Skip to main content

Բուժում - Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզի բուժումը սովորաբար ներառում է դեղորայք կամ վիրահատություն:

Ձեր և ձեր բժշկի ընտրած մոտեցումը կախված կլինի նրանից, թե որքան ծանր են ձեր գանգատներն ու ախտանիշները և արդյոք հույս ունեք հղիանալու:

Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս նախ փորձել ոչ վիրահատական բուժման մոտեցումները կամ ընտրել վիրահատություն, եթե նախնական բուժումը ձախողվի:

Ցավազրկողներ

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ընդունել սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերից Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե), որոնք կօգնեն դաշտանային ցավոտ կծկանքների մեղմացմանը:

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հորմոնային թերապիա ցավազրկողների հետ միասին, եթե դուք չեք փորձում հղիանալ:

Հորմոնային թերապիա

Լրացուցիչ հորմոնները երբեմն արդյունավետ են էնդոմետրիոզի ցավը նվազեցնելու կամ վերացնելու համար: Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնների աճն ու անկումն առաջացնում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի իմպլանտների հաստացում, քայքայում և արյունահոսություն: Հորմոնային դեղամիջոցը կարող է դանդաղեցնել էնդոմետրիումի հյուսվածքի աճը և կանխել էնդոմետրիումի հյուսվածքի նոր իմպլանտների առաջացումը:

Հորմոնային թերապիան էնդոմետրիոզի մշտական լուծում չէ: Դուք կարող եք զգալ ձեր ախտանիշների կրկնությունը բուժումը դադարեցնելուց հետո:

Էնդոմետրիոզի բուժման համար օգտագործվող թերապիաները ներառում են հետևյալը:

  • Հորմոնային հակաբեղմնավորիչներ. ծննդաբերության հսկողության հաբերը, սպեղանիները և հեշտոցային օղակները օգնում են վերահսկելու այն հորմոնները, որոնք պատասխանատու են ամեն ամիս էնդոմետրիումի հյուսվածքի կուտակման համար: Շատերը հորմոնային հակաբեղմնավորիչ օգտագործելիս ունենում են ավելի թեթև և կարճ դաշտանային հոսք: Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը, հատկապես շարունակական ցիկլի ռեժիմները, որոշ դեպքերում կարող է նվազեցնել կամ վերացնել ցավը:
  • Գոնադոտրոպին-ազատող հորմոնի (Gn-RH) ագոնիստներ և անտագոնիսներ. այս դեղամիջոցները արգելափակում են ձվարանների խթանման հորմոնների արտադրությունը՝ իջեցնելով էստրոգենի մակարդակը և կանխելով դաշտանը: Սա հանգեցնում է էնդոմետրիումի հյուսվածքի կրճատմանը: Քանի որ այս դեղերը ստեղծում են արհեստական դաշտանադադար, էստրոգենի կամ պրոգեստինի ցածր չափաբաժին ընդունելը Gn-RH ագոնիստների և հակառակորդների հետ միասին կարող է նվազեցնել դաշտանադադարի կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ջերմահորդանքները, հեշտոցային չորությունը և ոսկրային կորուստը: Դաշտանները և հղիանալու ունակությունը վերադառնում են, երբ դադարեցնեք դեղորայքի ընդունումը:
  • Պրոգեստինային թերապիա. բազմաթիվ պրոգեստինային թերապիաներ, ներառյալ Լևոնորգեստրելով (Միրենա, Սկիլա) ներարգանդային սարքը , հակաբեղմնավորիչ իմպլանտը (Նեքսպլանոն), հակաբեղմնավորիչ ներարկումը (Դեպո-Պրովերա) կամ պրոգեստինային հաբերը (Կամիլա), կարող են դադարեցնել դաշտանները և էնդոմետրիումի իմպլանտների աճը, որմ իր հերթին կարող է թեթևացնել էնդոմետրիոզի գանգատներն ու ախտանիշները:
  • Արոմատազի արգելակիչներ (ինհիբիտորներ). արոմատազի ինհիբիտորները դեղերի դաս են, որոնք նվազեցնում են ձեր օրգանիզմում էստրոգենի քանակը: Ձեր բժիշկը էնդոմետրիոզի բուժման համար կարող է խորհուրդ տալ արոմատազի ինհիբիտորի հետ միասին Պրոգեստին կամ համակցված հորմոնային հակաբեղմնավորիչ:

Պահպանողական (կոնսերվատիվ) վիրահատություն

Եթե ունեք էնդոմետրիոզ և փորձում եք հղիանալ, էնդոմետրիոզի իմպլանտները հեռացնելու վիրահատությունը՝ պահպանելով ձեր արգանդը և ձվարանները (պահպանողական վիրահատություն) կարող է մեծացնել հաջողության ձեր հնարավորությունները: Եթե ունեք էնդոմետրիոզային ուժեղ ցավ, նույնպես կարող եք օգուտ քաղել այս վիրահատությունից, սակայն էնդոմետրիոզը և ցավը կարող են կրկնվել:

Ձեր բժիշկը կարող է այս միջամտությունը կատարել լապարոսկոպիկ եղանակով կամ, ավելի հազվադեպ, որովայնային ավանդական վիրահատության միջոցով՝ ավելի լայնածավալ դեպքերում: Նույնիսկ էնդոմետրիոզի ծանր դեպքերում, կանանց մեծ մասը կարող է բուժվել լապարոսկոպիկ վիրահատության միջոցով:

Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակ ձեր վիրաբույժը ձեր պորտին հարակից փոքր կտրվածքով տեղադրում է բարակ դիտող գործիք (լապարոսկոպ) և գործիքներ՝ հեռացնելու էնդոմետրիալ հյուսվածքը մեկ այլ փոքր կտրվածքի միջոցով: Վիրահատությունից հետո ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հորմոնային թերապիա, որը կօգնի ցավի մեղմացմանը:

Անպտղության բուժում

Էնդոմետրիոզը կարող է հանգեցնել հղիության դժվարությունների: Եթե դժվարանում եք հղիանալ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ պտղաբերության բուժում՝ պտղաբերության մասնագետի հսկողության ներքո: Պտղաբերության բուժումը տարբերվում է՝ սկսած ձեր ձվարանների խթանումից՝ ավելի շատ ձվաբջիջներ ստեղծելու համար մինչև արտամարմնային բեղմնավորում: Թե որ բուժումն է ճիշտ ձեզ համար, կախված է ձեր կոնկրետ իրավիճակից:

Հիստերէկտոմիա՝ ձվարանների հեռացմամբ

Արգանդի հեռացման վիրահատությունը (հիստերէկտոմիա) և ձվարանների հեռացումը (օոֆորէկտոմիա) ժամանակին համարվում էր էնդոմետրիոզի ամենաարդյունավետ բուժումը: Սակայն էնդոմետրիոզի մասնագետները հեռանում են այս մոտեցումից՝ փոխարենը կենտրոնանալով էնդոմետրիոզային բոլոր հյուսվածքների զգույշ և մանրակրկիտ հեռացման վրա:

Ձվարանների հեռացումը հանգեցնում է դաշտանադադարի: Ձվարանների կողմից արտադրվող հորմոնների պակասը կարող է ոմանց մոտ բարելավել էնդոմետրիոզի ցավը, սակայն մյուսների մոտ էնդոմետրիոզը, որը մնում է վիրահատությունից հետո, շարունակում է ախտանիշներ առաջացնել: Վաղ դաշտանադադարը նաև պարունակում է սրտի և արյունատար անոթների (սրտանոթային) հիվանդությունների, որոշակի նյութափոխանակության վիճակների և վաղաժամ մահվան ռիսկ:

Արգանդի հեռացումը (հիստերէկտոմիա) երբեմն կարող է օգտագործվել էնդոմետրիոզի հետ կապված գանգատների և ախտանիշների բուժման համար, ինչպիսիք են ուժեղ դաշտանային արյունահոսությունը և ցավոտ դաշտանները՝ արգանդի կծկանքների պատճառով, նրանց մոտ, ովքեր չեն ցանկանում հղիանալ: Նույնիսկ երբ ձվարանները մնացել են տեղում, հիստերէկտոմիան դեռ կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա, հատկապես, եթե դուք վիրահատություն եք կատարել մինչև 35 տարեկանը:

Բժիշկ գտնելը, ում հետ ձեզ հարմարավետ եք զգում, կարևոր է էնդոմետրիոզը կառավարելու և բուժելու համար: Դուք կարող եք ստանալ երկրորդ կարծիք ցանկացած բուժում սկսելուց առաջ, որ համոզվեք, որ դուք տեղյակ եք և հստակ պատկերացնում եք ձեր բոլոր տարբերակները և հնարավոր արդյունքները:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024