Ուշացած սերմնաժայթքումը կարող է առաջանալ դեղամիջոցների, որոշ քրոնիկ առողջական վիճակների և վիրահատությունների հետևանքով:
Կամ դա կարող է պայմանավորված լինել հոգեներգործուն նյութերի չարաշահմամբ կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը կամ սթրեսը: Շատ դեպքերում դա կապված է ֆիզիկական և հոգեբանական խնդիրների համակցության հետ:
Ուշացած սերմնաժայթքման հոգեբանական պատճառները ներառում են հետևյալը՝
- դեպրեսիա, տագնապ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ
- սթրեսի, վատ հաղորդակցման կամ այլ պատճառներով փոխհարաբերությունների խնդիրներ
- սեռական ակտի կատարման նկատմամբ տագնապ
- վատ ինքնագնահատական
- մշակութային կամ կրոնական արգելքներ (տաբուներ)
- իրական սեռական հարաբերության և սեռական ֆանտազիաների միջև տարբերություններ:
Դեղամիջոցները և այլ նյութերը, որոնք կարող են ուշացած սերմնաժայթքման պատճառ դառնալ, ներառում են՝
- որոշ հակադեպրեսանտներ
- որոշակի բարձր ճնշման դեղեր
- որոշակի միզամուղներ
- որոշ հակափսիխոտիկ դեղամիջոցներ
- որոշ հակացնցումային դեղամիջոցներ
- ալկոհոլ, հատկապես՝ մեծ քանակներով օգտագործելիս (չարաշահում կամ ալկոհոլիզմ):
Հետաձգված սերմնաժայթքման ֆիզիկական պատճառները ներառում են՝
- որոշ բնածին արատներ, որոնք ազդում են տղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա
- օրգազմը կառավարող կոնքային նյարդերի վնասվածք
- որոշ վարկներ, ինչպիսին է միզուղիների վարակը
- շագանակագեղձի վիրահատություն, ինչպիսին են շագանակագեղձի ներմիզուկային (տրանսուրետրալ) ռեզեկցիան կամ շագանակագեղձի հեռացումը
- նյարդաբանական հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետիկ նեյրոպաթիան, ինսուլտը կամ ողնուղեղային նյարդերի վնասումը
- հորմոնների հետ կապված վիճակներ, ինչպիսիք են վահանաձև գեղձի հորմոնի ցածր մակարդակը (հիպոթիրեոզ) կամ տեստոստերոնի ցածր մակարդակը (հիպոգոնադիզմ)
- հետադարձ սերմնաժայթքում՝ վիճակ, երբ սերմնահեղուկը ետ է ժայթքում միզապարկ, այլ ոչ թե դուրս է գալիս առնանդամից:
Որոշ տղամարդկանց համար աննշան ֆիզիկական խնդիրը, որն առաջացնում է սերմնաժայթքման ուշացում, կարող է անհանգստություն առաջացնել սեռական հարաբերությունների ընթացքում սերմնաժայթքման վերաբերյալ: Արդյունքում առաջացող անհանգստությունը կարող է վատթարացնել ուշացած սերմնաժայթքումը:
Ռիսկի գործոններ
Մի շարք գործոններ կարող են մեծացնել ուշացած սերմնաժայթքման ռիսկը, այդ թվում՝
- մեծ տարիք. տարիքի հետ տղամարդկանց սերմնաժայթքումը ավելի է երկարաձգվում
- հոգեբանական խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան կամ տագնապը
- առողջական վիճակներ և հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը կամ ցրված սկլերոզը
- որոշ բուժման մեթոդներ, ինչպիսին է շագանակագեղձի վիրահատությունը
- դեղորայք, մասնավորապես որոշ հակադեպրեսանտներ, բարձր արյան ճնշման դեղամիջոցներ կամ միզամուղներ
- փոխհարաբերությունների խնդիրներ, ինչպիսիքն է ձեր զուգընկերոջ հետ վատ հաղորդակցումը
- ալկոհոլի չափից ավելի օգտագործում, հատկապես, եթե դուք երկար ժամանակ խմիչք եք օգտագործում:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024