Արտաարգանդային հղիություն
Արտաարգանդային հղիությունն այն վիճակն է, երբ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է արգանդից դուրս, սովորաբար ֆալոպյան փողերից մեկնումեկում:
Սա նշանակում է, որ արտաարգանդային տեղակայման ձվաբջիջը և ավելի ուշ՝ սաղմը չեն կարողանում նորմալ զարգանալ: Մասնավորապես, ֆալոպյան փողը չի կարող փոխարինել արգանդին և չի կարող ձգվել այնպես, ինչպես արգանդն է ձգվում երեխայի աճին զուգընթաց: Ցավոք, արտաարգանդային հղիությունը կանխորոշել կամ կանխարգելել հնարավոր չէ:
Մեծամասամբ ձվաբջիջը ամրանում է արգանդափողերում. սա նաև կոչվում է փողային հղիություն (90%), սակայն հազվադեպ հանդիպում են նաև դեպքեր, երբ արտաարգանդային հղիությունը զարգանում է որովայնի խոռոչում, ձվարաններից մեկնումեկում կամ անգամ արգանդի պարանոցում (վզիկ) կամ ցերվիկալ օղում:
Արտաարգանդային հղիությունը միայն հազվադեպ է ընթանում առանց որևէ նշանի և հայտնաբերվում հղիության լաբորատոր հետազոտությամբ: Առավել հաճախ նման իրավիճակն ուղեկցվում է մի շարք գանգատներով և այլ նշաններով, որոնք ակնհայտ են դառնում հատկապես 4-12 շաբաթական հղիության ընթացքում: Անկախ ձևից, արտաարգանդային հղիությունն ուղեկցվում է նաև նորմալ հղիության բոլոր նախանշաններով՝ դաշտանադադար, կրծքագեղձերի մեծացում, սրտխառնոց, համի և հոտի զգայությունների փոփոխություններ:
Արտաարգանդային հղիությունը պահանջում է հնարավորինս վաղ ախտորոշում և բուժում, այլապես կարող է զարգանալ կնոջ կյանքի համար վտանգավոր արյունահոսություն: Միևնույն ժամանակ, վաղ ախտորոշումը և բուժումը թույլ է տալիս պահպանել ֆալոպյան այն փողը, որտեղ զարգացել է սաղմը:
Արտաարգանդային հղիության ախտանիշները
Աջ կամ ձախ կողմից որովայնի ցավեր. դուք կարող եք զգալ սուր, բութ կամ կծկումային ցավեր, տիպիկ դեպքերում՝ մի կողմից և որովայնի ստորին շրջաններում: Եթե որովայնի խոռոչում առկա է արյունահոսություն, ցավը կարող է ճառագայթել դեպի ուսի, բազկի շրջան:
Հեշտոցային արյունահոսություն. այս արյունահոսությունը պետք չէ շփոթել սովորական դաշտանի հետ: Հեշտոցից արյունահոսությունը կարող է կրկնվել՝ սկսվել և դադարել, ըստ գույնի լինել բաց կամ մուգ կարմիր, երբեմն՝ նաև շագանակագույն:
Ուսաեզրի ցավեր (ուսի այն կողմնային եզրը, որտեղից «սկսվում» է ձեռքը). դեռևս լիարժեք պարզաբանված չէ, թե ինչու են այս ցավերն առաջանում, հատկապես պառկած վիճակում, սակայն այս գանգատը սովորաբար վկայում է ներքին արյունահոսության առկայության մասին (հավանաբար ստոծանիական նյարդի գրգռման պատճառով):
Աղիքային ցավեր. սրանք ի հայտ են գալիս հատկապես միզելիս կամ աղիները դատարկելիս:
Փորլուծություն և սրտխառնոց. այս նշանների առկայությունը կարող է կնոջ կողմից սխալմամբ մեկնաբանվել որպես ստամոքս-աղիքային հիվանդության առկայություն: Ահա թե ինչու չի կարելի զբաղվել ինքնաախտորոշմամբ կամ առավել ևս ինքնաբուժմամբ:
Ինչպե՞ս է արտաարգանդային հղիությունն ախտորոշվում
Արտաարգանդային հղիությունը դժվար է ախտորոշել՝ ելնելով միայն գանգատներից, որոնք կարող են նմանվել այլ հիվանդությունների և վիճակների ժամանակ զարգացող ախտանիշներին:
Ուստի, արտաարգանդային հղիություն կասկածելիս բժիշկը սովորաբար նշանակում է մի շարք լրացուցիչ հետազոտություններ, այդ թվում՝
- հեշտոցային (տրանսվագինալ) սոնոգրաֆիա
- արյան որոշ հետազոտություններ
- ախտորոշիչ լապարոսկոպիա:
Ինչպե՞ս է արտաարգանդային հղիությունը բուժվում
Եթե արտաարգանդային հղիությունը հայտնաբերվում է վաղ փուլում, ապա բժիշկը կարող է նշանակել դեղեր (օրինակ՝ մետոտրեքսատ), որ ընդհատի բեղմնավորված ձվաբջջի զարգացումը: Որոշ դեպքերում, երբ ձվաբջիջն ինքնուրույն մահանում է, գործը դեղորայքային միջամտության չի հասնում:
Ավելի ուշ փուլերում հայտնաբերելիս արտաարգանդային հղիությունը պահանջում է վիրահատական միջամտություն, որի նպատակը սաղմի հեռացումն է, քանի որ հակառակ դեպքում զարգացող և մեծացող սաղմը կարող է հանգեցնել ֆալոպյան փողի պատռվելուն և պատճառել սուր արյունահոսություն:
Պատռված ֆալոպյան փողի նշաններն են՝
- հանկարծակի, սուր և կտրուկ որովայնային ցավեր
- ուշագնացության զգացում և գլխապտույտ
- նողկանքի զգացում կամ փսխումներ
- փորլուծություն
- ուսաեզրի ցավեր։
Ֆալոպյան փողի պատռվածքը անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակ է: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ զանգել 1-03 և հրավիրել շտապբուժօգնություն:
Ինչո՞ւ է արտաարգանդային հղիությունը տեղի ունենում
Նորմալ հղիության ժամանակ ձվաբջիջը սպերմատոզոիդով բեղմնավորվում է ֆալոպյան փողերից մեկնումեկում, որից հետո տեղափոխվում և ներդրվում է արգանդի լորձաթաղանթի հաստության մեջ, որտեղ էլ սկսում է զարգանալ ու աճել:
Արտաարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում է իր բնական տեղից՝ արգանդից դուրս, ավելի հաճախ՝ մնում արգանդափողում: Նման շեղման հիմնական պատճառը բուն ֆալոպյան փողի ախտահարման կամ ոչ նորմալ գործունեության արդյունք է:
Ավելի հազվադեպ արտաարգանդային հղիությունը տեղի է ունենում ձվարանում, որովայնի խոռոչում կամ արգանդի պարանոցում:
Դեպքերի մեծ մասի ժամանակ հստակ հայտնի չէ, թե ինչու է կնոջ մոտ զարգանում արտաարգանդային հղիություն: Որոշ դեպքերում պատճառը կարող է լինել անատոմիական՝ փողերի նեղացում կամ արգելափակում:
Այնուամենայնիվ, կան արտաարգանդային հղիության առաջացման ռիսկը բարձրացնող որոշ հիվանդություններ, օրինակ՝
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ (ՓԿՕԲՀ)՝ կանացի վերարտադրողական համակարգի վարակային հիվանդություններ, սովորաբար՝ քլամիդիա
- ծխախոտի օգտագործում
- անցյալում արտաարգանդային հղիության դեպքեր
- անցյալում ֆալոպյան փողերի վրա վիրահատական միջամտություններ, ինչպես նաև իգական ամլացման միջոցառումներ (օրինակ՝ փողերի կապում)
- անպտղության բուժում
- ներարգանդային պարույրի առկայության պայմաններում հղիության առաջացում
- հղիության առաջացում միայն պրոգեստոգենային հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու դեպքում
- էնդոմետրիոզի առկայություն
- մեծ, հատկապես 35-40-ից բարձր տարիքում հղիություն։
Այնուամենայնիվ, դեպքերի գրեթե կեսի ժամանակ արտաարգանդային հղիության որևէ հստակ ռիսկի գործոն չի հաջողվում հայտնաբերել:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021