Կրծքավանդակի ցավն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, որոնք բոլորն էլ բժշկական օգնության կարիք ունեն:
Սրտի հետ կապված պատճառներ
Սրտային ծագման կրծքավանդակի ցավի օրինակները ներառում են հետևյալը:
- Կրծքահեղձուկ (ստենոկարդիա). սա կրծքավանդակի ցավ է, որն առաջանում է դեպի սիրտ արյան վատ հոսքի պատճառով: Դա հաճախ առաջանում է դեպի սիրտ արյուն տանող զարկերակների ներքին պատերի վրա հաստ վահանիկների կուտակումից: Այս վահանիկները նեղացնում են զարկերակները և թուլացնում սրտի արյան մատակարարումը (իշեմիա), հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ:
- Սրտամկանի ինֆարկտ. սրտի կաթված. սրտամկանի ինֆարկտն առաջանում է սրտամկանի արյան հոսքի արգելափակման հետևանքով, հաճախ՝ արյան մակարդուկի (թրոմբի) պատճառով: Կրծքահեղձուկը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի ժամանակ զգացվող հիմնական ախտանիշը:
- Աորտայի շերտազատում (դիսսեկցիա). կյանքի համար վտանգավոր այս վիճակը ներառում է սրտից դուրս եկող գլխավոր զարկերակը, որը կոչվում է աորտա: Եթե այս արյունատար անոթի ներքին շերտերը միմյանցից առանձնանում են, արյունը ճնշման տակ հայտնվում է այդ շերտերի միջև և կարող է առաջացնել աորտայի պատռվածք:
- Սիրտը շրջապատող պարկի բորբոքում (պերիկարդիտ). այս վիճակը սովորաբար առաջացնում է սուր ցավ, որն ավելի է սաստկանում շնչելիս կամ պառկելիս:
Մարսողական պատճառներ
Կրծքավանդակի ցավը կարող է առաջանալ մարսողական համակարգի խանգարումներով:
- Այրոցք (изжога). սա կրծոսկրի ետևում ցավոտ, այրվող զգացում է: Այն առաջանում է, երբ ստամոքսի թթուն ետ է բարձրանում և հայտնվում է կոկորդը ստամոքսին միացնող խողովակի մեջ: Այդ խողովակը կոչվում է կերակրափող։
- Կլման խանգարումներ. կերակրափողի հետ կապված խնդիրները կարող են դժվարացնել և նույնիսկ ցավոտ դարձնել կուլ տալը:
- Լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ. լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի քարերը կամ բորբոքումները կարող են առաջացնել ստամոքսի ցավ, որը տարածվում է կրծքավանդակի վրա:
Մկանային և ոսկրային պատճառներ
Կրծքավանդակի ցավի որոշ տեսակներ կապված են վնասվածքների և կրծքավանդակի պատը կազմող կառուցվածքների վրա ազդող այլ խնդիրների հետ:
- Կոստոխոնդրիտ. այս վիճակի ժամանակ կողոսկրի աճառը, մասնավորապես, աճառը, որը կողոսկրերը միացնում է կրծոսկրին, դառնում է բորբոքված և ցավոտ։
- Ցավոտ մկաններ. քրոնիկ ցավային համախտանիշները, ինչպիսին է ֆիբրոմիալգիան, կարող են առաջացնել երկարաժամկետ ցավ, որն ազդում է կրծքավանդակի մկանների վրա:
- Վնասված կողոսկրեր. սալջարդի ենթարկված կամ կոտրված կողը կարող է առաջացնել տվյալ շրջանի կրծքավանդակի ցավ:
Թոքերի հետ կապված պատճառներ
Բազմաթիվ թոքային խնդիրներ կարող են առաջացնել կրծքավանդակի ցավ:
- Թոքում արյան մակարդուկ (թոքային էմբոլիա). արյան մակարդուկը (թրոմբը), որը խրվում է թոքային զարկերակի մեջ, կարող է արգելափակել արյան հոսքը դեպի թոքային հյուսվածք:
- Թոքերը ծածկող թաղանթի բորբոքում (պլևրիտ). այս վիճակն առաջացնում է կրծքավանդակի ցավ, որը ուժեղանում է, երբ շնչում եք կամ հազում եք:
- Թորշոմած թոք (թոքի կոլապս). թոքի կոլապսից պատճառված կրծքավանդակի ցավը սովորաբար սկսվում է հանկարծակի: Այն կարող է տևել ժամեր և սովորաբար ուղեկցվում է շնչարգելությամբ և հևոցով: Թոքերի կոլապսն առաջանում է, երբ օդն արտահոսում է թոքերի և կողերի միջև ընկած տարածություն (պնևմոթորաքս):
- Թոքային զարկերակներում արյան բարձր ճնշում (թոքային հիպերտենզիա). այս վիճակն ազդում է դեպի թոքեր արյուն տանող զարկերակների վրա և կարող է առաջացնել կրծքավանդակի ցավ:
Այլ պատճառներ
Կրծքավանդակի ցավը կարող է առաջանալ նաև հետևյալ դեպքերում:
- Խուճապի նոպաներ. եթե ունեք ուժեղ վախի դրվագներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի ցավի հետ, կարող եք ունենալ խուճապի նոպա: Խուճապի նոպայի ախտանիշները նաև ներառում են արագացած սրտազարկ, հաճախացած շնչառություն, առատ քրտնարտադրություն, օդի պակաս և հևոց, սրտխառնոց, գլխապտույտ և մահվան վախ: Որոշ դեպքերում դժվար է սրտամկանի ինֆարկտը տարբերել խուճապի նոպայից: Միշտ դիմեք բժշկի օգնությանը, եթե վստահ չեք կրծքավանդակի ցավի պատճառի մեջ:
- Գոտևորող հերպես. ջրծաղիկի վիրուսի վերակտիվացման հետևանքով առաջացած գոտևորող հերպեսը կարող է առաջացնել ուժեղ ցավ և բշտիկների «գոտի», որը մեջքից պտտվում է կրծքավանդակի պատով: Այս հիվանդությունը նաև կոչվում է գոտևորող որքին կամ հերպես զոստեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024