Կոտրված սրտի համախտանիշի կամ սթրեսային (տակոցուբո) կարդիոմիոպաթիայի ճշգրիտ պատճառը պարզ չէ:
Ենթադրվում է, որ սթրեսային հորմոնների կտրուկ բարձրացումը, ինչպիսին է ադրենալինը, կարող է կարճ ժամանակով վնասել որոշ մարդկանց սրտերը: Սակայն, թե ինչպես կարող են այս հորմոնները վնասել սիրտը կամ արդյոք պատճառն այլ բան է, լիովին պարզ չէ:
Սրտի մեծ կամ մանր զարկերակների անցողիկ կծկումը կամ սրտի ձախ առաջային վայրէջ զարկերակի ոլորումները կարող են դեր խաղալ կոտրված սրտի համախտանիշի զարգացման մեջ: Կոտրված սրտի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ նաև կարող է փոփոխվել սրտամկանի կառուցվածքը (օրինակ՝ առաջանալ սրտի գագաթի արտափքում):
Կոտրված սրտի համախտանիշի ախտանիշներն ի հայտ գալուց առաջ հաճախ առկա է ուժեղ ֆիզիկական կամ հուզական իրադարձություն (հաճախ՝ բացասական, սակայն՝ նաև դրական): Ցանկացած բան, որն առաջացնում է ուժեղ հուզական արձագանք, կարող է հրահրել այս վիճակի առաջացումը: Օրինակներից են՝
- հանկարծակի զարգացած հիվանդություն, ինչպիսիք են ասթմայի նոպան կամ COVID-19-ը
- մեծ վիրահատություն
- հանկարծակի կոտրվածք ստանալը
- հարազատի, սիրելիի կամ այլ ծանոթի մահվան բոթ
- սուր վիճաբանություն:
Թեև հազվադեպ, սակայն որոշ դեղամիջոցների կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել կոտրված սրտի համախտանիշի: Դրանցից են՝
- անհետաձգելի բուժման դեղամիջոցներ, որոնք տրվում են սուր ալերգիկ ռեակցիայի կամ ծանր ասթմայի նոպայի ժամանակ
- որոշ դեղամիջոցներ, որոնք նշանակվում են տագնապային խանգարումները բուժելիս
- դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են փակված (խցանված) քիթը բուժելիս
- ապօրինի խթանիչ թմրամիջոցներ, ինչպիսիք են մեթամֆետամինը կամ կոկաինը:
Միշտ տեղեկացրեք ձեր բժիշկներին ձեր ընդունած դեղամիջոցների, այդ թվում՝ դեղատոմս չպահանջողների մասին: Նոր դեղամիջոց ընդունելուց առաջ խոսեք ձեր բժիշկների հետ հնարավոր ռիսկերի և կողմնակի ազդեցությունների մասին:
Ինչպե՞ս է կոտրված սրտի համախտանիշը տարբերվում սրտամկանի ինֆարկտից
Սրտամկանի ինֆարկտն ընդհանուր առմամբ առաջանում է սրտի (պսակային) զարկերակի ամբողջական կամ գրեթե լրիվ խցանման հետևանքով: Կոտրված սրտի համախտանիշի դեպքում սրտի զարկերակները խցանված չեն, սակայն սրտի զարկերակներում արյան հոսքը կարող է նվազել:
Ռիսկի գործոններ
Կոտրված սրտի համախտանիշի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Սեռ. կոտրված սրտի համախտանիշն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, հատկապես՝ դաշտանադադարից հետո:
- Տարիք. կոտրված սրտի համախտանիշ ունեցող մարդկանց մեծ մասը 50 տարեկանից մեծ է:
- Հոգեկան առողջության խնդիրներ. անհանգստություն (տագնապային խանգարում) կամ դեպրեսիա ունեցող մարդիկ ունեն կոտրված սրտի համախտանիշի զարգացման ավելի բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024