Ուշացած սերմնաժայթքում ունեցող որոշ տղամարդկանց օրգազմ ունենալու և սերմնաժայթքման համար պահանջվում է 30 րոպե կամ ավելի երկար սեռական խթանում:
Այլ տղամարդիկ կարող են ընդհանրապես չկարողանալ սերմնաժայթքել (անէյակուլացիա):
Իրականում, որևէ հստակ ժամանակ չկա, որից ելնելով կարելի է ախտորոշել ուշացած սերմնաժայթքումը: Դրա փոխարեն, դուք հավանաբար ուշացած սերմնաժայթքում ունեք, եթե հետաձգումն անհանգստություն կամ հիասթափություն է առաջացնում, կամ եթե ստիպված եք դադարեցնել սեռական գործունեությունը հոգնածության, ֆիզիկական գրգռվածության, էրեկցիայի կորստի կամ ձեր զուգընկերոջ խնդրանքի պատճառով:
Հաճախ տղամարդիկ կարող են դժվարությամբ հասնել օրգազմի սեռական հարաբերության կամ զուգընկերոջ հետ սեռական այլ գործողությունների ժամանակ: Որոշ տղամարդիկ կարող են սերմնաժայթքել միայն ձեռնաշարժության ժամանակ (օնանիզմ):
Կախված ախտանիշներից, ուշացած սերմնաժայթքումը բաժանվում է հետևյալ տեսակների:
- Ամբողջ կյանքի ընթացքում (ցմահ)՝ հակառակ ձեռք բերվածի. ցմահ ուշացած սերմնաժայթքման դեպքում խնդիրն առկա է սեռական հասունության պահից: Ձեռքբերովի ուշացած սերմնաժայթքումն առաջ է գալիս նորմալ սեռական գործունեության ժամանակաշրջանից հետո:
- Ընդհանրացված՝ հակառակ իրավիճակայինի. ընդհանրացված ուշացած սերմնաժայթքումը չի սահմանափակվում որոշակի սեռական գործընկերներով կամ որոշակի տեսակի խթանմամբ: Իրավիճակային ուշացած սերմնաժայթքումը տեղի է ունենում միայն որոշակի հանգամանքներում կամ իրավիճակներում:
Այսպիսի դասակարգումն օգնում է ախտորոշել հիմքում ընկած պատճառը և որոշել, թե որն է ամենաարդյունավետ բուժումը:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք ուշացած սերմնաժայթքման խնդիր, առաջին հերթին պետք է դիմել ձեր ընտանեկան բժշկին: Դիմեք նրան, եթե՝
- ուշացած սերմնաժայթքումը ձեզ կամ ձեր սեռական զուգընկերոջ համար դարձել է խնդիր
- ունեք այլ առողջական խնդիր կամ ընդունում եք դեղամիջոցներ, որոնք կարող են կապված լինել ուշացած սերմնաժայթքման հետ
- ուշացած սերմնաժայքումից բացի ունեք նաև այլ ախտանիշներ, որոնք կարող են միմյանց հետ կապված լինել կամ չլինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024