Հաճախ սրունքային մկանների նուրբ մերսումը կամ թույլ շարժումները կարող են մեղմացնել ջղաձգումը և ցավերը:
Եթե ունեք ձկնամկանի գերձգում կամ աքիլեսյան տենդոնիտ, կարող եք կատարել անգլերեն հեշտ հիշվող «RICE» հապավումով նկարագրվող հետևյալ 4 միջոցառումները՝
- Rest. հանգիստ տվեք տվյալ ոտքին
- Ice. սառցեպարկ կամ սառեցնող այլ միջոց դրեք տվյալ շրջանին (20 րոպե)
- Compress. տվյալ շրջանում դրեք սեղմող վիրակապ (եթե ցավերն ուժեղանում են, ապա թուլացրեք վիրակապը)
- Elevate. բարձր դիրք տվեք տվյալ ոտքին (օրինակ՝ պառկեք և ոտնաթաթի տակ բարձ դրեք)։
Ձեր բժշկի խորհրդով կարող եք նաև ընդունել որևէ սովորական ցավազրկող կամ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց, որը կարող է մեղմացնել ցավերը և այտուցվածությունը: Օրինակներից են՝ Իբուպրոֆեն (Ադվիլ և այլն), Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Նապրոքսեն նատրիում (Ալեվե և այլն):
48 ժամ անց կարող եք ծնկահոդում զգուշությամբ ծալել ոտքը կամ որևէ մեկի օգնությամբ հանգիստ քայլել՝ առանց ծանրաբեռնելու ձեր տվյալ շրջանի մկանները:
Ավելի լուրջ վնասվածքների դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ ֆիզիկոթերապիա:
Եթե սրունքային ցավերի պատճառներն ավելի լուրջ հիվանդություններ են, ինչպիսին է խորանիստ երակների թրոմբոզը, ձեզ կարող է անհրաժեշտ լինել մասնագիտական բուժօգնություն՝ վիրահատություն կամ դեղորայք:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024