Կան բուժման մի շարք մոտեցումներ՝ թեկուզ ժամանակավորապես ցելյուլիտի տեսքը բարելավելու համար:
Դրանցից յուրաքանչյուրն ունի հնարավոր արդյունքների և կողմնակի ազդեցությունների իր խումբը: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ բուժման տարբեր տեսակների համադրությունը կարող է առավել գոհացուցիչ արդյունքներ տալ:
- Լազերային և ռադիոհաճախականության բուժում. ցելյուլիտի բուժման համար հասանելի են աբլացիոն լազերային բուժման տարբեր մեթոդներ: Մեթոդներից մեկում մաշկի տակով բարակ մանրաթել են ներմուծում լազերային ջերմություն հաղորդելու համար, որը ոչնչացնում է ճարպը կապող շարակցահյուսվածքային թելքավոր ձգանները: Ապացուցված է, որ այս մոտեցումը նվազեցնում է ցելյուլիտի տեսքը վեց ամսից մինչև մեկ տարի: Անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն: Կա նաև սարք, որն օգտագործում է ջերմություն (ռադիոհաճախականություն) ոչ աբլատցիոն բուժման համար, որը բարելավում է մաշկի տեսքը: Հավանաբար, ձեզ անհրաժեշտ կլինեն մի քանի սեանսներ, նախքան ձեր մաշկի արտաքին տեսքի բարելավում նկատելը: Ոչ աբլացիոն բուժումները սովորաբար պետք է կրկնվեն ավելի հաճախ, քան աբլացիոն բուժումները:
- Կրիոլիպոլիզ. կրիոլիպոլիզի (CoolSculpting) դեպքում մաշկի տակ գտնվող ճարպը կրճատվում է մի սարքի միջոցով, որն օգտագործում է վակուումային ներծծում՝ սառեցնող թիթեղների հետ շփման համար հյուսվածքը բարձրացնելու համար: Ձեզ անհրաժեշտ կլինի մի քանի բուժում: Արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում երկու-երեք ամսվա ընթացքում:
- Ձայնային (ակուստիկ) ալիքային թերապիա. այս տեխնիկայի միջոցով տեխնիկը գել է քսում ախտահարված մաշկին և փոքր, ձեռքի սարքով (տվիչ կամ տրանսդյուսեր) անցնում է տվյալ տարածքի վրայով: Տվիչը ձայնային ալիքներ է ուղարկում ձեր մարմին՝ տրոհելով ցելյուլիտը: Հավանաբար, ձեզ անհրաժեշտ կլինեն մի քանի սեանսներ, նախքան ձեր մաշկի արտաքին տեսքի բարելավում նկատելը:
- Վիրահատություն. ձեր բժիշկը կարող է առաջարկել մաշկը հարթեցնող տարբեր մեջամտություններից մեկնումեկը, որն օգտագործում է ասեղներ, շեղբեր կամ այլ հատուկ գործիքներ՝ մաշկի տակ գտնվող թելքերը միմյանցից առանձնացնելու համար (սուբցիզիա): Այս մեթոդների արդյունքները կարող ենք շարունակվել երկու-երեք տարի:
Ցելյուլիտի բուժումը սովորաբար չի փոխհատուցվում ապահովագրությամբ: Բացի այդ, մեթոդներից յուրաքանչյուրը կարող է ունենալ կողմնակի բարդություններ, այնպես որ անպայման քննարկեք դրանք ձեր բժշկի հետ: Համոզվեք, որ ձեր մաշկաբանը կամ պլաստիկ վիրաբույժը հատուկ պատրաստված և փորձառու է ձեր դիտարկած մեթոդի օգտագործման մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024