Գինեկոլոգիական ներզննումը կարող է բժշկին օգնել, որ հստակեցնի ցավի շրջանը, հայտնաբերի ցավոտ շրջաններ, ֆալոպյան փողում կամ ձվարանում որևէ ծավալային գոյացություն:
Այնուամենայնիվ, միայն ներզննման կամ առկա գանգատների վրա հիմնվելով արտաարգանդային հղիության ախտորոշումը խիստ դժվար է, քանի որ վերջինս կարող է նմանվել այլ հիվանդություններին և վիճակներին: Ախտորոշումը հաստատելու համար ձեր բժիշկը սովորաբար նշանակում է արյան թեստեր և գերձայնային հետազոտություն:
Հղիության թեստ
Բժիշկը կարող է նշանակել արյան մեջ մարդու խորիոնային գոնադոտրոպինի (HCG) որոշման թեստ, որը կարող է հաստատել հղիության փաստը։ Այս հորմոնի մակարդակները հղիության ընթացքում բարձրանում են: Թեստը կարող է կրկնվել մի քանի օրը մեկ՝ քանի դեռ գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) չի հաստատել կամ ժխտել արտաարգանդային հղիությունը:
Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)
Ներհեշտոցային (տրանսվագինալ) կամ որովայնային գերձայնային հետազոտությունը ձեր բժշկին հնարավորություն է տալիս տեսնել հղիության հստակ տեղակայումը: Այն օգտագործում է ձեր առողջության համար անվտանգ բարձր հաճախականության ձայնային ալիքներ:
Այլ արյան թեստեր
Բժիշկը նաև կարող է նշանակել արյան ընդհանուր քննություն (CBC), որ հայտնաբերի սակավարյունությունը (անեմիան) կամ արյան կորստի այլ նշաններ: Եթե արտաարգանդային հղիության առկայությունը հաստատվել է, ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել արյան խմբի և ռեզուս պատկանելիության որոշման թեստ, որ նախապատրաստի հնարավոր արյան փոխներարկման կամ անհետաձգելի վիրահատական միջամտությունը։
Հոդվածը հրապարակվել է՝ 05-08-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024