Կրծքավանդակային ցավեր
13-04-2018
2 րոպե

Կրծքավանդակի շրջանում տեղակայված ցավը, ուժգնությունից անկախ, մեզնից յուրաքանչյուրին լրջացնում է։
Եվ պատճառը բոլորիս հայտնի է. կրծքավանդակի շրջանում հանկարծակի սկսվող ցավը կարող է լինել սրտի նոպայի առաջին ահազանգը։
Ի՞նչ է կրծքավանդակի շրջանի ցավը
Կրծքավանդակի շրջանի ցավերն ընդգրկում են մեր իրանի վերին մասերը՝ ծնոտից սկսած մինչև կողաղեղի ստորին եզր: Ելնելով նրանից, որ կրծքավանդակային, մասնավորապես՝ ետկրծոսկրային կամ կրծքավանդակի ձախ կեսի ցավերը սրտամկանի ինֆարկտի բնորոշ նշաններից մեկն է, ավելի անվտանգ է նման տեղակայման ցավերը կապել սրտի հետ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։
Արդյոք իմ մոտ սրտի նոպա՞ է
Սրտամկանի ինֆարկտի ահազանգող նշանները կարող են փոփոխական լինել, և պարտադիր չէ, որ դրանք ճշտությամբ համընկնեն «դասագրքային» նկարագրությանը։ Այսպես, ինֆարկտի ժամանակ կրծքավանդակային ցավերը կարող են սկսվել ոչ թե հանկարծակի, այլ զարգանալ աստիճանաբար, և լինեն ոչ թե սուր կամ սաստիկ, այլ՝ բութ կամ թույլ։ Ավելին, սրտամկանի ինֆարկտը կարող է ընդհանրապես ցավեր չառաջացնել կամ դրանք տեղակայվեն կրծքավանդակից դուրս (օրինակ՝ ստամոքսի շրջանում՝ նմանվելով ստամոքսի խանգարմանը։
Սրտամկանի ինֆարկտի մասին պետք է կասկածել, եթե ձեզ մոտ կա հետևյալ երեք նշաններից թեկուզ մեկնումեկը, որը սովորաբար տևում է 10 րոպե կամ ավելի՝
- կրծքավանդակի կենտրոնում՝ կրծոսկրի շրջանում անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) կամ ցավ, որը կարող է դրսևորվել որպես ծանրության զգացում կամ լինել սեղմող, ճնշող կամ այրող բնութի
- ձեռքերում, ուսերում, պարանոցի, ծնոտի կամ մեջքի շրջանում անհարմարավետության (դիսկոմֆորտ) կամ թմրածության զգացում
- այլ խնդիրներ, ինչպիսիք են՝
- կոկորդում խեղդոցի զգացում
- ձեռքերում ծանրության կամ անուժության զգացում
- օդի պակասի զգացում կամ շնչարգելություն
- սրտխառնոց
- սառը քրտնարտադրություն
- գլխապտույտ կամ «ընկնելու» զգացողություն (նախաուշագնացություն կամ պրեսինկոպե, երբ գիտակցությունը և մկանային ուժն ամբողջությամբ կորած չեն)։
Իրենց ուժգնությամբ կրծքավանդակի շրջանի ցավերը կարող են լինել սկսած թույլ զգացողություններից մինչև սաստիկ-անտանելի ցավերը։ Քանի դեռ սրտամկանի ինֆարկտը չի բացառվել, կրծքավանդակի շրջանի բոլոր տեսակի ցավերի դեպքում առաջինը պետք է մտածել սրտի նոպայի մասին։
Իհարկե, կան որոշ հուշող նշաններ ևս։ Օրինակ, սրտի նոպան ավելի հաճախ հանդիպում է 60-ն անց չաահասների մոտ (թեև սա բնավ չի նշանակում, որ ավելի երիտասարդների մոտ սրտամկանի ինֆարկտ չի կարող զարգանալ) կամ սրտային նոպա ունեցող մարդը ցավի տեղը ցույց է տալիս սեղմված բռունցքով կամ բացված ափով, այլ ոչ թե մատի ծայրով։
Ի՞նչ պետք է ես անեմ
Եթե ձեզ մոտ առկա է վերոնշյալ ախտանիշներից թեկուզ մեկը, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Եթե դուք զգում եք կրծքավանդակի ցավեր, բայց՝ վերնշյալ նշաններից ոչ մեկը, դարձյալ, դիմեք ձեր բժշկին։ Բոլոր դեպքերում, պետք է ստուգել սրտի վիճակը։
Հոդվածը վերանայվել է՝ 07-06-2021