Ձեր քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի բուժման տարբերակները կախված են մի քանի գործոններից, ինչպիսիք են ձեր քաղցկեղի փուլը, ձեր գանգատների ու ախտանիշների ծանրության աստիճանը, ձեր ընդհանուր առողջական վիճակը և ձեր նախապատվությունը:
Հնարավոր է, որ անմիջապես բուժումը չպահանջվի
Եթե ձեր քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզը չի առաջացնում ախտանիշներ և չի դրսևորում վատթարացման նշաններ, դուք կարող եք անհապաղ բուժման կարիք չունենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ վաղաժամ բուժումը չի երկարացնում քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի վաղ փուլերում գտնվող մարդկանց կյանքը:
Հնարավոր կողմնակի ազդեցություններով և բարդություններով բուժում նախաձեռնելու փոխարեն, քանի դեռ դրա կարիքը չունեք, բժիշկները ուշադիր հետևում են ձեր վիճակին և բուժման առաջարկ անում, երբ ձեր լեյկոզը ծանրանում է:
Բժիշկը ձեզ համար կկազմի հերթական ստուգումների ժամանակացույց: Դուք կարող եք հանդիպել ձեր բժշկին և մի քանի ամիսը մեկ ստուգել ձեր արյունը՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
Միջանկյալ և զարգացած փուլերի բուժում
Եթե ձեր բժիշկը որոշի, որ ձեր քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզը բուժում է պահանջում, տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Քիմիոթերապիա. քիմիոթերապիան դեղորայքային բուժում է, որը ոչնչացնում է արագ աճող, այդ թվում՝ քաղցկեղային բջիջները: Քիմիոթերապիայի դեղամիջոցները կարող են տրվել երակով կամ ընդունվել բերանային հաբերի տեսքով: Կախված ձեր իրավիճակից, բժիշկը կարող է օգտագործել միայն մեկ քիմիոթերապիայի դեղամիջոց կամ տարբեր դեղերի համակցություն:
- Թիրախային դեղորայքային թերապիա. թիրախային դեղորայքային բուժումը կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա հատուկ առանձնահատկությունների կամ թույլ կետերի վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային բուժումները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան:
- Իմունոթերապիա. իմունոթերապիան օգտագործում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող թիրախավորել ձեր քաղցկեղային բջիջները, քանի որ դրանք արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց թաքնվելու իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան ազդում է՝ խանգարելով այդ գործընթացը։
- Ոսկրածուծի փոխպատվաստում. ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև հայտնի է որպես ցողունային բջիջների փոխպատվաստում, օգտագործում է ուժեղ քիմիաթերապիայի դեղամիջոցներ՝ ոչնչացնելու ձեր ոսկրածուծի ցողունային բջիջները, որոնք ստեղծում են հիվանդ լիմֆոցիտներ: Այնուհետև, դոնորից ստացված առողջ չափահաս արյան ցողունային բջիջները ներարկվում են ձեր արյան մեջ, որտեղից անցնում են ձեր ոսկրածուծ և սկսում են արտադրել արյան առողջ բջիջներ: Վերջին տարիներին ստեղծվել են նոր և ավելի արդյունավետ դեղամիջոցների համակցություններ, ուստի ոսկրածուծի փոխպատվաստումը ավելի հազվադեպ է դիտարկվում որպես քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի բուժման տարբերակ: Այնուամենայնիվ, որոշակի իրավիճակներում ձեր բժիշկը կարող է առաջարկել այս մեթոդը:
Բուժման տարբեր տեսակները կարող են օգտագործվել միայնակ կամ միմյանց հետ զուգակցված:
Օժանդակող խնամք
Ձեր բժիշկը պարբերաբար կհանդիպի ձեզ հետ՝ վերահսկելու ձեր հնարավոր բարդությունները: Օժանդակող խնամքի միջոցները կարող են օգնել կանխելու կամ թեթևացնելու ձեր գանգատները կամ ախտանիշները:
Օժանդակող խնամքը կարող է ներառել հետևյալը:
- Քաղցկեղի սքրինինգ. ձեր բժիշկը կգնահատի քաղցկեղի այլ տեսակների ձեր ռիսկը և կարող է խորհուրդ տալ սքրինինգ՝ այլ քաղցկեղի նշանները ստուգելու համար:
- Պատվաստումներ՝ վարակների կանխարգելման համար. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշակի պատվաստումներ՝ նվազեցնելու ձեր վարակների ռիսկը, ինչպիսիք են թոքաբորբը և գրիպը:
- Այլ առողջական խնդիրների մշտադիտարկում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր ստուգումներ՝ քրոնիկ լիմֆոցիտային լեյկոզի բուժման ընթացքում և դրանից հետո ձեր ընդհանուր առողջական վիճակը վերահսկելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024