Կրծքավանդակային ցավեր. ախտանիշներ
16-03-2021
2 րոպե

Կրծքավանդակի շրջանի ցավն ուղեկցվում է բազմաթիվ տարբեր զգացողություններով, որոնք կախված են ցավի առաջացման կամ նպաստող գործոններից:
Հաճախ կրծքավանդակային ցավը կամ դրա պատճառը որևէ առնչություն չունեն սրտի հետ, սակայն առանց բժշկի օգնության հեշտ չէ հասկանալ, թե արդյոք ձեր գանգատն ունի արտասրտային, թե սրտային ծագում:
Սրտային ծագման կրծքավանդակային ցավեր
Թեև կրծքավանդակի ցավը հաճախ կապվում է սրտային հիվանդության հետ, նման ունեցող բազմաթիվ մարդիկ ավելի հաճախ նշում են կրծքավանդակի շրջանում խիստ անհարմարավետություն (դիսկոմֆորտ), որը ոչ միշտ է նկարագրվում որպես ցավ: Ընդհանուր առմամբ, սրտամկանի ինֆարկտով կամ որևէ այլ սրտային խնդրով պատճառված կրծքավանդակի դիսկոմֆորտը կարող նկարագրվել կամ կապված լինել թվարկված նշաններից մեկնումեկի կամ մի քանիսի հետ՝
- կրծոսկրի տակ կամ կրծքավանդակի ձախ կեսում ճնշման, սեղմման, լցվածության, այրոցի կամ լարվածության զգացողություն
- ճնշող կամ սեղմող ցավ, որը ճառագայթվում է դեպի ձեր թիկունքը, պարանոցը, ստորին ծնոտը, ուսերը և մեկ կամ երկու ձեռքերը
- ցավ, որը շարունակվում է ավելի քան մի քանի րոպե և սաստկանում է ֆիզիկական գործ անելիս, հանդարտվում և վերսկսվում է կամ տարբեր ուժգնության է
- շնչարգելություն և հևոց
- սառը քրտինք
- գլխապտույտ կամ թուլություն
- սրտխառնոց կամ փսխում:
Այլ ծագման կրծքավանդակային ցավեր
Որոշ դեպքերում դժվար է սրտի հետ կապված կրծքավանդակային ցավերը տարբերակել այլ ծագման ցավերից: Այնուամենայնիվ, կրծքավանդակային ցավն ավելի քիչ հավանական է, որ կապված կլինի սրտային որևէ խնդրի հետ, եթե ավելի հաճախ դրսևորվում է որպես՝
- բերանում թթվահամ կամ սննդի ու թթու ստամոքսահյութի՝ բերան բարձրանալու զգացողություն
- կլման դժվարացում (դիսֆագիա)
- ցավ, որը մեղմանում կամ սաստկանում է, երբ դուք փոխում եք ձեր իրանի դիրքը կամ շարժում եք կրծքավանդակը
- ցավ, որն ուժեղանում է խորը ներշնչելիս կամ հազալիս
- կրծավանդակի պատը սեղմելիս լարվածություն
- ցավ, որը կայուն կերպով շարունակվում է ժամեր շարունակ:
Այրոցքի (изжога) դասական ախտանիշները (կրծոսկրի տակ ցավոտ այրող զգացողություն) կարող են առաջանալ ինչպես ձեր սրտի, այնպես էլ ստամոքսի հետ կապ ունեցող խնդիրների պատճառով:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեզ մոտ առաջացել են նոր կամ հանկարծակի կրծքավանդակային ցավեր կամ կասկածում եք, որ կարող եք ունենալ սրտամկանի ինֆարկտ, ապա առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021