Հաճախ ընդերային զարկերակի (ցողունի) սեղմումը որևէ ախտանիշ չի առաջացնում:
Այնուամենայնիվ, ընդերային զարկերակի սեղմման համախտանիշ (ԸԶՍՀ) ունեցողները կարող են զգալ երկարաժամկետ (քրոնիկ) որովայնային ցավեր: Ախտանիշները կարող են առաջանալ ընդերային զարկերակով արյան անբավարար հոսքի կամ նույն շրջանի նյարդերի սեղմման պատճառով:
ԸԶՍՀ-ի ախտանիշները ներառում են՝
- ստամոքսի շրջանի (որովայնի վերին կամ միջին հատվածների) ցավ, որը կարող է թուլանալ կամ մեղմանալ իրանը առաջ թեքելիս
- ստամոքսի ցավ, որը սկսվում է ուտելուց, ֆիզիկական գործ կամ վարժանք անելուց կամ մարմնի դիրքը փոփոխելուց հետո
- որովայնի փքվածություն
- փորլուծություն
- ցավի պատճառով սնունդ ընդունելու նկատմամբ վախ, որը կարող է հանգեցնել քաշի զգալի անկման, սովորաբար՝ ավելի քան 9,1 կիլոգրամ (20 ֆունտ)
- սրտխառնոց և փսխում:
Ե՞րբ դիմել բժշկին
Գոյություն ունեն ստամոքսի շրջանի ցավի բազմաթիվ տարբեր պատճառներ: Եթե, չնայած տնային միջոցներին, որովայնի ցավը շարունակվում է, դիմեք ձեր բժշկին: Ցավի կոնկրետ պատճառը պարզելու համար ձեզ անհրաժեշտ է անցնել մանրամասն ֆիզիկական քննություն (բուժզննում) և որոշակի հետազոտություններ:
Եթե ձեր ստամոքսի շրջանի ցավերը սուր են և ֆիզիկական ակտիվությունից կամ շարժումից ավելի են ուժգնանում, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ստամոքսի շրջանի ցավն ուղեկցվում է հետևյալ խնդիրներով՝
- արյունային կղանք
- ջերմություն
- չմեղմացող սրտխառնոց և փսխում
- որովային դիպչելիս՝ սուր ցավոտություն և լարվածություն
- որովայնի փքվածություն
- մաշկի և աչքի սպիտակենու դեղնություն (դեղնուկ):
Երբեմն որովայնի վերին հատվածի (վերորովայնային) ցավը կարող է շփոթվել կրծքավանդակային (ետկրծոսկրային) ցավի հետ: Երբեմն դա կարող է կապված լինել սրտամկանի ինֆարկտի հետ: Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ունեք կրծքավանդակային կամ վերորովայնային ցավ՝ հետևյալ ախտանիշներից որևէ մեկի հետ կամ առանց դրա՝
- ետկրծոսկրային կամ կրծքավանդակի շրջանում ծանրության, ճնշման կամ ճզմվելու զգացողություն
- սեղմող կամ այրվող ցավ, որը ճառագայթվում՝ տարածվում է ծնոտի, պարանոցի, ուսերի և մեկ կամ երկու ձեռքերի վրա
- ցավ, որը տևում է ավելի քան մի քանի րոպե կամ սաստկանում է՝ կապված ֆիզիկական ակտիվության հետ
- շնչարգելություն և հևոց
- սառը քրտինք
- գլխապտույտ կամ թուլություն
- սրտխառնոց կամ փսխում:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024