Նվաղում և վայրանկում
20-06-2019
4 րոպե

Հանկարծահաս նվաղումը և վայր ընկնելն ունի բազմաթիվ պատճառներ: Սովորաբար այն ի հայտ է գալիս ուշագնացության դեպքում, որի դեպքում տուժածն արագ վերականգնվում է, սակայն կարող է ունենալ նաև այլ, ավելի լուրջ պատճառ:
Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ինչ-որ մեկը՝
- նստած կամ պառկած վիճակից վայր է ընկնում
- ունի ցնցումներ
- ունի կրծոսկրի շրջանի ցավեր կամ սրտխփոցի զգացում
- զարգանում է հանկարծակի և ուժեղ գլխացավ
- ունի շնչարգելություն և հևոց:
Ի՞նչ է նվաղումը
Նվաղումնն այն է, երբ դուք վայր եք ընկնում առանց որևէ ակնհայտ պատճառի: Նման իրավիճակ կարող է ստեղծվել, երբ դուք մի քանի վայրկյանով կորցնում եք ձեր գիտակցությունը, օրինակ՝ ուշագնացության ժամանակ: Դուք կարող եք հանկարծակի վայր ընկնել, որից հետո՝ նաև ցնցվել: Ձեր անոթազարկը (պուլս) կարող է դառնալ հազիվ շոշափելի, իսկ ծանր դեպքերում՝ նաև ի հայտ գալ շնչառության դադարեցում (ապնոէ):
Անձը հանկարծակի վայր է ընկնում, երբ նրա գլխուղեղը չի ստանում բավարար թթվածին: Երբ դուք հայտնվում եք գետնին՝ հորիզոնական վիճակում պառկած վիճակում, ձեր սրտի համար հեշտանում է գլխուղեղը թթվածնով մատակարարելը:
Հանկարծահաս նվաղումը կարող է պահանջել նախաբժշկական, իսկ որոշ դեպքերում՝ նաև բժշկական պատճաշ օգնություն, ընդ որում, որքան շուտ, այդքան ավելի լավ: Վայր ընկնելը կարող է ունենալ ավելի լուրջ պատճառ, քան կարող եք ակնկալել: Մեծ տարիքով մարդկանց մոտ վայր ընկնելը վնասվածքներ ստանալու հիմնական պատճառն է:
Ի՞նչը կարող է առաջացնել նվաղում
Ուշագնացությունն ի հայտ է գալիս, երբ ձեր սրտազարկի հաճախականությունը կտրուկ ընկնում է և արյունատար անոթները լայնանում են: Նման դեպքերում արյունը սկսում է կուտակվել ստորին վերջույթներում, իսկ դեպի գլխուղեղ արտամղվող արյան ծավալը կտրուկ կրճատվում է: Ուշագնացությունն ունի տարբեր դրդապատճառներ, օրինակ՝ շոգ կամ տոթ միջավայր, արյան տեսք կամ շոկային վիճակ: Այն կարող է նաև առաջանալ, երբ դուք արագ ոտքի եք կանգնում, հատկապես, եթե հոգնած եք, ջրազրկված, ունեք արյան գլյուկոզի ցածր մակարդակ (հիպոգլիկեմիա) կամ ցածր արյան ճնշում (հիպոտոնիա):
Խիստ հազվադեպ մարդիկ կարող են նվաղել և վայր ընկնել առանց գիտակցության կորստի: Նման վիճակի պատճառ կարող են դառնալ խիստ արտահայտված ընդհանուր թուլությունը կամ հյուծվածությունը, սրտի կամ գլխուղեղի հետ կապված խնդիրները, ցնցումը կամ ներքին ականջն ախտահարող հիվանդությունները:
Նվաղման և վայր ընկնելու այլ, ավելի լուրջ պատճառներից են՝
- սրտամկանի ինֆարկտ
- ինսուլտ
- ցնցումային նոպա
- ծար հիվանդություն
- վնասվածք կամ դժբախտ պատահար, հատկապես, եթե տեղ է գտել հարված կրծքավանդակին կամ գլխին
- թմրամիջոցի գերդոզավորում
- ալկոհոլային թունավորում:
Նվաղման բուժումը
Եթե ձեր հարևանությամբ ինչ-որ մեկը հանկարծակի, առանց որևէ տեսանելի պատճառի վայր է ընկնում, ապա նրան օգնություն ցուցաբերելիս հետևեք միջոցառումների ճիշտ հերթականությունը: Անգլերեն գրականության մեջ այս հաջորդականությունը հիշելու համար առաջարկվում է «Doctor’s ABCD»-ի կրճատված տարբերակը՝ «DRS ABCD»:
- D (Dangers?)` Վտանգնե՞ր. համոզվեք, ձեր ձեր տեղանքն անվտանգ է:
- R (Responsive?)` Պատասխանո՞ւմ է. ստուգեք, թե արդյոք տուժածի պատասխան ռեակցիաները պահպանվա՞ծ են: Հարցրեք անունը, սեղմեք ուսերը: Եթե որևէ պատասխան չկա, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Եթե կապ հաստատել չի հաջողվում, ապա տուժածին պառկեցրեք հարմարավետ «կողքի ապահովության» դիրքում և շարունակեք հսկել նրան: Նման դիրքը թույլ է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ, ինչպես նաև բերանի խոռոչի պարունակության արտահոսքը:
- S (Send for help)՝ Օգնություն կանչեք․ զանգեք 1-03 կամ անհետաձգելի օգնություն ցուցաբերման ունակություններ ունեցող այլ ծառայություններ՝ 1-01 (փրկարար ծառայություն) և այլն:
- A (Open airway)՝ Բացեք շնչուղիները. բացեք տուժածի բերանը և ստուգեք, թե արդյոք շնչուղիները խցանված չե՞ն որևէ օտար մարմնով (փսխման զանգվածներ, ատամների պրոթեզներ և այլն): Պառկեցրեք տուժածին «կողքի ապահովության» դիրքում և մաքրեք նրա բերանի և քթի խոռոչները, եթե դրանք փակ են: Բացեք նրա վերին շնչուղիները՝ գլուխը քիչ ետ տարածելով և ստորին ծնոտը (կզակ) քիչ վեր բարձրացնելով:
- B (Normal Breathing?)՝ Նորմա՞լ է շնչառությունը. մոտ 10 վայրկյան ժամանակ հատկացրեք՝ ստուգելու տուժածի շնչառությունը, օրինակ՝ դիտեք կրծքավանդակի շարժումները և փորձեք լսելով հասկանալ շնչառության առկայությունը: Նորմալ չի՞ շնչում. ապահովեք ապահովության դիրքը և շարունակեք տուժածին հետևելը:
- C (Start CPR)` Սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) միջոցառումները: Հետևեք կրծոսկրի խորը և արագ 30 սեղմում (մոտավորապես՝ 1 վայրկյանում 2 սեղում) և 2 ներփչում հաջորդականությանը: Շարունակեք ՍԹՎ միջոցառումները, քանի դեռ օգնությունը չի ժամանել և տուժածը չի սկսել ինքնուրույն շնչել:
- D (Attach defibrillator)՝ Դեֆիբրիլյացիա․ սա կատարվում է ժամանած շտապբուժօգնության անձնակազմի կողմից:
Նվաղումից և վայր ընկնելուց հետո, նույնիսկ եթե բարեհաջող վերականգնվել եք, մի հրաժարվեք բժշկական օգնությունից: Բժիշկը կարող է նշանակել հետազոտություններ, որպեսզի պարզի այդ դրվագի պատճառը՝ արյան հետազոտություններ, այդ թվում՝ արյան գլյուկոզի որոշում, սրտի գործունեության ստուգման թեստեր, մեզի թեստեր, պատկերման հետազոտություններ և այլն:
Ինքնօգնություն
Մի փորձեք ավտոմեքենա վարել նվաղման դրվագից հետո: Հետևեք սնունդ և հեղուկներ ընդունելու բժշկի ցուցումներին, ինչպես ստացեք նրա նշանակած դեղերն այնպես, ինչպես հրահանգված է:
Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021