Կոտրված սրտի համախտանիշի կամ սթրեսային (տակոցուբո) կարդիոմիոպաթիայի ստանդարտ բուժում չկա:
Այն նման է սրտամկանի ինֆարկտի բուժմանը՝ մինչև ախտորոշումը պարզ լինի: Մարդկանց մեծամասնությունը ստանում է հիվանդանոցային բուժում:
Կոտրված սրտի համախտանիշ ունեցող բազմաթիվ մարդիկ լիարժեք ապաքինվում են մինչև մեկ-երկու ամսվա ընթացքում: Էխոսրտագրությունը կատարվում է առաջին ախտանիշներից մոտ 4-6 շաբաթ հետո՝ համոզվելու, որ սիրտն ավելի լավ է կծկվում: Երբեմն, կոտրված սրտի համախտանիշը կրկնվում է բուժումից հետո:
Դեղորայքային բուժում
Երբ հաստատվում է, որ ախտանիշների պատճառը կոտրված սրտի համախտանիշն է, կարող են նշանակվել դեղամիջոցներ սրտի վրա լարվածությունը նվազեցնելու համար: Դեղորայքը նաև կարող է օգնել կանխել հիվանդության ապագա դրվագները:
Դեղորայքը կարող է ներառել հետևյալը՝
- անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ կամ ինհիբիտորներ
- անգիոտենզին 2 ընկալիչի պաշարիչներ
- բետա-բլոկերներ (բետա պաշարիչներ)
- միզամուղներ
- արյունը ջրիկացնող (հակամակարդիչ) դեղամիջոցներ, եթե առկա է արյան մակարդուկ (թրոմբ) կամ այն առաջանալու ռիսկ:
Սթրեսային իրավիճակների կառավարումը հետագայում կարող է օգնել նոր դրվագների առաջացմանը:
Վիրահատություններ կամ այլ միջամտություններ
Սրտամկանի ինֆարկտի բուժման մեջ հաճախ օգտագործվող վիրահատությունները և միջամտությունները կոտրված սրտի համախտանիշի բուժման համար օգտակար չեն: Նման բուժումների նպատակը խցանված պսակային զարկերակները բացելն է: Խցանված պսակային զարկերակները չեն առաջացնում կոտրված սրտի համախտանիշ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024