Կեսարյան հատումը մանկաբարձական բնույթի վիրահատական միջամտություն է, որի ընթացքում պտուղն արգանդից դուրս է բերվում որովայնի և արգանդի պատերի վրա կատարված կտրվածքների միջով:
Կան պլանային կեսարյան հատման մի շարք բժշկական ցուցումներ։ Կեսարյան հատումը նաև կարող է ձեզ առաջարկվել անհետաձգելի ցուցումով, երբ ծննդաբերությունն արդեն սկսվել է։
Կեսարյան հատման բացարձակ և հարաբերական ցուցումներ
Կեսարյան հատումն ունի բացարձակ և հարաբերական ցուցումներ։
- Բացարձակ ցուցումներ են ձեր և երեխայի կյանքի համար վտանգավոր մանկաբարձական խնդիրները կամ բարդությունները, ինչպիսիք են լրիվ առաջադիր ընկերքը, 3-րդ և 4-րդ աստիճանների նեղ կոնքը, պտղի միջաձիգ և թեք դրությունները և այլն։
- Հարաբերական ցուցումներն այն իրավիճակներն են, երբ բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը չի բացառվում, սակայն այդ եղանակով ձեզ կամ պտղի համար բարդությունների վտանգը ավելի բարձր է, քան կեսարյան հատման դեպքում: Օրինակներից են ժամկետանց հղիությունը, խոշոր պտուղը, արգանդի սպին, պտղի կոնքային առաջադրությունը, որոշ այլ առողջական խնդիրների առկայությունը և այլն։
Ե՞րբ կարող է ինձ կեսարյան հատում առաջարկվել
Կեսարյան հատման անհրաժեշտության ամենահաճախ հանդիպող պատճառներից են՝
- ձեր երեխան ունի հետույքային առաջադրություն և ձեր բժիշկը խորհուրդ չի տալիս, որ ունենաք բնական (հեշտոցային) ծննդալուծում
- ձեր երեխան ունի միջաձիգ և թեք դիրք, որը ձեր բժիշկ-մանկաբարձը չի կարողանում ուղղել
- դուք ունեք երկպտուղ հղիություն, և երեխաներից առաջինն ունի հետույքային առաջադրություն
- ձեր ընկերքը մասամբ կամ լրիվ փակում է արգանդի վզիկը (առաջադիր ընկերք)
- ձեր նախկին ծննդալուծումները կատարվել են կեսարյան հատման միջոցով։
Կեսարյան հատումը կարող է լինել պլանային, եթե ձեզ մոտ առկա է հղիության բարդությունների բարձր ռիսկ։ Այլ դեպքերում կեսարյան հատման անհրաժեշտության հարցը կարող է մինչև ծննդաբերության սկիզբը մնալ անորոշ։ Անհետաձգելի ցուցմամբ կեսարյան հատումն առաջարկվում է, եթե անհրաժեշտ է երեխային շատ արագ դուրս հանել ձեր արգանդից։
Ի՞նչ է իրականացվում վիրահատության ընթացում
Հիվանդասենյակում, միջամտությունների սենյակում կամ նախավիրահատարում կիրականացվեն որոշ հիգիենիկ միջոցառումներ (ցայլքի և որովայնի մազերի սափրում, լոգանք, հոգնա)։ Ձեզ նաև կմիացնեն ներերակային հեղուկներ և կտեղադրեն միզային կաթետեր, որով կդատարկեն ձեր միզապարկը։
Այնուհետև իրականացվում է ձեր անզգայացումը կամ ցավազրկումը։ Պլանային վիրահատության դեպքում ավելի հավանական է, որ ձեզ առաջարկեն ռեգիոնալ անզգայացում (օրինակ՝ ողնուղեղային), որի ժամանակ դուք կարող եք վիրահատության ամբողջ ընթացում մնալ արթուն կամ կիսաարթուն վիճակում, սակայն չզգալ որևէ ցավ։
Անհետաձգելի կեսարյան հատման ժամանակ ավելի հավանական է, որ ընտրվի ընդհանուր անզգայացման տարբերակը, որի ժամանակ ձեր գիտակցությունը լիարժեք անջատվում է։
Կեսարյան հատումից առաջ բժիշկը վիրահատական դաշտը մշակում է հականեխիչ (անտիսեպտիկ) նյութով, որից հետո սկսվում է բուն վիրահատությունը։
Վիրաբույժը մաշկային կտրվածք է կատարում ձեր որովայնի առաջային պատի վրա, որից հետո շերտ առ շերտ հատելով ավելի խոր ընկած հյուսվածքները՝ հասնում է արգանդին, որից հետո կտրվածք է կատարում նաև արգանդի պատի վրա։ Սկզբում դուրս է բերվում երեխան, ապա՝ ընկերքը:
Եթե վիրահատության ընթացքում դուք մնում եք արթուն (ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացում), կարող եք զգալ ձգելու կամ քաշելու զգացողություններ, որոնք ցավ չեն առաջացնում։ Դուք չեք տեսնի, թե ձեր որովայնի շրջանում ինչ գործողություններ են կատարվում, սակայն կարող եք լսել գործիքների, սարքերի և այլ ձայներ, բժշկական անձնակազմի խոսակցությունը և այլն։
Վիրահատությունը տևում է շուրջ 30-40 րոպե, թեև երեխան դուրս է բերվում առաջին 5-10 րոպեների ընթացքում։ Եթե վիրահատության ընթացքում արթուն եք (ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացում), ի վիճակի կլինեք ձեր նորածին երեխային տեսնել անմիջապես ձեր որովայնից դուրս բերելուց հետո։
Ովքե՞ր են լինելու վիրահատական սրահում
Կեսարյան հատման ժամանակ դուք կարող եք վիրահատական սրահում տեսնել բազմաթիվ բուժաշխատողների, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է միջամտության հետ կապված կոնկրետ մի գործի համար։ Սովորաբար, ձեր կեսարյան հատմանը մասնակցում են՝
- բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ով իրականացնում է վիրահատությունը
- անեսթեզիոլոգ, ով իրականացնում է անզգայացումը
- վիրահատական բուժքուր, ով օգնում են վիրահատող բժշկին
- անեսթեզիոլոգի բուժքույր, ով օգնում է անեսթեզիոլոգին
- բժիշկ մանկաբույժ, ով արգանդից երեխային հանելուց անմիջապես հետո իրականացնում է նրա բուժօգնությունը կամ բժշկական հսկողությունը
- մանկաբարձուհի, ով զբաղվում է նորածնի խնամքով՝ մինչև ձեր հիվանդասենյակ տեղափոխվելը և երեխայով ինքնուրույն զբաղվելուն ի վիճակի լինելը
- ըստ անհրաժեշտության՝ այլ մասնագետներ և բուժքույրեր։
Անզգայացման (ցավազրկման) տարբերակները
Կեսարյան հատման ժամանակ օգտագործվող անզգայացման մեթոդները տարբեր են։ Պլանային կեսարյան հատման դեպքում վիրահատող բժիշկը, անեսթեզիոլոգը և դուք միասին որոշում եք ձեր առողջական վիճակին և ակնկալվող միջամտությանն առավել համապատասխանող մեթոդը։
Էպիդուրալ անզգայացում
Էպիդուրալ անզգայացման ժամանակ բժիշկ-անեսթեզիոլոգը ձեր մեջքի կողմից՝ գոտկային մակարդակում բարակ ու երկար ասեղով ու դրա միջոցով անցկացված բարակ ճկուն խողովակով տեղային անզգայացնող նյութ է ներարկում ողնուղեղը շրջապատող տարածության մեջ։ Ասեղը հանվում է, իսկ կաթետերի միջոցով հնարավոր է դառնում ապահովել նաև հետվիրահատական ցավազրկումը։
Իմացե՛ք ավելին էպիդուրալ անեսթեզիայի մասին:
Ողնուղեղային անզգայացում
Ողնուղեղային անզգայացման դեպքում անեսթեզիոլոգը երկար և բարակ ասեղով ձեր գոտկային շրջանից ծակում-հասնում և ողնուղեղային հեղուկի մեջ միանվագ ներարկում է տեղային անզգայացնող լուծույթ, որից հետո րոպեների ընթացում ձեր որովայնը և ավելի ներքև ընկած հյուսվածքները թմրում և անզգայանում են։
Իմացե՛ք ավելին ողնուղեղային անեսթեզիայի մասին:
Ընդհանուր անզգայացում
Ընդհանուր անզգայացման ժամանակ դուք ողջ վիրահատությունն անցկացնում եք խորը քնած վիճակում։ Անզգայացման այս տարբերակը կարող է անհրաժեշտ լինել, եթե ձեր բժիշկը գտնում է, որ դուք կամ ձեր չծնված երեխան ենթարկվում եք լուրջ կամ առանձնահատուկ ռիսկերի։ Ընդհանուր անզգայացումը կարող է լինել ընտրության մեթոդ նաև շտապ վիրահատական լուծում պահանջող իրավիճակներում (օրինակ՝ ծանր արյունահոսություն)։
Իմացե՛ք ավելին ընդհանուր անեսթեզիայի մասին:
Ռիսկեր և բարդություններ
Ընդհանուր առմամբ կեսարյան հատումն անվտանգ վիրահատություն է։ Սակայն, ինչպես մյուս բոլոր մեծ վիրահատությունները, կեսարյան հատումը նույնպես զերծ չէ որոշակի վտանգներից և բարդություններից, որոնցից են՝
- արյան կորուստ
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- վերքերի վարակային բարդություններ
- անզգայացման հետ կապված խնդիրներ
- արգանդի հարևանությամբ տեղակայված օրգանների, օրինակ՝ միզապարկի պատահական վնասում
- հետվիրահատական սպիներ
- նորածնի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ։
Բոլոր այս ռիսկերն էլ ավելի են բարձրանում, եթե ունեք ավելորդ քաշ կամ գեր եք:
Հետվիրահատական վերականգնում
Կեսարյան վիրահատությունից վերականգնվելը տևում է ավելի երկար, քան ստանդարտ բնական ծննդաբերության ժամանակ։
Եթե դուք մեկ անգամ ենթարկվել եք կեսարյան հատման, ձեր ինչպես հղիությունը, այնպես էլ բնական (հեշտոցային) կամ կեսարյան հատմամբ ծննդաբերությունը դառնում են ավելի ռիսկային։
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024