Գրադարան
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ․ պատճառներ

2 րոպե
Բժիշկները վստահ չեն, թե ինչից է սկսվում քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ առաջացնող գործընթացը:
Սակայն հայտնի է, որ ինչ-որ բան է տեղի ունենում, որը փոփոխություններ (մուտացիաներ) է առաջացնում արյուն արտադրող բջիջների ԴՆԹ-ում: Բջջի ԴՆԹ-ն պարունակում է հրահանգներ, որոնք կանխորոշում են, թե ինչ անի տվյալ բջիջը: Մուտացիաներն արյան բջիջներին ստիպում են, որ արտադրեն ոչ նորմալ, անգործունակ լիմֆոցիտներ` արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկը:
Բացի անարդյունավետ լինելուց, այս ոչ նորմալ լիմֆոցիտները շարունակում են ապրել և բազմանալ, երբ առողջ լիմֆոցիտները մահանում են: Ոչ նորմալ լիմֆոցիտները կուտակվում են արյան մեջ և որոշ օրգաններում, որտեղ առաջացնում են բարդություններ։ Դրանք կարող են դուրս մղել առողջ բջիջները ոսկրածուծից և խանգարել նորմալ արյան բջիջների արտադրությանը:
Բժիշկներն ու հետազոտողները աշխատում են հասկանալու ճշգրիտ մեխանիզմը, որն առաջացնում է քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզ:
Ռիսկի գործոններ
Քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Մեծ տարիք. այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է մեծ տարիքով չափահասների մոտ:
- Ռասա. սպիտակամորթ մարդիկ ավելի հավանական է, որ հիվանդանան քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզով, քան այլ ռասաների մարդիկ:
- Արյան և ոսկրածուծի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ). քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի կամ արյան և ոսկրածուծի այլ քաղցկեղների ընտանեկան պատմությունը կարող է մեծացնել ձեր ռիսկը:
- Քիմիական նյութերի ազդեցություն. որոշ թունաքիմիկատներ և միջատասպաններ, ներառյալ Agent Orange-ը, որն օգտագործվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ, կապված են քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզով հիվանդանալու ռիսկի հետ:
- Վիճակ, որն առաջացնում է լիմֆոցիտների ավելցուկ. մոնոկլոնալ B-բջիջների լիմֆոցիտոզն առաջացնում է արյան մեջ մի տեսակի լիմֆոցիտների (B բջիջների) քանակի ավելացում: Այս խանգարումն ունեցող փոքր թվով մարդկանց մոտ վիճակը կարող է վերածվել քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի: Եթե ունեք մոնոկլոնալ B-բջիջների լիմֆոցիտոզ, ինչպես նաև ունեք քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի ընտանեկան պատմություն, կարող եք ունենալ քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 29-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: