Առողջ բջիջներն աճում և բաժանվում են կանոնավոր կերպով, սակայն որոշ գեների փոփոխությունները (մուտացիաները) կարող են պատճառ դառնալ, որ բջիջները շարունակեն բաժանվել, նույնիսկ երբ նոր բջիջների կարիք չկա:
Հաստ աղիքում և ուղիղ աղիքում բջիջների այս շարունակական աճը կարող է հանգեցնել պոլիպների ձևավորման: Պոլիպները կարող են աճել հաստ աղիքի ցանկացած կետում:
Գոյություն ունի պոլիպների երկու հիմնական դաս՝ ոչ նեոպլաստիկ և նեոպլաստիկ:
- Ոչ նեոպլաստիկ պոլիպները սովորաբար քաղցկեղ չեն դառնում:
- Նեոպլաստիկ պոլիպներից են ադենոմաները և ատամնավոր տեսակները: Ադենոմաներն առավել հավանական է, որ քաղցկեղի են վերածվեն, եթե բավականաչափ ժամանակ տրվի դրանց աճելու համար: Ատամնավոր պոլիպները նույնպես կարող են դառնալ քաղցկեղ՝ կախված չափից և տեղակայումից: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է պոլիպը, այնքան մեծ է քաղցկեղի վերածվելու ռիսկը վտանգը:
Ռիսկի գործոններ
Կան մի շարք գործոններ, որոնք մեծացնում են հաստ աղիքի պոլիպի կամ քաղցկեղի զարգացման ռիսկը:
- Տարիք. հաստ աղիքի պոլիպ ունեցող մարդկանց մեծամասնությունը 50 և ավելի տարեկան է:
- Աղիների բորբոքային հիվանդություն ունենալը. խոցային կոլիտը կամ հաստ աղիքի Կրոնի հիվանդությունը մեծացնում են հաստ աղիքի քաղցկեղի ընդհանուր ռիսկը, թեև պոլիպներն ինքնին զգալի վտանգ չեն ներկայացնում:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). ձեզ մոտ հաստ աղիքի պոլիպների կամ քաղցկեղի ռիսկն ավելի բարձր են, եթե ունեք նույն հիվանդություններով ծնող, եղբայր, քույր կամ երեխա: Որքան ընտանիքի շատ անդամներ ունեն դրանք, այդքան ձեր ռիսկն էլ ավելի մեծ է: Որոշ մարդկանց մոտ այս կապվածությունը չունի ժառանգական բնույթ:
- Ծխելը և ալկոհոլի ավելցուկային օգտագործումը. հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական երեք կամ ավելի չափաբաժին (drink) ալկոհոլային խմիչք են օգտագործում, ենթարկվում են հաստ աղիքի պոլիպների առաջացման ավելի բարձր ռիսկի: Ալկոհոլի օգտագործման զուգակցումը ծխելու հետ նույնպես մեծացնում է ռիսկը:
- Գիրություն, ֆիզիկական թերակտիվություն և սննդով ճարպերի ընդունում. դուք ավելի մեծ ռիսկի տակ եք, եթե ունեք ավելորդ քաշ, կանոնավոր կերպով ֆիզիկական վարժանքներ չեք անում և չեք հետևում առողջ սննդակարգին:
- Ռասա. սևամորթ ամերիկացիներն ունեն հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ:
Ժառանգական պոլիպոզ խանգարումներ
Հազվադեպ, մարդիկ ժառանգում են գենետիկ խանգարումներ, որոնք հանգեցնում են հաստ աղիքի պոլիպների առաջացման: Եթե ունեք այս գեներից մեկնումեկը, ապա ենթարկվում եք հաստ աղիքի քաղցկեղի զարգացման շատ ավելի մեծ ռիսկի, քան մյուսները: Սքրինինգը և վաղ հայտնաբերումը կարող են օգնել այս քաղցկեղի աճի կամ տարածման կանխարգելմանը:
Ստորև թվարկված են այն ժառանգական խանգարումները, որոնք կարող են առաջացնել հաստ աղիքի պոլիպներ:
- Լինչի համախտանիշ, որը նաև կոչվում է ժառանգական ոչ պոլիպոզային կոլոռեկտալ քաղցկեղ. Լինչի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ առաջանում են համեմատաբար փոքր թվով հաստ աղիքի պոլիպներ, սակայն դրանք կարող են արագ վերածվել քաղցկեղի: Լինչի համախտանիշը հաստ աղիքի քաղցկեղի ամենատարածված ժառանգական ձևն է և նաև կապված է որովայնի խոռոչի այլ շրջանների ուռուցքների հետ:
- Ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը (ԸԱՊ) հազվադեպ հանդիպող խանգարում, որը պատճառ է դառնում, որ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր պոլիպներ զարգանան հաստ աղիքի լորձաթաղանթի վրա՝ սկսած դեռահասության տարիներից: Եթե պոլիպները չեն բուժվում, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը մոտ 100% է, սովորաբար՝ մինչև 40 տարեկանը: Գենետիկ թեստը կարող է օգնել ԸԱՊ-ի ձեր ռիսկի գնահատմանը:
- Գարդների համախտանիշը ԸԱՊ-ի մի տարբերակ, որն առաջացնում է պոլիպների զարգացում ձեր հաստ աղիքի և բարակ աղու ամբողջ երկայնքով: Նաև կարող են առաջանալ ոչ քաղցկեղային ուռուցքներ մարմնի այլ շրջաններում՝ մաշկը, ոսկորներ և որովայնի խոռոչ:
- MUTYH-կապված պոլիպոզը (ՄԿՊ) մի խանգարում, որը նման է ԸԱՊ-ին և պայմանավորված է MYH գենի փոփոխություններով: ՄԿՊ-ով մարդկանց երիտասարդ տարիքում հաճախ զարգանում են բազմաթիվ ադենոմատոզ պոլիպներ և հաստ աղիքի քաղցկեղ: Գենետիկ թեստավորումը կարող է օգնել ՄԿՊ-ի ձեր ռիսկի գնահատմանը:
- Պեյտց-Յեգերսի համախտանիշը մի խանգարում է, որը սովորաբար սկսվում է ամբողջ մարմնով մեկ պեպեններ առաջացմամբ, այդ թվում շրթունքներին, լնդերին և ոտնաթաթերին: Այնուհետև, աղիների ողջ երկայնքով առաջանում են ոչ քաղցկեղային պոլիպներ, որոնք կարող են վերածվել քաղցկեղի:
- Ատամնավոր պոլիպոզի համախտանիշը խանգարում է, որը հանգեցնում է հաստ աղիքի վերին հատվածում բազմաթիվ ատամնավոր ադենոմատոզ պոլիպների առաջացման, որոնք կարող են դառնալ քաղցկեղային: Այս պոլիպները պետք է մշտադիտարկվեն և, հնարավոր է, հեռացվեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024