Skip to main content

Ողնուղեղային - Անեսթեզիա

Այս էջում կներկայացվի ողնուղեղային (սպինալ) անզգայացման վերաբերյալ օգտակար տեղեկատվություն:

Եթե ունեք հարցեր, քննարկեք դրանք ձեր բժշկի կամ համապատասխան մասնագետների հետ (անեսթեզիոլոգ, վիրաբույժ և այլն):

Ի՞նչ է ողնուղեղային անզգայացումը

Ողնուղեղային կամ սպինալ անզգայացումը տեղային անզգայացնող կամ այլ ցավազրկող դեղամիջոցի ներարկումն է ողնուղեղը շրջապատող սուբարախնոիդալ տարածության մեջ:

Ողնուղեղային անզգայացումը կարող է օգտագործվել ինքնուրույն, երբ մնում եք արթուն վիճակում կամ զուգակցվել սեդատիվ (քնաբեր) դեղերի կամ ընդհանուր անզգայացման հետ:

Ողնուղեղային անզգայացում իրականացվում է ինչպես վիրահատությունը կամ այլ միջամտությունը ցավազրկելու, այնպես էլ հետվիրահատական ցավերն արդյունավետ մեղմացնելու համար:

Ինչպե՞ս է ազդում ողնուղեղային անզգայացումը

Սուբարախնոիդալ տարածությունը ողնուղեղային հեղուկով լցված պարկ է, որը շրջապատում է ողնուղեղը և ողնուղեղից դուրս եկող նյարդարմատները: Տեղային անեսթետիկ կամ ցավազրկող դեղամիջոցը ազդում են ողնուղեղի և նյարդերի վրա՝ արգելափակելով նյարդային ազդանշանների, այդ թվում՝ ցավային գրգիռների հաղորդումը:

Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը

Ասեղը ներմուծելու համար անեսթեզիոլոգը կխնդրի, որ նստեք կամ կողքի վրա պառկեք վիրահատական սեղանին:

Այնուհետև անսեթեզիոլոգը ներմուծում է ասեղը միջողնային տարածության մեջ, և, համոզվելով, որ ասեղի դիրքը և ուղղություն ճիշտ են, ասեղի լուսանցքով ներմուծում է ավելի բարակ ու երկար սպինալ ասեղ, որով էլ ներարկում է տեղային անզգայացնող կամ ցավազրկող լուծույթը:

Ողնուղեղային անզգայացումը ցավոտ միջամտություն չէ, թեև կարող է ուղեկցվել անհարմարավետության զգացողությամբ և ծակոցով:

Օգտագործված դեղամիջոցի և ասեղի մակարդակից կախված անզգայացումը կարող է տևել 1-3 ժամ:

Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ

Ողնուղեղային անզգայացումը կարող է դառնալ մի շարք լուրջ և կայուն բարդությունների պատճառ, այդ թվում՝

  • անզգայացման խափանում
  • ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
  • գլխացավեր
  • քոր
  • դժվարացած միզարձակում
  • գոտկային ցավեր
  • լսողության խանգարում կամ կորուստ
  • սրտանոթային կոլապս՝ արյունատար անոթների խիստ լայնացմամբ պայմանավորված արյան ճնշման կտրուկ անկում, որն ուղկեցվում է սրտի գործունեության կտրուկ ընկճմամբ
  • չակնկալված բարձր արգելափակում, երբ տեղային անեսթետիկը տարածվում է նախատեսված շրջանից ավելի բարձր
  • ողնուղեղի, ողնաշարի և ներարկման շրջանի վարակ
  • նյարդի վնասվածք
  • ողնուղեղի կամ ողնաշարի հետ կապված տարբեր այլ ծանր խնդիրներ, օրինակ՝ ողնուղեղային թարախակույտ և արյան մակարդուկներ
  • կաթված կամ մահ:

Ողնուղեղային անզգայացումից հետո ևս կարող են զարգանալ տարբեր բարդություններ, այդ թվում՝

  • թարախակալում, կարմրություն, լարվածություն կամ ցավ
  • բարձր ջերմություն
  • վատ ինքնազգացողություն
  • լուսավոր սենյակում կամ արևի ճառագայթներից անհարմարավետության զգացում (լուսազգայունություն)
  • պարանոցի լարվածություն (ռիգիտություն)
  • ոտքերը շարժելու դժվարություններ կամ զգացողության խանգարումներ
  • դժվարամիզություն
  • անկղապահություն:

Ծանր կամ կյանքին սպառնացող բարդությունները սովորաբար հանդիպում են միայն եզակի դեպքերում:

Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ

Ողնուղեղային անզգայացման ազդեցությունները կարող են աստիճանաբար անհետանալ մի քանի ժամվա ընթացքում:

Ամփոփում

Ողնուղեղային անզգայացումը կարող է օգտագործվել որպես վիրահատության կամ միջամտության, ինչպես նաև հետվիրահատական արդյունավետ անզգայացնող ու ցավազրկող միջոց:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024