Առողջական խնդիրներ

Ցավեր սրունքի ետնամասում (ձկնամկանի շրջանում)

Ցավեր սրունքի ետնամասում (ձկնամկանի շրջանում)

Time Read 4 րոպե

Ձկնամկանը գտնվում է սրունքի հետևի կողում: Կծկվելիս ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը, և այս շարժումները կարևոր են վազելիս կամ քայլելիս։​

Ի՞նչ է ձկնամկանի շրջանի ցավը

Ձկնամկանի շրջանի (ռուսերեն՝ икра) ցավը սովորաբար պատճառվում է նույն մկանի կծկանքից կամ ձգվածություն-լարվածությունից: Սակայն երբեմն ցավը կարող է լինել ավելի լուրջ որևէ հիվանդության ախտանիշներից մեկը:

Ձկնամկանի շրջանի ցավի պատճառները

Մկանային ցնցում (ջղաձգում)

Ձկնամկանի ցավը սովորաբար ի հայտ է գալիս այդ մկանի ջղաձգման պատճառով, երբ վերջինս հանկարծակի կծկվում է և մնում այդ վիճակում՝ առանց թուլանալու: Սա կարող է առաջանալ, երբ դուք կատարում եք ձեզ անծանոթ ֆիզիկական վարժություն, ջրազրկված եք (դեհիդրատացիա) կամ ունեք որոշ էլեկտրոլիտների (միներալների) պակաս: Որպես կանոն, նման ջղաձգումներն ինքնուրույն արագ անհետանում են:

Մկանային լարվածություն (ձգվածություն)

Իրականում, ձկնամկանի շրջանում կան երկու տարբեր մկաններ` երկգլխանի (gastrocnemius) և ձկնամկան (soleus), որոնք միմյանց հանդիպում են կրունկոսկրին կպչող աքիլեսյան ջլի (գարշապարի) վրա:

Այս երկու մկաններից մեկնումեկի գերլարվածությունը կամ ձգվածությունը կարող է առաջացնել «բռնող», «քաշող» կամ «պատռող» բնույթի կտրուկ ցավ: Նման դեպքերում դուք կարող եք նշել նաև՝

  • սրունքի հետին շրջանում հանկարծակի ծակոցանման ցավեր կամ այրոց
  • նույն շրջանի մկանների «քարացում» կամ քայլելիս՝ թուլության զգացում
  • ոտնաթաթերի վեր բարձրացման դժվարացում
  • 1-2 օր անց նույն շրջանում արյունազեղման և կապտուկի առաջացում:

Սրունքի ետնամասի ցավերի այլ հնարավոր պատճառներից են՝

  • աքիլեսյան ջլի բորբոքում (տենդոնիտ)
  • իշիաս, երբ խնդիրներ կան ձեր ոտքի նյարդավորումն ապահովող նստանյարդի հետ
  • դիաբետիկ պերիֆերիալ (ծայրամասային) նեյրոպաթիա, երբ նյարդի վնասումն ազդում ձեր ստորին և վերջին վերջույթների, այդ թվում՝ ոտնաթաթերի և ձեռքերի հսկողության վրա
  • տվյալ շրջանի վնասվածք, որն առաջացրել է արյունազեղում (կապտուկ)
  • խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ), երբ վերջույթների խոր ընկած երակների լուսանցքում զարգանում է արյան մակարդուկ (թրոմբ)
  • ծանր հիվանդություն համարվող կոմպարտմենտ-համախտանիշ, երբ մկանները ճնշվում են կուտակվող արյունվ կամ այտուցով։

Ե՞րբ է պետք այցելել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • ձկնանման մկանի շրջանն այտուցված է
  • տվյալ շրջանն անսովոր սառը կամ գունատված է
  • ձեր ստորին վերջույթը թմրած կամ թուլացած է (պարալիզված է)
  • ունեք այտուցներ
  • տվյալ շրջանը կարմրած, տաքացած կամ ձգված է
  • երկու ոտքերն էլ այտուցված են և ունեք դժվարաշնչություն
  • ձեր սրունքի ետնամասերը դառնում են ցավոտ քայլելիս կամ դրանից հետո
  • տնային պայմաններում մի քանի օր բուժում ստանալուց հետո ցավերը չեն մեղմանում կամ սաստկանում են
  • դուք ունեք ցավոտ վարիկոզ երակներ:

Առանց հետաձգելու դիմեք բժշկական օգնության, եթե ունեք ԽԵԹ-ի նշաններ և երկար ժամանակ գտնվել եք անշարժ նստած վիճակում (օրինակ՝ ժամեր տևող թռիչքներ): Այս նշաններից են՝

  • ձեր սրունքի ետնամասն այտուցված է
  • նույն շրջանի մաշկը կարմրած է կամ զգում եք տեղային տաքություն կամ այրոց
  • ձեր ամբողջ ոտքը ցավոտ է:

Ձկնամկանի շրջանի ցավի բուժումը

Հաճախ սրունքի ետնաշրջանի մկանների նուրբ մերսումը կարող է մեղմացնել ջղաձգումը և ցավերը: Եթե ունեք ձկնամկանի ձգվածություն կամ աքիլեսյան տենդոնիտ, ապա կարող եք կատարել «RICE» հապավումով նկարագրվող հետևյալ 4 միջոցառումները՝

  • Rest. հանգիստ տվեք տվյալ շրջանին
  • Ice. սառցեպարկ կամ սառեցնող այլ միջոց դրեք տվյալ շրջանին (20 րոպե)
  • Compress. տվյալ շրջանում դրեք սեղմող վիրակապ (եթե ցավերն ուժեղանում են, ապա թուլացրեք վիրակապը)
  • Elevate. բարձր դիրք տվեք տվյալ ոտքին (օրինակ՝ պառկեք և ոտնաթաթի տակ բարձ դրեք)։

Ձեր բժշկի խորհրդով կարող եք նաև ընդունել որևէ հակաբորբոքային դեղամիջոց, որը կարող է մեղմացնել ցավերը և այտուցվածությունը: 48 ժամ անց կարող եք ծնկահոդում զգուշությամբ ծալել ոտքը կամ որևէ մեկի օգնությամբ հանգիստ քայլել՝ առանց ծանրաբեռնելու ձեր տվյալ շրջանի մկանները:

Ձկնամկանի շրջանի ցավի կանխարգելում

Մինչև ծանր վարժանք կատարելը փորձեք նախ «տաքացնել» ձեր մկանները թեթև նախավարժանքներով: Խուսափեք միօրինակ ծանր վարժանքներից կամ հասեք այդ մակարդակին աստիճանաբար:

Խուսափեք ջրազրկումից, որը կարող է նպաստել մկանային ջղաձգումների զարգացմանը: Մագնեզիումական հավելումները (հատկապես հղի կանանց) կարող են օգնել մկանային ջղաձգումների կանխարգելանը:

Եթե ունեք դիաբետ, ապա մշտական հսկողության տակ պահեք ձեր արյան գլյուկոզի մակարդակը:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-01-2021 վերանայվել է՝ 28-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով