CA 125 թեստը չափում է արյան մեջ CA 125 սպիտակուցի կամ այսպես կոչված «քաղցկեղային հակածին 125»-ի մակարդակը:
Ի՞նչն են հետազոտում
CA 125 թեստը կարող է նշանակվել, որ վերահսկվի բուժման ընթացքում կամ դրանից հետո որոշ քաղցկեղների ընթացքը: Որոշ դեպքերում CA 125 թեստը նաև կարող է նշանակվել ձվարանի քաղցկեղի վաղ նշանները հայտնաբերելիս, հատկապես հիվանդության զարգացման խիստ բարձր ռիսկով կանանց շրջանում:
CA 125 թեստը բավարար առանձնահատուկ չէ, որ օգտագործվի ազգաբնակչության շրջանում ձվարանի քաղցկեղի սքրինինգային հետազոտության համար, քանի որ բազմաթիվ ոչ քաղցկեղային վիճակներ նույնպես կարող են բարձրացնել այս սպիտակուցի մակարդակը, մինչդեռ սքրինինգային հետազոտության նպատակը կոնկրետ հիվանդության վաղ հայտնաբերումն է:
Տարբեր հիվանդություններ կարող են բարձրացնել արյան մեջ CA 125-ի մակարդակը, այդ թվում՝ նաև նորմալ վիճակներ, օրինակ՝ դաշտան և ոչ քաղցկեղային հիվանդություններ, օրինակ՝ արգանդի միոմաներ (ֆիբրոիդներ): Որոշ քաղցկեղներ նույնպես կարող են բարձրացնել CA 125-ի մակարդակը, այդ թվում՝ ձվարանի, էնդոմետրիալ (արգանդի լորձաթաղանթից աճող), պերիտոնեալ (որովայնամզից աճող) և ֆալոպյան փողի քաղցկեղներ:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Բժիշկը կարող է խորհուրդ տալ CA 125 թեստը մի քանի դեպքերում:
- Քաղցկեղի բուժման վերահսկում. եթե ախտորոշվել է ձվարանի, էնդոմետրիալ, պերիտոնեալ կամ ֆալոպյան փողի քաղցկեղ, բժիշկը կարող է առաջարկել CA 125 թեստի կանոնավոր հանձնում, որ վերահսկի հիվանդության կամ բուժման ընթացքը: Սակայն, որոշ հետազոտություններ վկայում են, որ ձվարանի քաղցկեղի ժամանակ CA 125-ի կանոնավոր թեստը չի բարելավում բուժման արդյունքները և կարող է բերել քիմիոթերապիայի և բուժման այլ մեթոդների ոչ անհրաժեշտ նշանակման:
- Եթե բարձր ռիսկային խմբում եք, ձվարանի քաղցկեղի սքրինինգ. եթե ունեք ձվարանի վերաբերյալ ընտանեկան պատմություն, BRCA1 կամ BRCA2 գենային մուտացիա, բժիշկը կարող է առաջարկել CA 125 թեստի հանձնում որպես ձվարանի քաղցկեղի սքրինինգ: Որոշ բժիշկներ նաև խորհուրդ են տալիս յուրաքանչյուր 6 ամիսը մեկ CA 125 թեստի հանձնում և տրանսվագինալ սոնոգրաֆիա: Այնուամենայնիվ, ձվարանի քաղցկեղով որոշ կանանց մոտ CA 125 մակարդակի բարձրացում չի գրանցվում: Նաև, չկան տվյալներ այն մասին, որ CA 125-ի սքրինինգը կրճատում է քաղցկեղից մահացության ռիսկը: Ավելին, CA 125-ի բարձր մակարդակը կարող է դառնալ ոչ անհրաժեշտ կամ հնարավոր ռիսկերով հետազոտությունների անցկացման պատճառ:
- Քաղցկեղի կրկնության ստուգում. CA 125-ի մակարդակի աճը կարող է վկայել, որ բուժումից հետո ձվարանի քաղցկեղը «վերադարձել է»: Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, որոշ հետազոտությունները վկայում են, որ CA 125-ի պարբերական վերահսկումը չի բարելավում ձվարանի քաղցկեղի բուժման արդյունքները և կարող է դառնալ քիմիոթերապիայի և բուժման այլ մեթոդների հավելյալ և ոչ անհրաժեշտ նշանակման պատճառ:
Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք ձվարանի կամ այլ քաղցկեղ, կարող է խորհուրդ տալ ախտահարված շրջանից բիոպսիա՝ լաբորատոր հետազոտության համար հյուսվածքի փոքր կտորի հեռացում: Այլ հետազոտություններ ևս կարող են օգնել այս քաղցկեղների հայտնաբերմանը, օրինակ՝ տրանսվագինալ կամ շեքային սոնոգրաֆիա, HE4 թեստ և համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
CA 125 թեստը պահանջում է երակային արյան քիչ քանակության նմուշ (մինչև 3-4 մլ): Եթե պատրաստվում եք հանձնել միայն այս թեստը, կարող եք մինչև լաբորատորիա այցելելը նորմալ սնունդ կամ հեղուկներ ընդունել, և նման դեպքերում որևէ նախապատրաստություն չի պահանջում:
Արդյունքների մեկնաբանում
CA 125 թեստի արդյունքները չափվում են մեկ միլիլիտրում միավորների քանակով (U/mL): Տարբեր լաբորատորիաներ սահմանում են տարբեր նորմալ արժեքներ, սակայն մեծ մասն առաջնորդվում է 35 U/mL-ից ցածր արժեքները համարելով նորմալ:
Եթե արյան CA 125-ը նորմայից բարձր է, կարող եք ունենալ ինչպես բարորակ հիվանդություն, այնպես էլ որևէ չարորակ նորագոյացություն՝ ձվարանի, էնդոմետրիալ, պերիտոնեալ կամ ֆալոպյան փողի: Ախտորոշումը ճշտելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ:
Եթե ձեզ մոտ ախտորոշել են ձվարանի, էնդոմետրիալ, պերիտոնեալ կամ ֆալոպյան փողի քաղցկեղ, CA 125-ի մակարդակի նվազեցումը հաճախ վկայում է բուժման արդյունավետության մասին և, հակառակը, CA 125-ի մակարդակի բարձրացումը՝ քաղցկեղի «վերադարձի» կամ շարունակվող աճի մասին:
Մի շարք նորմալ վիճակներ կամ ոչ քաղցկեղային հիվանդություններ նույնպես կարող են բարձրացնել CA 125-ի մակարդակը, օրինակ՝
- էնդոմետրիոզ
- լյարդային հիվանդություն
- դաշտան
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ)
- հղիություն
- արգանդի միոմա (ֆիբրոիդներ):
Որևէ հանրահայտ մասնագիտական ասոցիացա խորհուրդ չի տալիս քաղցկեղի միջին ռիսկով անձանց շրջանում անցկացնել սքրինինգային CA 125 թեստ:
Լրացուցիչ տեղեկատվություն
CA 125 թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք CA 125 թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան թեստերի ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024