Առողջական խնդիրներ
Մաստիտ (կրծքագեղձի բորբոքում)

5 րոպե
Մաստիտը կրծքագեղձի հյուսվածքների բորբոքումն է, որը սովորաբար կապված է կրծքով կերակրման հետ։
Այն կրծքով կերակրման շրջանի հաճախ հանդիպող խնդիրներից է (10%)։ Մաստիտը սովորաբար սկսվում է հետծննդաբերական առաջին ամիսներին։ Հազվադեպ կարող է դիտվել չկերակրող կանանց (ոչ ծննդաբերական կամ ոչ լակտացիոն մաստիտ), իսկ ավելի հազվադեպ՝ տղամարդկանց մոտ:
Մաստիտի ժամանակ կարող է առաջանալ հակաբիոտիկներով բուժման անհրաժեշտություն, երբ կրծքագեղձի բորբոքված հյուսվածքներին միանում է բակտերիալ վարակը։
Մաստիտի առաջացման պատճառները
Միջին հաշվարկներով, կրծքով կերակրող 5 մայրերից 1-ի մոտ ծննդաբերությունից հետո առաջին 6 ամսվա ընթացքում կարող է առաջանալ մաստիտ։
Մաստիտի զարգացման մեջ առանցքային նշանակություն ունի կաթնածորանի խցանումը, որի պատճառով կաթնագեղձերում արտադրված կաթը սկսում է կուտակվել այդ գեղձերում (կաթի կանգ) և անցնել դեպի հարակից հյուսվածքներ։ Արդյունքում այդ հյուսվածքները այտուցվում և բորբոքվում են։
Մաստիտը կարող է առաջանալ նաև կրծքագեղձի պտուկների ճաքերի կամ վերքերի, դրանց բակտերիալ վարակման և վարակի՝ ավելի խորը ներթափանցելու պատճառով։
Մաստիտն առավել հաճախ հարուցվում է ստրեպտոկոկերի և ստաֆիլոկոկերի միջոցով։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները վկայում են, որ բորբոքման վարակման հարցում ավելի մեծ դեր ունեն պայմանական ախտածին, քան թե ախտածին բակտերիաները։
Մաստիտի ախտանիշները
Մաստիտը սովորաբար զարգանում է մեկ կրծքագեղձում և առաջացնում հետևյալ ախտանիշները՝
- կրծքագեղձի հարաճուն տեղային ցավ
- կրծքագեղձի վրա կարմրավուն և այտուցված սեպաձև տեղամասեր
- գրիպանման նշաններով սկիզբ՝ գլխացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմության բարձրացում և դող ու սարսուռ
- կաթնածորանի խցանման դեպքում՝ կրծքագեղձում պնդացած և կարմրած ուռուցիկ գոյացություն։
Գանգատները հաճախ սկսվում են հանկարծակի, սուր։
Մաստիտի ախտորոշումը
Սովորաբար մաստիտն ախտորոշվում է ձեր գանգատների հիման վրա: Վարակային բորբոքման ժամանակ բժիշկը կարող է ձեզ նշանակել կաթի բակտերիալ ցանքս (բակտերիալ կուլտուրայի և հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշում) կամ ախտահարված կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, որ որոշի թարախակույտի (աբսցես) տեղակայման վայրը:
Մաստիտի բուժումը
Երբ դուք զգում եք ձեր կրծքագեղձերից մեկում պնդացում, ուռուցիկություն կամ ցավեր, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
- Ամենակարևոր քայլը ձեր կրծքերը հաճախակի դատարկելն է։ Ձեր բորբոքված կուրծքը պետք է դատարկվի այնպես, ինչպես կրծքով կերակրման ժամանակ։ Կրծքով կերակրումը կրծքագեղձի դատարկումն է բնական ճանապարհով, որը կարող է նաև մեղմացնել գանգատները։ Ուստի կերակրումը անհրաժեշտ է շարունակել, քանի որ կրծքագեղձի դատարկումը նպաստում է բուժմանը և արագ ապաքինմանը: Անհրաժեշտության դեպքում դատարկեք կաթի փոքր քանակներ կերակրումների միջև՝ մինչև ձեր կրծքագեղձի բորբոքմամբ պայմանավորված գանգատները կմեղմանան։ Մի հետաձգեք կամ մի բաց թողեք օրվա ընթացքում կրծքով կերակրումները։
- Համոզվեք, որ ձեր երեխան կուրծքը վերցնում է ճիշտ ձևով։ Զրուցեք կրծքով կերակրման ճիշտ եղանակների մասին ձեր բուժքրոջ հետ։
- Կրծքով կերակրման ընթացքում նուրբ մերսեք ձեր կրծքագեղձը։ Սա կարող է օգնել, որ կաթը դատարկվելիս բացվեն նաև արգելափակված ծորանները։
- Հանգստացեք այնքան, որքան հնարավոր է։ Խնդրեք ձեր զուգընկերոջը կամ ընտանիքի անդամներին, որ նրանք օգնեն ձեզ և դուք հանգստանալու ժամանակ գտնեք։
- Մինչև կերակրելը կամ կրծքագեղձը դատարկելը ցավոտ շրջաններին դրեք տաք միջոցներ։ Օգտագործեք տաք ջեռակ կամ տաքացրած սրբիչ, որը մինչև կերակրելը կամ կուրծքը դատարկելը պետք է դնել ախտահարված կրծքագեղձի ցավոտ շրջանի վրա և թողնել մինչև 5 րոպե։ Սա կօգնի, որ արգելափակված ծորանները բացվեն։
- Կրծքով կերակրելուց հետո օգտագործեք սառը միջոցներ։ Այն կօգնի, որ մեղմանան ցավերը։
- Կրեք հարմարավետ և ազատ հագուստ։ Խուսափեք ձեր կրծքագեղձերը սեղմող-ճնշող վերնազգեստից կամ ներքնազգեստից։
Մաստիտի կանխարգելումը
Մաստիտի կանխարգելման հիմքը կերակրման ճիշտ տեխնիկայի ապահովելն է և կրծքով հաճախակի կերակրումները:
Կան որոշ գործոններ, որոնք կարող են բարձրացնել մաստիտի առաջացման ռիսկը։ Դրանցից են՝
- ձեր երեխան ճիշտ չի հպվում ձեր կրծքին կամ ճիշտ չի վերցնում պտուկը
- առկա է ձեր երեխայի լեզվի շարժունակության կամ այլ խնդիրներ, որոնք առաջացնում են կրծքով կերակրման դժվարություններ
- խիստ գերկաթնալցված կրծքեր
- կրծքով կերակրման շրջանում ոչ պատշաճ հիգիենա
- կրծքով կերակրման կտրուկ դադարեցում
- ոչ բավարար ազատ վերնազգեստ կամ ներքնազգեստ, որը մշտապես ճնշում-սեղմում է ձեր կրծքերը
- նախկինում՝ մաստիտի դեպքեր։
Երբ դիմել բժշկին
Եթե մաստիտի առաջանալուց հետո մեկ օր անց ձեր ինքնազգացողությունը չի լավանում կամ եթե ձեր ինքնազգացողությունը խիստ վատթարանում է, այցելեք ձեր բժշկին։ Եթե նա ձեզ նշանակում է հակաբիոտիկներ, ապա հիշեք, որ դուք պետք է անավարտ չթողնեք բուժման կուրսը։
Մաստիտը պետք է արագ բուժվի, քանի դեռ չի առաջացել կրծքագեղձի աբսցես (թարախակույտ)։ Վերջինս հազվադեպ հանդիպող (մինչև 0,5%), սակայն հակաբիոտիկային բուժում և վիրահատական միջամտություն (պունկցիա և դրենավորում) պահանջող վիճակ է։
Մաստիտի կանխարգելումը
Վերոնշյալ ինքնօգնության քայլերը կարող են օգնել մաստիտի կանխարգելմանը։ Կրծքով կերակրելիս դուք կարող եք հաջորդաբար փոխել կուրծքը։ Դուք պետք է նաև համոզվեք, որ յուրաքանչյուր կուրծքն առնվազն ամեն երկրորդ կերակրումից հետո լիարժեք դատարկվում է։
Մաստիտի կանխարգելման հարցերով զրուցեք նաև ձեր բժշկի կամ բուժքրոջ հետ։
Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: