Skip to main content

Բուժում - Արտաարգանդային հղիություն

Բեղմնավորված ձվաբջիջը չի կարող նորմալ զարգանալ արգանդից դուրս:

Կյանքին սպառնացող բարդությունները կանխելու համար անհրաժեշտ է հեռացնել արտարգանդային հյուսվածքը: Կախված ձեր ախտանիշներից և նրանից, թե երբ է ձեր արտաարգանդային հղիությունը հայտնաբերվել, դա կարող է արվել դեղորայքի, լապարոսկոպիկ վիրահատության կամ որովայնային վիրահատության միջոցով:

Դեղեր

Վաղ արտարգանդային հղիությունը, առանց անկայուն արյունահոսության, առավել հաճախ բուժվում է Մետոտրեքսատ կոչվող դեղամիջոցով, որը դադարեցնում է բջիջների աճը և ոչնչացնում առկա բջիջները: Դեղորայքը տրվում է ներարկմամբ։ Շատ կարևոր է, որ արտարգանդային հղիության ախտորոշումը հաստատվի մինչև այս բուժումը ստանալը:

Ներարկումից հետո ձեր բժիշկը կնշանակի ևս մեկ մարդու խորիոնային գոնադոտրոպինի (HCG) թեստ՝ որոշելու, թե որքան լավ է բուժումն ազդում, և արդյոք ձեզ ավելի շատ դեղորայք է հարկավոր:

Լապարոսկոպիկ միջամտություններ

Սալպինգոստոմիան և սալպինգէկտոմիան երկու լապարոսկոպիկ վիրահատություններ են, որոնք օգտագործվում են արտաարգանդային հղիության որոշ դեպքերի բուժման համար: Այս միջամտությունների ժամանակ որովայնի հատվածում՝ մոտ կամ պորտի մեջ փոքր կտրվածք է արվում: Այնուհետև, ձեր բժիշկը օգտագործում է բարակ խողովակ, որը հագեցած է տեսախցիկով և լույսով (լապարոսկոպ) արգանդափողի շրջանը դիտելու համար:

Սալպինգոստոմիայի ժամանակ արտաարգանդային հղիությունը հեռացվում է առանց արգանդափողը հեռացվելու: Վերջինս պահպանվում է ինքնուրույն բուժվելու համար: Սալպինգէկտոմիայի ժամանակ հեռացվում են ինչպես արտաարգանդային հղիությունը, այնպես էլ արգանդափողը:

Այն, թե որ միջամտությունը ձեր դեպքում կառաջարկվի, կախված է արյունահոսության և վնասի քանակից և նրանից, թե արդյոք ձեր արգանդափողը պատռվել է: Ձեր վիրաբույժը նաև հաշվի կառնի այն, թե արդյոք ձեր մյուս արգանդափողը նորմալ է կամ արդյոք նախկինում վնասվելու նշաններ է ցույց տվել:

Շտապ կամ անհետաձգելի վիրահատություն

Եթե ​​արտարգանդային հղիությունը ուժեղ արյունահոսություն է առաջացնում, կարող է անհրաժեշտ լինել շտապ վիրահատություն: Սա կարելի է անել լապարոսկոպիկ եղանակով կամ որովայնի կտրվածքի միջոցով (լապարոտոմիա): Որոշ դեպքերում արգանդափողը կարող է փրկվել: Սակայն, որպես կանոն, պատռված խողովակը հեռացվում է:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-08-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024