D-դիմերի թեստն արյան հետազոտություն է, որը սովորաբար նշանակվում է արյան մակարդելիության հետ կապված խնդիրների առկայությունը ստուգելու համար։
D-դիմերի բարձր մակարդակը կամ դրական թեստը նշանակում է, որ դուք կարող եք ունենալ արյան մակարդուկներ (թրոմբ):
Ի՞նչն են հետազոտում
Այս հետազոտությամբ չափվում է արյան մեջ D-դիմերի մակարդակը կամ առկայությունը, որպես դրական՝ առկա է կամ բացասական՝ բացակայում է արդյունքներ։
Արյան մակարդուկները (թրոմբ) առաջանում են այն շրջաններում, որտեղ արյունատար անոթի պատը վնասված կամ ախտահարված է, որտեղ առկա է աթերոսկլերոզ կամ արյան հոսքը դանդաղած է (օրինակ՝ անոթի երկարատև սեղմված վիճակ):
D-դիմերը սպիտակուց է, որն արտադրվում է արյան մակարդուկը տրոհելու կամ լուծելու համար։
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Ձեր բժիշկը ձեզ կարող է նշանակել D-դիմերի թեստ, եթե կասկածում է, որ դուք ունեք արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ կամ ցանկանում է ժխտել նման վիճակի առկայությունը։
Արյան մակարդման հետ կապված խնդիրներից են՝
- խորանիստ երակների թրոմբոզ, երբ երակներում ձևավորվում է արյան մակարդուկ (ավելի հաճախ՝ ոտքերի շրջանում)
- թոքային էմբոլիա, երբ այլ օրգանների երակներում ձևավորված թրոմբից մի բեկոր պոկվում և արյան հունով տեղափոխվում է թոքային զարկերակներ՝ խցանելով դրանք
- տարածուն ներանոթային մակարդում, որն արյան մակարդելիության ծանր խանգարում է
- արյան մակարդում, որը պատճառվում է թունավոր օձերի որոշ տեսակների խայթոցից (օրինակ՝ շագանակագույն օձ)։
Եթե դուք բուժում եք ստանում տարածուն ներանոթային մակարդման դեմ, բժիշկը կարող է օգտագործել D-դիմերի թեստը, որ վերահսկի ձեր վիճակը և բուժման արդյունքները։
Ինչպե՞ս նախապատրաստվել այս թեստին
D-դիմերի լաբորատոր թեստը որևէ առանձնահատուկ պայման կամ պահանջ չունի: Ամեն դեպքում, մինչև արյունը հանձնելը զրուցեք ձեր բժշկի հետ:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Նորմայից բարձր D-դիմերի մակարդակը (դրական թեստ) կարող է նշանակել, որ դուք ունեք արյան մակարդուկ։ Սակայն թեստը տվյալ է պարունակում միայն մակարդուկի առկայության հավանականության մասին, իսկ հավանական թրոմբի տեղակայման հարցը մնում է բաց։
Ավելին, կան նաև առողջական այլ խնդիրներ, որոնք բերում են D-դիմերի մակարդակի բարձրացման։ Ուստի, D-դիմերն առանձին վերցրած չի կարող դառնալ որևէ հիվանդության կամ առողջական վիճակի ախտորոշման հիմք, այլ պետք է գնահատվի այլ հետազոտություններով ստացված տվյալների հետ համակցությամբ։
Եթե D-դիմերի մակարդակը բարձր է, բժիշկը կարող է ձեզ ուղեգրել պատկերային հետազոտությունների։
D-դիմերի նորմալ (բացասական) արդյունքը կարող է վկայել այն մասին, որ ձեզ մոտ արյան մակարդման և մակարդուկների առաջացման ռիսկը ցածր է։
Լրացուցիչ տեղեկատվություն
D-դիմեր թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք D-դիմեր թեստի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան թեստերի մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որ ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024