեղձում ուռուցքային գոյացության տարբեր տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են չափերով, բնույթով, գանգատներով, ինչպես նաև հիվանդության զարգացմամբ և ելքով։
Դուք կարող եք ձեր կրծքագեղձերից մեկնումեկում շոշափելով հայտնաբերել՝
- շրջակա հյուսվածքներից հստակ առանձնացող գոյացություն, օրինակ՝ ուռուցքային զանգված
- պնդացած շրջաններ
- մաշկի կարմրություն, ներքաշում կամ այլ փոփոխություններ
- մի կրծքագեղձի մեծացում կամ արտաքին տեսքի ու ձևի փոփոխություններ
- պտուկների ձևի փոփոխություն՝ ներքաշում, մեծացում կամ արտադրություն
- մշտական ցավ կամ ծանրության զգացում, որը կարող է սաստկանալ դաշտանի շրջանում։
Կրծքագեղձերում որևէ գոյացության առկայությունը մեծամասամբ կապված է որևէ բարորակ հիվանդության հետ։ Այնուամենայնիվ, հազվադեպ, կրծքագեղձում ուռուցքային գոյացության ի հայտ գալը կարող է հուշել կրծքագեղձի քաղցկեղի առկայության մասին։ Ուստի, կրծքագեղում արտասովոր որևէ գոյացություն կամ այլ ախտանիշ հայտնաբերելիս առանց ուշացնելու պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին։
Պատճառներ
Կրծքագեղձում ուռուցքանման գոյացություններ կարող են հայտնվել հետևյալ հիվանդությունների կամ վիճակների ժամանակ՝
- կրծքագեղձի քաղցկեղ
- կրծքագեղձի կիստա, այդ թվում՝ գալակտոցելե (կաթով լցված բշտեր, որոնք սովորաբար անվտանգ են)
- ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձեր (մաստոպաթիա)
- ֆիբրոադենոմա
- կրծքագեղձի վնասվածք կամ տրավմա
- ներծորանային պապիլոմա՝ կաթնածորաններում բարորակ գորտնուկանման աճ
- կրծքագեղձի լիպոմա՝ ճարպային հյուսվածքի դանդաղ աճող և սովորաբար անվտանգ կուտակում
- մաստիտ՝ կրծքագեղձի հյուսվածքների վարակային բորբոքում, որը սովորաբար զարգանում է կրծքով կերակրող մայրերի մոտ։
Ե՞րբ այցելել բժշկին
Այցելեք բժշկին բոլոր այն դեպքերում, երբ կրծքագեղձերից մեկնումեկում կամ երկուսում շոշափում եք ուռուցքանման գոյացություններ։ Դրանք բնույթի գնահատումը հատկապես կարևոր է հետևյալ դեպքերում՝
- դրանք պնդացել են
- դրանք անշարժացել են
- դրանք առկա են 4-6 շաբաթ և ավելի երկար
- կրծքագեղձի մաշկը փոփոխվել է և ի հայտ են եկել կարմրություն, թեփոտում, մազակալում և այլն
- առկա է պտուկից արտադրություն, առավել ևս՝ արյունային
- պտուկը ներս է քաշվել կամ կորցրել է նախկին նորմալ դիրքը
- թևատակերում ևս զգում եք ինչ-որ գոյացությունների առկայություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2019
Վերջին վերանայում՝ 29-04-2024