Նորմալ հղիության ժամանակ ձվաբջիջը սպերմատոզոիդով բեղմնավորվում է արգանդափողերից կամ ֆալոպյան փողերից մեկնումեկում, որից հետո տեղափոխվում և ներդրվում է արգանդի լորձաթաղանթի հաստության մեջ, որտեղ էլ սկսում է զարգանալ ու աճել:
Արտաարգանդային հղիության ամենատարածված տեսակը՝ փողային հղիությունը տեղի է ունենում, երբ ֆալոպյան փողի վնասման պատճառով (բորբոքում կամ ձևախեղում) բեղմնավորված ձվաբջիջը չի հասնում արգանդ, այլ ներդրվում է իր բնական տեղից (արգանդից) դուրս՝ արգանդափողում: Հորմոնային շեղումները կամ բեղմնավորված ձվաբջջի՝ պտղաձվի ոչ նորմալ զարգացումը նույնպես կարող են դեր խաղալ:
Ավելի հազվադեպ արտաարգանդային հղիությունն առաջանում ձվարանում, որովայնի խոռոչում կամ արգանդի վզիկում՝ արգանդը հեշտոցին միացնող խողովակում:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կամ իրավիճակներ կարող են արտաարգանդային հղիությունը դարձնել ավելի հավանական:
- Նախկինում արտաարգանդային հղիություններ. եթե անցյալում ունեցել եք արտաարգանդային հղիություն, ապագայում նման վիճակի առաջացման ռիսկը բարձրանում է:
- Բորբոքում կամ վարակ. սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինչպիսիք են գոնորեան կամ քլամիդիան, կարող են առաջացնել փողերի և հարակից օրգանների բորբոքում և բարձրացնել արտաարգանդային հղիության զարգացման ռիսկը:
- Անպտղության բուժումներ. որոշ հետազոտություններ վկայում են, որ արտամարմնային (in vitro) բեղմնավորման կամ համանման բուժումները կարող են բարձրացնել արտաարգանդային հղիության հավանականությունը: Անպտղությունն ինքնին նույնպես կարող է բարձրացնել ռիսկը:
- Արգանդափողերի վիրահատություն. փակ կամ վնասված ֆալոպյան փողերի կապակցությամբ կատարված վիրահատական միջամտությունները կարող են մեծացնել արտաարգանդային հղիության ռիսկը:
- Բեղմնականխման միջոցներ. ներարգանդային միջոցների օգտագործման դեպքում հղիանալու հնարավորությունը խիստ փոքր է: Այնուամենայնիվ, եթե ներարգանդային պարույր (ՆԱՊ) օգտագործելիս հղիացել եք, արտաարգանդային հղիության ռիսկը բարձրացնում է: Նույն կերպ, արտաարգանդային հղիության հավանականությունը մեծ է, երբ փողերը կարելու միջամտությունից հետո, այնուամենայնիվ, զարգացել է հղիություն:
- Ծխախոտի օգտագործում. հղիանալուց անմիջապես առաջ ծխախոտի օգտագործումը նույնպես կարող է մեծացնել արտաարգանդային հղիության ռիսկը։ Ընդ որում, որքան շատ եք ծխում, այդքան ռիսկն աճում է։
Այնուամենայնիվ, դեպքերի գրեթե կեսի ժամանակ արտաարգանդային հղիության որևէ հստակ ռիսկի գործոն չի հաջողվում հայտնաբերել:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-08-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024