Առողջական խնդիրներ
Էնդոմետրիոզ

2 րոպե
Էնդոմետրիոզը զարգանում է, երբ արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) սկսում է աճել արգանդից դուրս շրջաններում։
Էնդոմետրիոզը հարաճուն ընթացքով քրոնիկ հիվանդություն է։ Այն հաճախ ուղեկցվում է ցավերով և այլ գանգատներով, որոնք արդյունավետ բուժման շնորհիվ կարող են մեղմանալ։
Ի՞նչն է էնդոմետրիոզի պատճառը
Էնդոմետրիոզի պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն։ Որոշ պատճառներից են՝
- դաշտանին ուղեկցող արյունը ոչ թե արգանդի պարանոցով և հեշտոցով հեռանում է օրգանիզմից, այլ հետադարձ կերպով մուտք է գործում ֆալոպյան փողեր և հայտնվում է փոքր կոնքում՝ իր հետ բերելով էնդոմետրիումի բջիջներ, որոնք էլ սկսում են աճել արգանդից դուրս
- ժառանգական գործոններ (էնդոմետրիոզով հարազատ ունենալը մինչև 10 անգամ բարձրացնում է ձեզ մոտ այս հիվանդության հավանականությունը)։
Այլ հնարավոր ռիսկի գործոններից են՝
- երկարատև և առատ դաշտաններ
- հաճախակի դաշտաններ կամ կարճ ցիկլեր
- 11 տարեկանից առաջ սկսված դաշտան
- մեծ տարիքում առաջին հղիություն
- իմունային համակարգի հետ կապված խնդիրներ
- մարմնի անբավարար կշիռ
- ալկոհոլի չարաշահում։
Էնդոմետրիոզի ախտանիշները
Էնդոմետրիոզի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝
- առատ կամ անկանոն դաշտան
- որովայնի կամ վերցայլքային ցավեր, որոնք նախորդում կամ ուղեկցում են դաշտանին, ի հայտ են գալիս սեռական հարաբերությունից հետո կամ զուգարանից օգտվելիս
- միջդաշտանային արյունահոսություն
- միզապարկից կամ աղիներից արյունահոսություն
- միզարձակության կամ աղիների գործունեության խանգարումներ
- վքնածություն (աղիների փքվածության զգացում)
- հոգնածության զգացում և տրամադրության անկում, հատկապես դաշտանի օրերին
- հղիանալու անկարողություն (անպտղություն):
Սակայն, ոչ միշտ է, երբ էնդոմետրիոզն ուղեկցվում է գանգատների առաջացմամբ։
Էնդոմետրիոզի ախտորոշումը
Էնդոմետրիոզն ախտորոշելու համար բժիշկը կզրուցի ձեզ հետ ձեր գանգատների և դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների մասին։ Ձեզ կարող է առաջարկվել լապարոսկոպիա՝ փոքր վիրահատություն, որի նպատակը որովայնի խոռոչում էնդոմետրիոզային հյուսվածքների հայտնաբերումն է։ Նման դեպքերում բժիշկը ձեզ կուղեգրի նաև գինեկոլոգի խորհրդատվության։
Էնդոմետրիոզի բուժումը
Էնդոմետրիոզը սովորաբար բուժվում է դեղերով կամ որոշ դեպքերում՝ վիրահատությամբ։ Բուժման տարբերակն ընտրվում է՝ ելնելով հետևյալ գործոններից՝
- ախտանիշների առկայություն և դրանց սաստկության աստիճան
- էնդոմետրիոզի ընթացքի ծանրություն
- կնոջ՝ ապագայում հղիանալու մտադրություն։
Էնդոմետրիոզի դեղորայքային բուժումը ներառում է հորմոնների և ցավամոքիչ դեղերի նշանակումը։ Բժշկի կողմից նշանակված հորմոնները կարող են որոշակիորեն նվազեցնել ցավային գանգատները և ընկճել էնդոմետրիոզային բջիջների աճը։ Սակայն հորմոններն ազդում են միայն դրանք ընդունելու ժամանակ, մինչդեռ հիվանդությունն ունի երկարատև՝ քրոնիկ ընթացք։
Էնդոմետրիոզի վիրահատական բուժման նպատակը որովայնի և կոնքի խոռոչներից էնդոմետրիոզային հյուսվածքները հեռացնելն է։ Կան վիրահատական տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ լապարոսկոպիան (երբ որովայնի պատին կատարվում է փոքր կտրվածք, որով ներմուծվում է լապարոսկոպը, որի միջոցով դիտվում է որովայնի կամ կոնքի խոռոչները և հայտնաբերվում ու հեռացվում էնդոմետրիոզային հյուսվածքները)։ Վիրահատական բուժումը կարող է զուգակցվել դեղերի հետ։
Էնդոմետրիոզի բուժմանը կարող են օժանդակել կնոջ քնի կարգավորումը, կանոնավոր ֆիզիկական վարժանքները և սթրեսի կառավարումը։
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2018 վերանայվել է՝ 02-05-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: