Առողջական խնդիրներ
Կոմա

1 րոպե
Կոման կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որի գլխավոր ախտանիշը գիտակցության երկարատև կորուստն է և արտաքին ազդակների նկատմամբ ռեակցիայի թուլացումը կամ բացակայությունը:
Վերոնշյալ գլխուղեղային նշաններից բացի կոման նաև ընթանում է կարևոր օրգան-համակարգերի գործունեության խափանմամբ (շնչառություն, արյան շրջանառություն և այլն)։
Կոման համարվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ՝ փրկելու տուժողի կյանքը և պահպանելու նրա գլխուղեղի գործունեությունը: Այն կարող է զարգանալ որպես որևէ հիվանդության, օրինակ՝ դիաբետի կամ ծանր վարակի բարդություն, ծանր վնասվածքների, օրինակ՝ գանգուղեղային տրավմաների հետևանքով կամ թմրամիջոցների, ալկոհոլի կամ թույների ազդեցությամբ, որոնք բերում են գլխուղեղի կեղևի լրիվ արգելակում։
Կոմայի հանրահայտ ախտանիշը գիտակցության լիարժեք բացակայությունն է և լուսային (բբային) և այլ ռեակցիաների բացակայությունը: Մարդկանց մեծ մասը կոմայից վերականգնվում է, սակայն լինում են նաև մահվան ելքով դեպքեր: Իրականում շատ դժվար է կանխատեսելը, թե արդյոք մարդը կոմայից դուրս կգա, թ՞ ոչ։
Կոման բժշկական անհետաձգելի վիճակ է, որի բուժումը կազմակերպվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ շտապ կազմակերպվում է կոմայի հասցնող պատճառի ախտորոշում և բուժում, ինչպես նաև կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի գործունեության կարգավորում և կայունացում (շնչառություն, արյան շրջանառության համակարգ, երիկամների գործունեություն)։
Կոման հազվադեպ է տևում ավելի երկար, քան մի քանի շաբաթ: Ավելի երկար ժամանակի ընթացքում անգիտակից վիճակում հայտնված մարդկանց մոտ կարող է զարգանալ անդառնալի վեգետատիվ վիճակ կամ ուղեղի մահ:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2019 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: