Ինքնօգնության միջոցները կարող են զգալի կերպով օգնել ձեր մաշկի արտաքին տեսքի բարելավման գործին:
- Դեղորայքային քսուքներ. ապացուցված է, որ 0,3% Ռետինոլով նրբաքսուք (կրեմ) քսելը բարելավում է ցելյուլիտի տեսքը: Ռետինոլն օգնում է մաշկի հաստացմանը, ինչը նվազեցնում է փոսիկները: Նման արտադրանքները կիրառվում են օրական մեկ կամ երկու անգամ: Ռետինոլային նրբաքսուքի ցանկացած ազդեցություն նկատելի չի լինի վեց ամիս կամ ավելի երկար:
- Քաշի կորուստ. եթե դուք ավելորդ քաշ եք կրում, կիլոգրամներ կորցնելը և մկաններն ամրապնդլեը կարող են օգնել բարելավելու փոսիկավոր մաշկի տեսքը:
- Ֆիզիկական ակտիվություն. այն ֆիզիկական զբաղմունքները, որոնք տոնուսավորում են մկանները, կարող են օգնել մաշկի փոսիկների տեսքի բարելավմանը: Դրանք նաև օգնում են արյան շրջանառությանը և ավշային ետհոքսքին (դրենաժին): Գտեք մեկ կամ մի քանի զբաղմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս և կարող են տեղավորվել ձեր առօրյայի մեջ, ինչպիսիք են յոգան, պիլատեսը, լողը, քայլելը, հեծանիվ վարելը, աստիճաններով բարձրանալը և պարելը:
- Դետոքսիկացիոն սննդակարգ. այս դիետան ներառում է ավելի քիչ ալկոհոլի, կոֆեինի, ռաֆինացված մթերքների, ածխաջրերի և հագեցած ճարպերի օգտագործումը, ինչպես նաև ծխելուց, դիետիկ հաբերից, քնաբերներից, լուծողականներից և միզամուղներից խուսափելը: Այն խրախուսում է սննդակարգը, որը հիմնված է թարմ բանջարեղենի և մրգերի, ջրի, ամբողջահատիկ հացահատիկային մթերքների, բջջանքով հարուստ սննդի և անհրաժեշտ սննդանյութերի և ճարպաթթուների վրա: Միայն այս սննդակարգը չի բուժի ձեր ցելյուլիտը, սակայն կարող է օգնել:
- Հակացելյուլիտային նրբաքսուքներ (կրեմներ). տարբեր կրեմներ և այլ տեղային բուժումներ գովազդվում են, որ կարող են նվազեցնել ցելյուլիտի մաշկի խորդուբորդությունը և բարելավել և թարմացնել մաշկի տեսքը: Այս կրեմների ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, անուղղակի և կարճատև է: Եթե ցանկանում եք փորձել նման կրեմներ, փնտրեք այնպիսի ապրանքներ, որոնք ներառում են Կոֆեին, Ռետինոլ և ալֆա հիդրօքսի թուներ և Ամինոֆիլին:
Այլընտրանքային բժշկություն
Ցելյուլիտի որոշ բուժումներ հիմնված են այն գաղափարի վրա, որ ուժեղ մերսումը կբարձրացնի ավշային հոսքը, կհեռացնի թույները (տոքսինները) և կնվազեցնի ավելորդ հեղուկը ցելյուլիտի նկատմամբ հակված շրջաններում: Մեթոդներից մեկը, մասնավորապես, էնդերմոլոջին (endermologie), որը հաստատվել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գործակալության (FDA) կողմից որպես վնաս պատճառելու փոքր պոտենցիալ ունեցող բժշկական սարք, օգտագործում է ձեռքի մեքենա՝ մաշկը գլանափաթեթների միջև տրորելու համար: Դուք կարող եք նկատել ձեր մաշկի մի փոքր բարելավում, սակայն արդյունքները սովորաբար կարճատև են:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024