Կոտրված սրտի համախտանիշը կամ սթրեսային (տակոցուբո) կարդիոմիոպաթիան հաճախ ախտորոշվում է անհետաձգելի բուժօգնության կետերում կամ հիվանդանոցային պայմաններում, քանի որ ախտանիշները նման են սրտամկանի ինֆարկտի ախտանիշներին:
Ախտորոշելու համար բժիշկը ձեզ զննում է և հարցեր է տալիս ձեր ախտանիշների և հիվանդության պատմության (անամնեզի) վերաբերյալ: Ձեզ կարող են հարցնել՝ արդյոք վերջերս լուրջ սթրեսներ եք ունեցել, ինչպիսին է սիրելիի մահը:
Կոտրված սրտի համախտանիշ ունեցող մարդիկ նախքան հիվանդության ախտորոշումը սովորաբար սրտի հիվանդության որևէ ախտանիշ չեն նշում:
Կոտրված սրտի համախտանիշը ախտորոշման համար նշանակվող հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Արյան թեստեր․ կոտրված սրտի համախտանիշ ունեցող մարդիկ հաճախ ունեն արյան մեջ այսպես կոչված սրտային ֆերմենտների (էնզիմների) բարձրացած մակարդակներ:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)․ այս արագ ոչ ինվազիվ հետազոտությամբ չափվում է սրտի էլեկտրական ակտիվությունը։ Կպչուն էլեկտրոդները տեղադրվում են կրծքավանդակի, իսկ երբեմն՝ ձեռքերի և ոտքերի վրա: Լարերն էլեկտրոդները միացնում են սարքին, որը ցույց է տալիս կամ ժապավենի վրա տպում է հետազոտության արդյունքները։ ԷՍԳ-ն ցույց է տալիս, թե որքան արագ կամ դանդաղ է կծկվում ձեր սիրտը: Այն թույլ է տալիս կոտրված սրտի համախտանիշը տարբերակել սրտամկանի ինֆարկտից:
- Կորոնարոգրաֆիա. այս ինվազիվ հետազոտությունը ստուգում է սրտի պսակային զարկերակների անցանելիությունը: Դա արվում է սրտամկանի ինֆարկտը բացառելու համար: Կոտրված սրտի համախտանիշ ունեցող մարդիկ հաճախ պսակային զարկերակների խցանումներ չեն ունենում:
- Էխոսրտագրություն (սրտի էխո)․ այս ոչ ինվազիվ հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ աշխատող սրտի ռեալ ժամանակի մեջ պատկերներ ստեղծելու համար: Այն ցույց է տալիս, թե ինչպես է արյունը հոսում սրտի և սրտի փականների միջով: Էխոսրտագրությունը կարող է հայտնաբերել, արդյոք սիրտը մեծացել է կամ ունի անսովոր ձև (օրինակ՝ սրտի գագաթի գնդաձև արտափքում): Այս փոփոխությունները կարող են պայմանավորված լինել կոտրված սրտի համախտանիշով:
- Սրտային ՄՌՏ. մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օգտագործում է մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ՝ սրտի մանրակրկիտ պատկերներ ստեղծելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024