Ընդհանուր անեսթետիկն օգնում է, որ դուք հայտնվեք խորը քնի և անգիտակից վիճակում՝ չզգալով վիրահատական միջամտությանն ուղեկցող ցավը կամ այլ զգացողությունները:
Այն նաև անշարժացնում է ձեզ՝ թույլ տալով ձեր վիրաբույժին, որ վիրահատական միջամտությունը կատարի ավելի հարմարավետ պայմաններում:
Ընդհանուր անզգայացման նախապատրաստումը
Որպես կանոն, ընդհանուր անզգայացումն իրականացնում է բժիշկ-մասնագետը՝ անեսթեզիոլոգը: Մինչև բուն վիրահատությունը, կախված իրավիճակից՝ բժիշկ-անեսթեզիոլոգը մի քանի օր կամ մի քանի ժամ առաջ կայցելի ձեզ, կզրուցի ձեզ հետ և կզննի ձեզ:
Անեսթեզիոլոգը կամ նրա օգնականը կարող են տալ տարբեր հարցեր՝ կապված ձեր առողջական վիճակի, տվյալ կամ հարակից հիվանդությունների հետ կապված խնդիրների, նախկինում ընդհանուր կամ անեսթեզիայի այլ տեսակներով կատարված միջամտությունների հետ: Նրանք նաև կտան մի շարք հարցեր՝ ճշտելու ձեր ընդունած դեղերի, հնարավոր ալերգիաների, ծխախոտի, ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի օգտագործման կամ չարաշահման մասին:
Անեսթեզիոլոգը նաև ձեզ հասկանլի ձևով կբացատրի, թե ինչպես է պատրաստվում ապահովել ձեր վիրահատական միջամտության ընդհանուր անզգայացումը, ինչ դեղեր է ներմուծելու և ինչ ճանապարհներով (ներերակային կամ ինհալյացիոն), ինչ զգացողություններ կարող եք դուք ունենալ պալատում, նախավիրահատարակում կամ վիրահատարանում և ինչպիսի զգացողություններով կարող է ուղեկցվել ձեր արթնանալը:
Որոշ դեպքերում անեսթեզիոլոգը կարող է նաև նշանակել լրացուցիչ թեստեր կամ հետազոտություններ: Նա կարող է խորհուրդ տալ, թե՝
- ինչ դեղեր կարող եք ընդունել կամ պետք է չընդունեք վիրահատությանը նախորդող օրերին, ինչպես նաև բուն վիրահատության օրը
- ինչ կարող եք խմել կամ ուտել վիրահատությանը նախորդող կամ բուն վիրահատության օրը:
Դուք կարող եք նաև անեսթեզիոլոգին ներկայացնել նախատեսված վիրահատական միջամտության կամ անզգայացման հետ կապված ձեր բոլոր հարցերը և մտահոգությունները:
Վիրահատության ընթացքը
Սովորաբար ընդհանուր անեսթեզիան սկսվում է ներերակային ներարկմամբ: Մինչ այդ հավանաբար ձեր ձեռքի երևացող երակներից մեկնումեկում կտեղադրվի կաթետեր՝ բարակ խողովակ և կմիացվի ներերակային հեղուկ: Որոշ դեպքերում ձեր դեմքին կմոտեցնեն պլաստիկ դիմակ և կխնդրեն, որ շնչեք այդ դիմակով տրվող գազային խառնուրդը՝ թթվածնով:
Բուն վիրահատության ընթացքում ձեր գիտակցությունը լինում է խորը ընկճված, կամ, այլ կերպ ասած, դուք գտնվում եք խորը «նարկոտիկ» քնի մեջ՝ չունենալով և ոչ մի զգացողություն:
Այս ընթացքում անեսթեզիոլոգը հսկում է ձեր գիտակցության մակարդակը, մարմնի ջերմաստիճանը, շնչառությունը, սրտի գործունեությունը և զարկերակային ճնշումը: Ընդհանուր անզգայացնող դեղի քանակը հարմարեցվում է վիրահատական միջամտության տեսակին և տևողությանը:
Վիրահատությունից հետո
Վիրահատության ավարտից շատ չանցած, երբ ընդհանուր անեսթետիկի ազդեցությունը վերանում է և դուք արթնանում եք, կարող եք զգալ ուժեք քնկոտություն: Սովորաբար վիրահատվող անձինք սկսում են արթնանալ հետվիրահատական պալատում, որի ժամանակ ձեզ հսկում է անեսթեզիոլոգը, նրա օգնականը կամ բուժքույրը:
Եթե արթնացումն ուղեկցվում է հետվիրահատական ցավերի զգացողությամբ, ապա ձեզ կարող են լրացուցիչ ցավազրկել: Նույն կերպ, ձեզ կարող են տրվել դեղեր, որ մեղմացվեն սրտխառնոցը կամ այլ հնարավոր գանգատները:
Եթե նախատեսված է, որ դուք կարող եք տուն վերադառնալ վիրահատության օրը, ապա դա կկատարվի ընդհանուր անզգայացման ազդեցության լիարժեք և մնացորդային ազդեցությունների վերացումից հետո: Նման դեպքերում նախատեսեք, որ մեքենան վարի մեկ այլ անձ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-10-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024