Հաստ աղիքի պոլիպ ունեցող մարդկանց մեծ մասը որևէ ախտանիշ չունի: Հնարավոր է, որ դուք չիմանաք, որ ունեք պոլիպ, քանի դեռ ձեր բժիշկը չի հայտնաբերել այն ձեր հաստ աղիքի հետազոտության ժամանակ:
Այնուամենայնիվ, հաստ աղիքի պոլիպներով որոշ մարդիկ կարող են ունենալ հետևյալ գանգատներն ու ախտանիշները:
- Աղիքը դատարկելու սովորությունների փոփոխություն. փորկապությունը կամ փորլուծությունը, որը տևում է մեկ շաբաթից ավելի, կարող է հուշել հաստ աղիքի ավելի մեծ պոլիպի կամ քաղցկեղի առկայության մասին: Այնուամենայնիվ, մի շարք այլ խնդիրներ նույնպես կարող են առաջացնել կղազատման սովորությունների փոփոխություններ:
- Կղանքի գույնի փոփոխություն. արյունը կարող է դրսևորվել որպես կղանքում կարմիր զոլեր կամ կղանքը դարձնել սև: Գույնի փոփոխություն նաև կարող է առաջանալ որոշ սննդամթերքների, դեղամիջոցների կամ սննդային հավելումների պատճառով:
- Երկաթ-դեֆիցիտային սակավարյունություն (անեմիա). պոլիպներից արյունահոսությունը կարող է դրսևորվել դանդաղորեն՝ առանց կղանքում տեսանելի արյան: Քրոնիկ արյունահոսությունը կարող է հանգեցնել երկաթ-դեֆիցիտային անեմիայի, որը կարող է հանգեցնել հոգնածության և շնչարգելության (հևոցի):
- Ցավ. հաստ աղիքի մեծ պոլիպը կարող է մասամբ կամ ամբողջապես խցանել ձեր աղիքի մի մասը՝ հանգեցնելով որովայնի ցավի (աղիների անանցանելիություն):
- Ուղիղաղիքային (ռեկտալ) արյունահոսություն. սա կարող է դրսևորվել որպես հաստ աղիքի պոլիպի, քաղցկեղի կամ այլ խնդրի նշան, ինչպիսիք են թութքը կամ հետանցքային փոքր պատռվածքը:
Ե՞րբ դիմել բժշկին
Հանդիպեք ձեր բժշկին, եթե ունեք՝
- որովայնային ցավ
- արյուն ձեր կղանքում
- աղիքի դատարկման (կղազատման) սովորույթի փոփոխություն, որը տևում է ավելի քան մեկ շաբաթ:
Դուք պետք է կանոնավոր կերպով անցնեք պոլիպների հայտնաբերման սքրինինգային հետազոտություն, եթե՝
- 50 տարեկան կամ ավելի մեծ եք
- ունեք ռիսկի գործոններ, օրինակ՝ հաստ աղիքի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ)։
Եթե ձեր ռիսկը բարձր է, սքրինինգային հետազոտություն պետք է անցնել մինչև 50 տարեկանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024