Առողջական խնդիրներ
Կոմա. պատճառներ

1 րոպե
Կոման զարգանում է գլխուղեղի կեղևի լրիվ արգելակման պատճառով։
Այն զարգանում է որպես կենտրոնական նյարդային համակարգում (առաջին հերթին՝ գլխուղեղ) թթվահիմնային հավասարակշռության խանգարումների, թթվածնային քաղցի (հիպօքսիա), իոնային փոխանակության խանգարումների և նյարդաբջիջների էներգետիկ քաղցի պատճառով։
Կոմա կարող է առաջանալ տարբեր բնույթի խնդիրներից:
- Գանգուղեղային տրավմաներ. հաճախ գլխուղեղի տրավմատիկ վնասվածք առաջանում է ավտովթարների կամ բռնարարքների պատճառով:
- Ինսուլտ. գլխուղեղը սնուցող զարկերակների խցանումը կամ պատռումը բերում է գլխուղեղի արյան սնուցման կտրուկ կրճատման կամ ընդհատման, որը կոչվում է ինսուլտ։
- Ուռուցքներ. գլխուղեղում կամ ուղեղաբնում տեղակայված ուռուցքները կարող են առաջացնել կոմա:
- Դիաբետ (շաքարախտ). արյան շաքարի մակարդակի խիստ բարձրացումը (հիպերգլիկեմիա) կամ անկումը (հիպոգլիկեմիա) կարող է առաջացնել կոմա:
- Թթվածնի սուր պակաս (հիպօքսիա). ջրահեղձությունից կամ սրտամկանի ինֆարկտից հետո սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների շնորհիվ փրկված մարդկանց գիտակցությունը կարող է չվերականգնվել գլխուղեղի հիպօքսիայի պատճառով:
- Վարակներ. էնցեֆալիտը կամ մենինգիտը կարող են առաջացնել գլխուղեղի, ողնուղեղի կամ ուղեղը շրջապատող հյուսվածքների այտուց: Այս վարակների ծանր դեպքերը կարող են վնասել գլխուղեղը կամ բերել կոմայի:
- Ցնցումներ. երկարատև ընթացող կամ արագորեն միմյանց հաջորդող ցնցումային նոպաները կարող են բերել կոմայի:
- Թույներ (տոքսիններ). սուր կամ ծանր թունավորումները, օրինակ՝ շմոլ գազով կամ կապարով, կարող են վնասել գլխուղեղը և առաջացնել կոմա:
- Թմրամիջոցներ և ալկոհոլ. թմրամիջոցների կամ ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը (գերդոզավորում) կարող է հանգեցնել կոմայի:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-03-2021 վերանայվել է՝ 09-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: