Սրունքի մկանային ցավ առաջանում է տարբեր պատճառներով և կարող է կապված լինել այլ առողջական խնդիրների հետ:
Սրունքային ցավի հիմնական երկու տեսակներն են մկանային կծկանքը (ջղաձգում) և մկանային գերձգումը:
Մկանային կծկանք (ջղաձգում)
Ձկնամկանային ցավը սովորաբար ի հայտ է գալիս նույն մկանի ջղաձգման (սպազմի) պատճառով, երբ վերջինս հանկարծակի կծկվում է և մնում այդ վիճակում՝ առանց թուլանալու: Այսպիսի վիճակ կարող է առաջանալ, երբ կատարում եք ձեզ անծանոթ ֆիզիկական վարժանք, ջրազրկված եք (դեհիդրատացիա) կամ ունեք որոշակի էլեկտրոլիտների (միներալների) պակաս: Որպես կանոն, նման ջղաձգումներն ինքնուրույն արագ անհետանում են:
Ձկնամկանի կծկանքները նաև կարող են կապված լինել ավելի լուրջ առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են՝
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
- ալկոհոլիզմ
- շաքարային դիաբետ
- հղիություն
- երիկամային անբավարարություն:
Հղիների մինչև 50%-ը կարող է ունենալ մկանային ջղաձումներ, հատկապես ծննդաբերությանը նախորդող վերջին երեք ամիսների ընթացքում: 60 տարեկանից անց երեք մարդուց մեկը կարող է զգալ գիշերային մկանակծկանքներ և ցավեր, որոնք հիմնականում ներառում են ձկնամկանները և կարող են կապված լինել այլ առողջական խնդիրների կամ որոշակի դեղամիջոցների ընդունման հետ, ինչպիսիք են բետա-պաշարիչները (բ-բլոկերներ), միզամուղները և ստատինները:
Մկանային գերձգում
Սրունի հետին շրջանում, եռագլուխ մկանի կազմում կան երկու տարբեր մկաններ` երկորյակ և ձկնամկան, որոնք միմյանց հանդիպում են կրունկոսկրին կպչող աքիլեսյան ջլի (գարշապարի) վրա: Այս երկու մկաններից մեկնումեկի գերձգումը (растяжение) կարող է առաջացնել բռնող, քաշող կամ պատռող բնույթի կտրուկ ցավ:
Մկանային գերձգումը սովորաբար առաջանում է հոգնածության, մկանների գերօգտագործման կամ ոչ պատշաճ օգտագործման պատճառով: Օրինակ՝ մարզումների նոր ռեժիմ սկսելը կամ ոտքերի հետ կապված վարժանքների ավելացումը կարող է լարել ձեր այս մկանները: Սա կարող է ներառել այնպիսի վարժանքներ, ինչպիսիք են վազքը կամ հեծանվավարությունը, ինչպես նաև սրունքներով ծանրություն բարձրացնելը։ Նման դեպքերում նաև կարող եք նշել՝
- սրունքի հետին շրջանում հանկարծակի ծակող ցավեր կամ այրոց
- նույն շրջանի մկանների քարացում կամ քայլելիս՝ թուլության զգացում
- ոտնաթաթերի վեր բարձրացման դժվարացում
- 1-2 օր անց նույն շրջանում հնարավոր է արյունազեղման և կապտուկի առաջացում:
Այլ պատճառներ
- Աքիլեսյան ջլի բորբոքում (աքիլեսյան տենդոնիտ). աքիլեսյան կամ կրունկոսկրային ջիլը սրունքի ետին կամ ծալիչ մկանների մակերեսային շերտի՝ եռագլուխ մկանի ջիլն է, որը կպչում է կրունկոսկրին: Եռագլուխ մկանը կազմված է երկորյակ մկանից (զույգ) և ձկնամկանից (կենտ)։ Աքիլեսյան տենդոնիտն առաջանում է աքիլեսյան ջլի գերօգտագործման, գերձգման կամ լարվածության հետևանքով: Ընդհանուր ախտանիշները կարող են ներառել ջլի բորբոքում, ցավ և ոտքի հետին մասի կարկամություն:
- Իշիաս․ իշիասն առաջանում է նստանյարդի խնդիրներից: Այս նյարդը հսկում է սրունքի և ծնկան ետնամասի մկանների գործունեությունը: Իշիասը կարող է առաջացնել գոտկային շրջանի ցավ, թմրածություն և ծակոցներ, որոնք կարող են ձգվել ներքև՝ հասնելով մինչև սրունքի և այլ մկաններ:
- Սալջարդ և արյունազեղում (կապտուկ)․ սալջարդը վնասվածքի հետևանք է, որը կարող է պատճառվել ընկնելիս կամ հարված ստանալիս: Այս վնասվածքն առաջացնում է մաշկի և ավելի խոր ընկած հյուսվածքների մազանոթների և ավելի մեծ արյունատար անոթների պատռում, արյունազեղում և տվյալ շրջանի գույնի փոփոխություն (կապտուկ): Արյունազեղումները, որպես կանոն, ինքնուրույն լավանում են: Այնուամենայնիվ, դուք պետք է այցելեք ձեր բժշկին, եթե ունեք անբացատրելի արյունազեղումներ կամ կապտուկներ, որոնք կրկնակի առաջանում են նույն շրջանում՝ առանց որևէ վնասվածքի:
- Դիաբետիկ ծայրամասային (պերիֆերիալ) նեյրոպաթիա (ԴՊՆ)․ ԴՊՆ-ն նյարդի վնասման ձև է, որը կարող է ընդգրկել ձեր ոտնաթաթերը, ոտքերը, ձեռքերը և դաստակները: Այս վիճակը շաքարային դիաբետի տարածված բարդություններից մեկն է: Այն կարող է զարգանալ երկար ժամանակի ընթացքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակների պատճառով, որը հանգեցնում է նյարդի բորբոքման և վնասման: Գենետիկ (ժառանգական) գործոնները նույնպես դեր ունեն: Եթե ունեք դիաբետ և ԴՊՆ-ի ախտանիշներ, կարևոր է պարբերաբար այցելել ձեր բժշկին: Արյան գլյուկոզի մակարդակի պատշաճ վերահսկումը կարող է թեթևացնել գանգատները:
- Խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ)․ ԽԵԹ-ը ձեռքերի և ոտքերի, այդ թվում՝ սրունքների խորանիստ երակներում արյան մակարդուկի (թրոմբի) առաջացումն է: Բազմաթիվ գործոններ և հիվանդություններ կարող են առաջացնել ԽԵԹ, որոնցից են ԽԵԹ-ի անձնական կամ ընտանեկան պատմությունը, ծխախոտի օգտագործումը, ավելորդ քաշը կամ գիրությունը, հղիությունը և այլ հիվանդությունների բարդությունները: ԽԵԹ-ի ախտանիշները կարող են ներառել ախտահարված շրջանում տեսանելի երակներ, ոտնաթաթի, կոճի կամ ամբողջ ոտքի այտուցվածություն, մկանային կծկանքներ (սպազմ), ոտքի ցավ կամ ցավոտություն, մաշկի գույնի փոփոխություններ, երակների հաստացում կամ պնդացում և ախտահարված շրջանի մաշկի տաքություն:
- Կոմպարտմենտ համախտանիշ (մկանի վնասվածքային իշեմիա). սա լուրջ վիճակ է, երբ մկանները խիստ ճնշվում են կուտակվող արյունով կամ այտուցով։ Որպես կանոն, կոմպարտմենտի համախտանիշ զարգանում է, երբ ունեք տվյալ շրջանի մեծ վնասվածք, ինչպիսին է ոսկսրի կոտրվածը կամ ճաքը: Մկանների վրա ճնշումը նաև կարող է մեծանալ անաբոլիկ ստերոիդների օգտագործումից: Կոմպարտմեն համախտանիշի առաջացրած ցավը կարող է լինել ավելի ուժեղ, քան բուն վնասվածքինը: Հիմնական ախտանիշներից են՝ սուր ցավ, որը չի հանդարտվում հանգստից կամ ցավազրկողներ ընդունելուց հետո, ախտահարված շրջանի շարժունակության խնդիրներ, մկանների խիստ կարկամություն կամ լցվածություն, ինչպես նաև թմրածություն կամ անշարժունակություն (պարեզ):
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024