Ուշագնացություն (սինկոպե)
Ուշագնացությունը կամ ուշաթափությունը գիտակցության կարճատև կորուստն է, որն առաջանում է դեպի գլխուղեղ արյան հոսքի կտրուկ նվազման պատճառով:
Ուշագնացության պատճառները
Կան գիտակցության կարճատև կորստի բերող տարբեր պատճառներ, որոնցից են՝
- զարկերակային ճնշման կտրուկ անկում, հատկապես պառկած դիրքից կտրուկ ոտքի կանգնելիս (օրթոստատիկ հիպոտոնիա)
- ջրազրկում
- անեմիա
- որոշ դեղեր
- շաքարային դիաբետ (շաքարախտ)
- նյարդային համակարգի խնդիրներ
- սրտանոթային խնդիրներ
- ցնցումներ:
Որոշ դեպքերում ուշագնացությունը կարող է պատճառվել սրտի կծկումների հաճախականության կտրուկ փոփոխություններից կամ արյան ճնշումը կարգավորող ավտոմատ նյարդային համակարգի ժամանակավոր խանգարումից: Նման իրավիճակներ կարող են առաջանալ հետևյալ դեպքերում՝
- սաստիկ ցավեր
- տհաճություն պատճառող որոշ իրավիճակներ (օրինակ՝ արյան տեսքը)
- խիստ արտահայտված տագնապ
- երկար ժամանակ ոտքերի վրա կանգնած մնալը
- նոպայաձև ուժեղ հազ, փռշտոց կամ ծիծաղ
- զուգարանում տեղ գտած ճիգեր
- տոթ և խիստ շոգ միջավայր կամ արևի ճառագայթների ազդեցություն:
Ուշագնացության ախտանիշները
Սովորաբար, մինչև ուշաթափվելը տվյալ անձը զգում է՝
- գլխապտույտ («գլուխն օդերի մեջ է»)
- «աչքերի առաջ սևանալու» զգացում
- առատ քրտնարտադրություն
- շնչառության հաճախացում և խորացում
- տեսողական խանգարումներ (աչքերում առկայծումներ, մշուշոտ տեսողություն)
- սրտխառնոց:
Ուշագնացությունից հետո սովորաբար գիտակցությունը արագորեն վերականգնվում է:
Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկը գիտակցությունը հանկարծակի կորցնում է, դուք կարող եք արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝
- այդ մարդուն պառկած վիճակում շրջել կողքի վրա և բարձրացնել ոտքերը (որը թույլ է տալիս, որ դեպի գլուխ արյան հոսքը մեծանա)
- ապահովել թարմ օդ (բացել պատուհանը, թույլ չտալ, որ հարևանությամբ ծխեն)
- եթե գիտակցությունը շուտ չի վերականգնվում, համոզվել, որ այդ մարդու վերին շնչուղիները անցանելի են (ստուգել շնչառությունը)
- եթե ուշագնացությունը շարունակվում է, զանգել 1-03 և կանչել շտապբուժօգնություն:
Իմացե՛ք ավելին ուշագնացության առաջին օգնության մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021