Ընդերային զարկերակի սեղմման համախտանիշի (ԸԶՍՀ) ախտորոշման համար որևէ առանձնահատուկ հետազոտություն գոյություն չունի:
Ձեր բժիշկը մանրակրկիտ կզննի ձեզ և հարցեր կտա ձեր ախտանիշների և հիվանդության պատմության վերաբերյալ (անամնեզ): Արյան թեստերը և պատկերային հետազոտությունները կօգնեն ձեր բժշկին, որ բացառի որովայնային ցավի այլ պատճառները:
Ձեր բժիշկը ձեր որովայնի վերին հատվածը սթետոսկոպով լսելիս կարող է առանձնացնել մի ձայն, որը կոչվում է բլթոց: Այս ձայնն առաջանում է, երբ արյունատար անոթն արգելափակված կամ նեղացած է:
Այլ առողջական վիճակները բացառելու և ԸԶՍՀ-ն ախտորոշելու համար օգտագործվող հետազոտությունները կարող են ներառել հետևյալը՝
- արյան թեստեր՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների և այլ օրգանների գործունեության հետ կապված խնդիրները տարբերակելու համար
- որովայնային անոթների գերձայնային հետազոտություն (դուպլեքս)՝ որովայնի խոշոր զարկերակներով, այդ թվում՝ ընդերային զարկերակով արյան հոսքը ստուգելու համար
- վերին էնդոսկոպիա (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա)՝ կերակրափողը, ստամոքսը և բարակ աղու սկզբնական հատվածը (տասներկումատնյա աղի) ներսից դիտելու և, ըստ անհրաժեշտության, հյուսվածքային նմուշ վերցնելու համար (բիոպսիա)
- ստամոքսի դատարկման հետազոտություններ՝ ստամոքսից դեպի բարակ աղի սննդային խյուսի անցման արագությունը չափելու համար
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)՝ հաճախ՝ կոնտրաստային նյութի ներարկմամբ (մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա), որը կարող է կարևոր տեղեկություն տալ զարկերակներով և երակներով արյան հոսքի արագության մասին
- որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)՝ ընդերային զարկերակի նեղացումը կամ արգելափակումը հաստատելու համար, հատկապես՝ կոնտրաստային նյութ օգտագործելիս (ԿՏ անգիոգրաֆիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024