Գրադարան
Արտաարգանդային հղիություն. ախտանիշներ

2 րոպե
Արտաարգանդային հղիությունը վաղ շրջանում կարող է որևէ գանգատ կամ նշան չառաջացնել:
Այնուամենայնիվ, արտաարգանդային հղիությամբ որոշ կանայք նշում են հղիության սովորական վաղ նշաններ՝ հերթական դաշտանի բացակայություն, կրծքագեղձերի ցավոտություն և սրտխառնոց:
Երբ բեղմնավորված ձվաբջիջը սկսում է աճել ոչ ճիշտ տեղում, ախտանիշները դառնում են ավելի զգալի, հատկապես 4-12 շաբաթական հղիության ընթացքում:
Արտաարգանդային հղիության վաղ նախազգուշական նշանները
Հաճախ արտաարգանդային հղիության առաջին նախազգուշական նշանը թույլ հեշտոցային արյունահոսությունն է և կոնքային ցավը՝ սովորաբար մի կողմից և սուր, բութ կամ կծկանքային բնույթի։
Եթե արյունն արտահոսում է արգանդափողից (ֆալոպյան փողից), հատկապես պառկած վիճակում կարող է ի հայտ գալ ուսագոտու (ուսաեզրի) ցավ կամ աղիքները դատարկելու կտրուկ ցանկություն: Այլ գանգատներն ու նշանները կախված են այն հանգամանքից, թե որտեղ է կուտակվում արյունը և որ նյարդերն են գրգռվում:
Անհետաձգելի նշաններ
Եթե բեղմնավորված ձվաբջիջը շարունակում է աճել ֆալոպյան փողում, վերջինս կարող է պատռվել: Նման իրավիճակում որովայնի խոռոչում կարող է սկսվել առատ արյունահոսություն: Կյանքին սպառնացող այսպիսի վիճակի ախտանիշներից են ուշագնացության հանկարծակի զգացումը կամ ուշագնացությունը, ինչպես նաև արյան սուր կորստով պատճառված շոկը:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք արտաարգանդային հղիության գանգատներից կամ ախտանիշներից մեկնումեկը, ինչպիսիք են՝
- որովայնային կամ կոնքային սուր ցավ, որն ուղեկցվում է հեշտոցային արյունահոսությամբ
- ուշագնացության զգացում կամ ուշագնացություն
- ուսագոտու շրջանի ցավեր:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-08-2021 վերանայվել է՝ 01-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: